Խամաճիկային պետության ղեկավարը խաղում է տիկնիկի դեր՝ ներկայացնելով իր օտարերկրյա դաստիարակների շահը
Խամաճիկային պետությունը (ռուսերեն՝ Марионеточное государство, անգլերեն՝ Puppet State), մի այնպիսի քաղաքական միավոր է, որը թեև արտաքուստ դրսևորում է ինքնիշխան անկախության նշաններ, իրականում չունի իսկական ինքնավարություն և վերահսկվում է դրսից: Այս մասին իր էջում գրել է ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ինքնիշխանության» նման երևույթն ավելի շատ հիշեցնում է ստվերային թատրոն, որտեղ քաղաքական իշխանությունն ու առաջնորդները, ինչպես նաև պետական ինստիտուտները ստիպված են գործել արտաքին ուժերի ցուցումներով:
Քաղաքական ասպարեզում խամաճիկային պետությունը գործիք է, որը թույլ է տալիս իր տիկնիկավարներին գիտակցել իրենց ռազմավարական և տնտեսական շահերը։ Սեփական ճակատագիրը որոշելու փոխարեն, նա ստիպված է ենթարկվել այն ուժերի քաղաքականությանն ու որոշումներին, ովքեր իրականում տիրապետում են վերահսկողության ղեկին:
Խամաճիկային պետության ղեկավարները հաճախ խաղում են տիկնիկների (խամաճիկների) դեր՝ ներկայացնելով իրենց օտարերկրյա դաստիարակների շահերն ու կամքը։ Նրանց լիազորությունները գոյություն ունեն միայն այնքանով, որքանով թույլատրվում է իրենց հովանավորների կողմից: Նման պետությունները սովորաբար, պարտադրանքով ընդունում են որոշումներ, որոնք հակասում են ազգային շահերին, բայց համահունչ են արտաքին տիկնիկավարի ցանկություններին ու ռազմավարությանը։
Խամաճիկային պետությունը մի իսկական դրամատիկ պիես է քաղաքական թատերաբեմում, որտեղ անկախության պատրանքի համադրումն իրական կախվածության հետ ստեղծում է ինքնորոշվելու և սեփական ճակատագիրը տնօրինելու կարողությունից զրկված ժողովրդի ողբերգական պարադոքսը։ Իսկ վերջինիս հետ մեկտեղ տնտեսության անկումը, քաղաքական մշակույթի կորուստը և ավերված սոցիալական ինստիտուտները, ըստ էության, բացառում են երկրի վերականգնման ու զարգացման հնարավորությունները։
Խամաճիկային պետության ճակատագիրը գրեթե միշտ կանխոորշված ողբերգական է. այն խիստ հազվադեպ է վերադարձ կատարում գոյատևման սահմանագծից՝ հասնելով կայունության և բարգավաճման, քանի դեռ իրական անկախության ձեռքբերման շուրջ տեղի չի ունեցել ներքին համախմբում»:
Կարծիքներ