Միյատովիչը կոչ է արել օգնել արցախցիներին․ նա կայցելի Հայաստան

Միյատովիչը կոչ է արել օգնել արցախցիներին․ նա կայցելի Հայաստան

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը շուտով կայցելի Հայաստան։ Պաշտոնյան այդ մասին հայտարարություն է տարածել և նշել, որ ուշադիր հետևում է ԼՂ–ի շուրջ տեղի ունեցող և արագ փոփոխվող իրավիճակին։

Միյատովիչն Ադրբեջանի կառավարությանը հորդորել է երաշխավորել Ղարաբաղում մնացած էթնիկ հայերի անվտանգությունն ու մարդու իրավունքները, այդ թվում` հավասար վերաբերմունքի և բռնությունից, ահաբեկումից և ատելությունից պաշտպանվելու իրավունքները:

«Կարևոր է ապահովել մարդասիրական օգնություն տրամադրողների և մարդու իրավունքների միջազգային առաքելությունների ազատ և անարգել մուտքը բոլոր շրջաններ: Այս առումով ի գիտություն եմ ընդունում վերջերս Ղարաբաղի տարածաշրջանում ՄԱԿ-ի առաքելության մասին տեղեկությունը։ Որպես մարդու իրավունքների հանձնակատար՝ ես կշարունակեմ գործակցել Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան կողմերի հետ` օգնելու լուծել մարդու իրավունքների առկա մարտահրավերները»,- ասել է Միյատովիչը:

Նա ողջունել է Հայաստանի իշխանությունների` բոլոր կարիքավորներին պաշտպանելու և օգնություն ցուցաբերելու ջանքերը՝ ՄԱԿ Փախստականների հարցերով հանձնակատարի գրասենյակի, ՄԱԿ-ի այլ գործակալությունների և քաղաքացիական հասարակության աջակցությամբ:

«Այնուամենայնիվ, անհրաժեշտ է ավելի շատ աջակցություն, որպեսզի բոլոր մարդկանց կարիքները վաղ բացահայտվեն և պատշաճ կերպով լուծվեն: Ուստի Եվրոպայի խորհրդի անդամ երկրներին կոչ եմ անում դրսևորել համերաշխություն և անհապաղ ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն»,- ընդգծել է Միյատովիչը։