«Հրապարակ». Եթե գործ հարուցվի, մեղադրյալի աթոռին կհայտնվի Փաշինյանը

Իշխանական պատգամավորների մի խումբ՝ Նիկոլ Փաշինյանից ավելի «կաթոլիկները», սրտատրոփ սպասում են, թե երբ է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը խորհրդարանին միջնորդություն ներկայացնելու ՔՊ-ից վերջերս վտարված պատգամավոր Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով, որպեսզի կալանավորեն Աղազարյանին, ու դա դաս դառնա մյուսների համար, որ իրենց էլ նույն ճակատագիրն է սպասվում, եթե չենթարկվեն Նիկոլ Փաշինյանին եւ անմռունչ ուսապարկի գծից մի միլիմետր շեղվեն։ Քիչ է ասել, թե այս խումբը սպասում է դատախազի այցին, անգամ պատմում են, որ գործուն քայլեր են իրականացնում այդ ուղղությամբ: Մասնավորապես, նստել են Նիկոլ Փաշինյանի ականջին ու պահանջում են, որ վճռական լինի, արագացնի այդ պրոցեսները, եւ ոչ միայն Աղազարյանը, այլեւ կուսակցության «այիբները» բացահայտող մյուսներն էլ անարգանքի սյունին գամվեն ու պատժվեն: Այս թեւում, ի դեպ, գերակշռում են արեւմտամետ սորոսականները։
Իհարկե, Նիկոլ Փաշինյանը բոլորից շատ է ուզում օր առաջ Աղազարյանին պատժել-ոչնչացնել, հասկանում է, որ Աղազարյանի օրինակը կարող է վարակիչ դառնալ եւ վերջնականապես քանդել իշխանությունը ներսից, որովհետեւ դա կարող է վերածվել ապստամբության։
Բայց փաստ է, որ Հովիկ Աղազարյանին ո՛չ որդու քրեական գործով միջնորդության, ո՛չ ոչխարների հայտնի քրեական գործերով, ո՛չ անձնական կյանքի մասին հրապարակումներով, ո՛չ էլ այլ սպառնալիքներով չկարողացան ծնկի բերել: Հիմա փորձում են պետական գաղտնի ինֆորմացիա հրապարակելու գործով նրան պատին դեմ տալ եւ լուրեր են տարածում, թե դատախազն այդ գործով առաջիկա օրերին մտնելու է խորհրդարան, որպեսզի Աղազարյանը վախենա այդ հեռանկարից եւ ի վերջո կամովին հրաժարվի մանդատից։
Եվ հենց այս նկատառումով էլ լուրեր են տարածում, թե արտահերթ նիստ է լինելու, դատախազը գալու է Աղազարյանի հետեւից: Մի քանի օր առաջ պատգամավորներին ասվել էր, թե դեկտեմբերի 19-ին արտահերթ նիստ է լինելու, սակայն օրեր անց փոխանցել են, որ գուցե 23-ին լինի այդ նիստը: Դրան զուգահեռ էլ՝ երկու օր առաջ հայտնի դարձավ, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով (Պետական գաղտնիք պարունակող տեղեկություն հրապարակելը)։
Սակայն անգամ իշխանության իրավաբաններն են հասկանում, որ այս վարույթով դատախազը չի կարող մտնել խորհրդարան, որովհետեւ կարող է Նիկոլ Փաշինյանի սրած բիզը հայտնվել իր համապատասխան տեղում, եւ եթե արդար դատաքննություն իրականացվի, ապա մեղադրյալի աթոռին հայտնվողը պետք է լինի ոչ թե պատգամավոր Հովիկ Աղազարյանը, այլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, քանի որ հենց նա է ինֆորմացիայի արտահոսքի հեղինակը, եթե, իհարկե, այդ ինֆորմացիան որեւէ պետական գաղտնիք է պարունակում։ Քանի որ եթե Աղազարյանին մեղադրում են պետական գաղտնի ինֆորմացիայի արտահոսքի մեջ, ապա պետք է նախ պարզեն, թե ինչ գաղտնիք է դա, ով է հայտնել պետական գաղտնիքը, որովհետեւ Աղազարյանը չէ այդ գաղտնիքը կրողը։
Մանավանդ՝ Հովիկ Աղազարյանը հայտնել է, որ ինքը որեւէ անգամ չի դիմել համապատասխան մարմիններին, որեւէ թուղթ չի ստորագրել եւ որեւէ պետական գաղտնիքի չի ծանոթացել, փոխարենը ՔՊ-ականներն իրենց հարցազրույցներում հայտնում են, թե իբր Աղազարյանը մամուլին է փոխանցել վարչապետի հայտնած գաղտնի ինֆորմացիաները: Այսինքն՝ եթե եղել է գաղտնի տեղեկատվություն, ապա հենց Փաշինյանն է այդ ինֆորմացիան փոխանցել մոտ 80 մարդու, որոնց չպետք է փոխանցեր: Օրենքն արգելում է տեղեկատվություն տարածել այն մարդուն, որը պաշտոնի կամ կարգավիճակի բերումով տիրապետում է այդ գաղտնիքին: Եվ եթե անգամ Փաշինյանը ծանոթանում է պետական գաղտնիքին, դա չի նշանակում, որ այն կարող է փոխանցել ուրիշներին։
Կարծիքներ