Մտադիր են բանկային գաղտնիքը ավելի մատչելի դարձնել՝ ընդլայնելով գաղտնալսվող անձանց ցանկը 

Մտադիր են բանկային գաղտնիքը ավելի մատչելի դարձնել՝ ընդլայնելով գաղտնալսվող անձանց ցանկը 

ՀՀ կառավարության նիստում քննարկվում է «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը, որը զեկուցում է արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը։ Վերջինս իր ելույթում ասաց, որ նախագծով առաջարկվում է կոռուպցիոն հանցագործությունների քննության ժամանակ առանձին դեպքերում հնարավորություն տալ նախաքննական մարմնին ստանալ  բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ առանց սուբյեկտային սահմանափակման։

Ավելի պարզ ասած՝ նախաքննական մարմնի համար մատչելի դարձնել որպես կասկածյալ և մեղադրյալ ներգրավված անձանցից բացի նաև այլ անձանց, այդ թվում, օրինակ, ընտանիքի անդամների կամ փոխկապակցված այլ անձանց ֆինանսական տվյալները, երբ առկա են բավարար տվյալներ, որ տվյալ անձինք մասնակցել, օժանդակել են հանցագործություն կատարելուն։ Այս նախագծով հնարավորություն է տրվելու նաև գաղտնալսել վերոնշյալ անձանց՝ իրենց ֆինանասական շարժերի մասին տեղեկանալու նպատակով։ 
Այս նախագիծը բավականին բուռն քննարկումների առիթ տվեց, և որոշ պաշտոնյաներ իրենց առարկությունները կամ դիտողությունները հայտնեցին գատղնալսման վերաբերյալ։

Մինչ այդ, սակայն, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրենք կա՛մ պայքարում են կոռուպցիայի դեմ, կա՛մ չեն պայքարում, ապա պատմեց մի դեպք, երբ իրենք իմացել են, որ իքս պաշտոնյան կամ նրա փեսան ապօրինի ձևով ձեռք բերված գույքը վաճառքի է հանել, որը ֆորմալ ձևակերպված է եղել այլ մարդու անունով, այդ գույքը վաճառվել է, իրենք իմացել են այդ մասին, որ գույքը վաճառվել է, և հետո այդ գումարը հանվելու է ՀՀ-ից դուրս, բայց քանի որ օրենսդրությամբ սահամանափակումներ են եղել, իրենք չեն կարողացել դա բացահայտել։ «Այսինքն՝ կա՛մ պետք է մենք շատ կոպիտ ապօրինի միջամտություններ անեինք, որի բացատրությունը հետո իրավական առումով շատ դժվար կլիներ, կամ էլ մենք պետք է լուռ հետևեինք, թե ոնց են թալանվածը թաքցնում»,-ասաց վարչապետը՝ նշելով, որ սա իրենց ամենակարևոր ինստիտուցիոնալ բարեփոխումներից մեկն է։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ նկատեց, որ եթե վարչապետի բերած օրինակով այդ գործարքը եղել է անկանխիկ՝ բանկային ճանապարհով, դա բացահայտվում է որևէ կերպ այդ տեղեկատվությունը։ Իսկ եթե կանխիկ եղանակով է լինում, ինստիտուցիոնալ ի՞նչ լուծում են տալիս։

Ի պատասխան՝ վարչապետը հումոր արեց, թե դրան շատ պարզ բացահայտում կա՝  պետավտոտեսչությունը կանգնեցնում է այն ֆուռը, որով տեղափոխում են այդ փողը, և շատ հեշտ բացահայտվում է։ 

«Հա, պարոն վարչապետ, շատ լուրջ բան եք ասում, որովհետև հակառակ դեպքում մենք գիտե՞ք ինչ ենք անում, ասում ենք՝ բանկային եղնանակով մի արեք, կանխիկ արեք, որը ավելի վատ է, ավելի մեծ կոռուպցիոն ռիսկեր են և ավելի քիչ բացահայտելի է»-կիսահեգնանքով նկատեց Մհեր Գրիգորյանը։

Վարչապետն էլ հասկացավ, որ երևի այն չէր իր ասածը ու խոստովանեց, թե հումոր է արել։ Ապա լրջացրեց հարցը՝ նշելով, որ այդ գումարը, եթե նույնիսկ բազմոցի մեջ պահած է, շատ ավելի հեշտ է, կարելի է խուզարկությամբ գնալ գտնել։ Եվ հիմա այս նախագծով կարգավորում են այն, որ եթե իրենք օրենքով իրավասու են գնալ «դոշակի» տակ պահած փողը խուզարկությամբ գտնել, ուրեմն պետք է իրավասություն ունենան նաև բանկային փոխանցումները բացահայտել՝ այդ փողը փոխանցե՞լ է, թե՞ ոչ։

Այստեղ վարչապետին օգնության հասավ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ փորձելով սխալ հանել Մհեր Գրիգորյանին, որ նրա մտահոգությունները կոնկրետ այս նախագծին այնքան էլ չեն առնչվում՝ հասկացնելով, որ «ընկեր վարչապետը միշտ ճիշտ է»։

«Այո, պարոն վարչապետ, ինչպես նկատեցիք, մենք ընդամենը այդ անկանխիկի հատվածն ենք կարգավորում, ընդ որում՝ Ձեր բերած օրինակը դրսևորումներից շատ փոքր դրսևորում էր բանկային գաղտնիքի անհրաժեշտության»-ասաց Արթուր Դավթյանը։

Վարչապետի «ճիշտը առաջ տանելու» գիծը փորձեց շարունակել  նաև Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը՝ նկատելով, որ բանկային գաղտնիքը շատ փխրուն թեմա է, և որ այս օրենքով հստակ կարգավորումներ են սահմանվել այս հարցով։

«Ես համարում եմ, որ էս օրենքում պրիամպուլայի մասն էր ավելի վտանգավոր, քան թե էս օրենքի կարգավորումները, որովհետև օրենքում հստակ կարագավորւմներ են գնացել։ Էդ իսնտիտուտը պահպանվում է՝ կասկածյալի և մեղադրյալի, ընդամենը դիսպոզիցիան այդքանով է լայնանում, որ դատախազի ֆիլտրով անցնելուց հետո նորից պետք է գնան դատարանից ստանան սանկցիա։ Խոսքը սրա մասին է։ Թե չէ կոնկրետ էս օրենքով ես չեմ մտածում, որ մենք որևէ խոչընդոտ ստեղծում ենք բանկային գաղտնիք ստանալու կամ էլ նախկինում ունեցել ենք»,-ասաց Ջավադյանը։

Ի դեպ, Արթուր Ջավադյանն ու ԿԲ-ն մինչ օրս այդպես էլ հստակ չեն պարզաբանել, թե ինչպե՞ս է վարչապետի ձեռքում հայտնվել, օրինակ, Սաշիկ Սարգսյանի բանկային հաշիվների մասին ինֆորմացիա, ո՞վ է նրան տրամադրել բանկային գաղտնիք համարվող այդ տվյալները։ Հիմա, այս  օրենքով, թերևս կապահովեն նաև վարչապետին ենթադրաբար ոչ օրինական եղանակով ստացած այդ ինֆորմացիայի լեգիտիմությունը։

Առավել մանրամասն՝ վաղը, «Հրապարակ» թերթում։