«Հրապարակ»․ Մինչեւ տիեզերքը գրավելը գոնե լվացքի մեքենա սարքեք․ ԲՏԱ նախարարի ճանաչողական այցը «հայկական ՆԱՍՍԱ»

«Հրապարակ»․ Մինչեւ տիեզերքը գրավելը գոնե լվացքի մեքենա սարքեք․ ԲՏԱ նախարարի ճանաչողական այցը «հայկական ՆԱՍՍԱ»

Ոչ մի բանից չենք ուզում հետ մնալ, անգամ աէրոտիեզերական ոլորտն ենք զարգացնում, սեփական ՆԱՍՍԱ ունենք՝ Հայկական աէրոտիեզերական գործակալություն, այդ նպատակով ստեղծված, որի հիմնադիրը տեսաբան ֆիզիկոս, ինժեներ, ամերիկաբնակ Մհեր Մեհրաբյանն է, ով 2020 թվականի պատերազմից հետո ընտանիքով եկավ Հայաստան։ 

Ավանդական իմաստով այդ ոլորտը ներառում է ինքնաթիռների, տիեզերական ապարատների, արբանյակների, այլ շարժական սարքավորումների արտադրություն կամ նախագծում, այդ արտադրանքի փորձարկումներ եւ այլն։ Հայաստանի համար առաջնայինն ԱԹՍ-ների արտադրությունն է, որոնք արդեն ունենք, բայց դեռ պետք է կատարելագործենք։  

ՀՀ բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը սեպտեմբերի 5-ին այցելել է Հայկական աէրոտիեզերական գործակալություն եւ տարբեր «անհասկանալի» բաներ է տեսել՝ գիտահետազոտական «ազատ» լաբորատորիա, «նանոլիտոգրաֆիկ համակարգ», ԱԹՍ-ների եւ այլ թռչող սարքերի համար նախատեսված աէրոդինամիկ խողովակ: Ասում են՝ տեսել է ու գնացել, որեւէ խոստում չտալով։ 

Նախարարի ճանաչողական այցի կապակցությամբ ԲՏԱ նախարարությունը հաղորդում է, որ Մխիթար Հայրապետյանին ներկայացվել է նաեւ «Էնջինդ ԱՄ» ընկերության գործունեությունը, որը պետք է 4 գործարան կառուցի, այդ թվում՝ միկրոէլեկտրոնիկայի արտադրության համար: Վերջինս էլ իր աջակցությունն է հայտնել ընկերությանն այդ գործում։
Հնչում է որպես հեքիաթ, այս ամենին կարելի՞ է լուրջ վերաբերվել։ 

Ֆիզիկոս, Գիտության եւ առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի նախագահ Հարություն Կարապետյանը հավատում է աէրոտիեզերական հայկական ծրագրին։ «Մհեր Մեհրաբյանը Ստենֆորդի համալսարանն է ավարտել, լուրջ ֆիզիկոս է, եթե մտել է գործի մեջ, ես չեմ կասկածում, որ այդ ամենը լուրջ է։ Ես կարծում եմ, որ Հայաստանը կարող է իր որակյալ դրոններն ունենալ, ինչ կստացվի, Աստված գիտի, բայց տեսնո՞ւմ եք՝ Ուկրաինան ինչ է անում։ Նա արդեն այնպիսի դրոններ է արտադրում, որ ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ Ռւսաստանն ունեն, որովհետեւ մեծ պոտենցիալ ուներ, երեք ավիացիոն գործարան ուներ խորհրդային ժամանակ, եւ գիտական ներուժը կար։  Հայաստանն էլ կարող է նույնն անել»,- ասում է Հարություն Կարապետյանը։ 

Ֆիզիկոսների շրջանում հակառակ կարծիքներ էլ կան։ Հավատո՞ւմ եք, որ մենք երբեւիցե ինքնաթիռներ կարտադրենք կամ գոնե հնդկականի որակի ԱԹՍ-ներ։ Ֆիզիկոս, Թայվանի ակադեմիայի ֆիզիկայի ինստիտուտի աշխատակից Սասուն Գեւորգյանը հարցով է պատասխանում․ «Հարցրեք՝ սովորական ասեղ կարո՞ղ ենք սարքել։ Դանակ, հասարակ որակյալ դանակ Հայաստանը կարո՞ղ է արտադրել, ի՞նչ ԱԹՍ, ի՞նչ պուլեմյոտ, ի՞նչ բան։ Ուրիշ հանգամանքներում կասեի, որ մինչեւ տիեզերքը գրավելը գոնե մի հատ լվացքի մեքենա սարքեք՝ փոքր, մի երկու կիլո լվացքի համար, թող վատ լվա՝ ոչինչ։ Բայց երբ տեսա, որ ՀՀ բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն է ղեկավարում այս ամենը, արդեն հանգիստ եմ։ Գործը վստահելի պրոֆեսիոնալի ձեռքերում է։ Արբանյակն ի՞նչ է՝ հասարակ մի բան, սրանք դպրոցի հանդերձարանի կախիչ էլ կսարքեն»։ 

Մհեր Մեհրաբյանը Հայաստանում աէրոտիեզերական ոլորտը զարգացնելու իր մտադրության մասին հայտարարել էր 44-օրյա պատերազմից հետո, որին ինքը մասնակցեց, եւ որի ժամանակ մահացավ նրա որդին՝ ապագա աստրաֆիզիկոս Արենը։ 

Արենի անունով ստեղծված «Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամն այժմ աէրոտիեզերական ինժեներության անվճար դասեր է անցկացնում երիտասարդների համար եւ արդեն շրջանավարտներ ունի՝ եռաչափ մոդելավորման, ծրագրավորման, աէրոտիեզերական ինժեներության գծով։ 
Մենք չկարողացանք խոսել Մհեր Մեհրաբյանի հետ։ Նրա կինը՝ Սաթիկ Նաիրյանը, ով նույնպես Հայկական աէրոտիեզերական գործակալությունում է աշխատում, «Արեն Մեհրաբյան» հիմնադրամի համահիմնադիրն է։ 

Ինչքա՞ն պետք է զարգանանք, որ ստեղծենք զարգացած երկրների մակարդակի արտադրություն։ «Բոլորովին մենք հեռու չենք։ Խորհրդային տարիներին ունեցել ենք բավականին զարգացած աէրոտիեզերական ոլորտ, հայազգի մասնագետներ ունենք ե՛ւ ԱՄՆ-ում, ե՛ւ եվրոպական երկրներում, ե՛ւ «Ռոսմոսկոսմոսում» ունենք։ Մենք ընդամենը պետք է վերականգնենք այն, ինչ ունեցել ենք։ Ինչ վերաբերում է թռչող սարքերին, դրանք նորություն չեն, Հայաստանում վաղուց են պատրաստվում, բայց ես՝ ինքս, ավելի ստույգ ինֆորմացիա չունեմ»,- ասաց Սաթիկ Նաիրյանը։  

Նախարարի այցի մասին հարցրինք․ արդյո՞ք ԲՏԱ նախարարությունն իրենց աջակցություն է ցուցաբերում։ «Ոչ, մեզ աջակցություն չի ցուցաբերում, բայց 2021 թվականին մենք դրամաշնորհ ենք շահել՝ տիեզերքի զարգացման համար»։ 

- Այլ աջակցություն եղե՞լ է։ 

- Ոչ։ 

-Իսկ նախարարն ինչո՞ւ էր եկել։ 

- Զուտ ծանոթացման կարգով։ Առաջին անգամ էր գալիս։ 

Մհեր Մեհրաբյանի եղբայրը՝ Արամ Մեհրաբյանը, ավելի հայտնի է հայ հանրությանը։ Նա «Էպիգրաֆ» գրախանութների սեփականատերն է, Դիլիջանի «Այբ» դպրոցի տնօրենը, նաեւ՝ «Փրինտինֆո» հրատարակչության սեփականատերը։