Տուրիզմի ոլորտի ներկայացուցիչները կառավարությունից որոշակիություն են պահանջում
Ֆեյսբուքյան օգտատեր Գևորգ Բարսեղյանը կառավարության ղեկավարի այն հայտարարության ֆոնին, որ մինչև տուրիստական սեզոնի ավարտը կանոնավոր ավիափոխադրումները չեն վերականգնվելու, նկարագրել էր այն անհույս վիճակը, որում կորոնավիրուսի համավարակի պատճառով հայտնվել են զբոսաշրջային կազմակերպությունները: «Այս կապակցությամբ ունեմ պահանջ ՀՀ կառավարությանը՝ 1. Պատասխանել, թե ինչ ռազմավարությամբ եւ երբ է պլանավորվում միջազգային ավիափոխադրումների վերսկսումը (որը ամիսներ առաջ արդեն արել են բազմաթիվ պետություններ)։ Այսկերպ տնտեսվարողները գոնե որոշ չափով կկարողանան հաշվարկել, թե արդյո՞ք նպատակահարմար է շարունակել գործունեությունը՝ իր ծախսերով հանդերձ (տարածքի վարձակալություն, աշխատավարձեր, հարկեր, կոմունալ վճարներ և այլն), թե՞ ավելի ձեռնտու կլինի օր առաջ դադարեցնել գործունեությունը։ 2. Որևէ կերպ (դրամական միջոցների ներարկում, հարկային արտոնություններ, վարկային արձակուրդ) մեղմել մասնավոր ձեռնարկությունների կրած վնասը», -գրել էր Գևորգը։ Նա իր պահանջը «թագ էր արել» Զբոսաշրջային կոմիտեին, Էկոնոմիկայի նախարարությանը, Նիկոլ Փաշինյանին ու Տիգրան Ավինյանին։ «Հրապարակ»-ին Գևորգը հայտնեց, որ նշված «հասցեներից» որևէ պատասխան չի ստացել։ Իսկ ինչու՞ է տուրիստական կազմակերպություններին հետաքրքրում կառավարության պատասխանը, թե երբ կվերականգնվեն միջազգային ավիաթռիչքները։ Զբոսաշրջային կազմակերպության ղեկավարն ասում է. «Հետաքրքրում է, որպեսզի հասկանա՝ փակի՞ բիզնեսը վերջնականապես ու գնա տուն նվազագույն կորուստներով, թե՞, եթե միջազգային ավիափոխադրումները շուտով վերականգնվելու են, գոտիները ձգեն, մի քիչ էլ դիմանան։ Զբոսարշրջային կազմակերպությունները արդեն 5 ամիս է՝ չեն աշխատում, աշխատողներին տուն են ուղարկել, բայց շարունակում են վճարումներ անել՝ տարածքի վարձ, կոմունալ վճարներ, որովհետև, եթե տարածք ունես, պետք է էլեկտրաէներգիա վառե՞ս, մի աշխատող գոնե պե՞տք է ունենաս, որ տարածքը վերահսկի։ Շատերը վարկեր են վերցրել, նաև վարկերն են վճարում»,-ասաց զոբոսաշրջային կազմակերպության ղեկավարը։ Նա այս պայմաններում չնայած կազմակերպության տասն աշխատողներին ուղարկել է տուն, ամսական շուրջ 1․5 միլիոն դրամի ու որևէ եկամուտ չբերող ծախսեր է անում։ Հիմա ուզում է իմանալ․«Եթե միջազգային ավիափոխադրումները ևս երկու ամիս չեն լինելու, մի բան է, կարելի է դիմանալ ու փորձել փրկել բիզնեսը, եթե 4 ամիս է, դժվար է դիմանալ, բայց կարելի է ծանրութեթև անել, բայց, եթե 8 ամիս է, փակենք, որպեսզի կորանավիրուսի համավարակից գոնե 12f միլիոն վնասով դուրս չգանք»։ Գևորգի խոսքով՝ բոլորը նույն՝ անորոշ ու անհույս վիճակում են։ Հիշեցնենք, որ կառավարությունն իր հակաճգնաժամային ծրագրերի շրջանակում ինչ-որ օգնություններ է ցուցաբերել նաև ոլորտի աշխատակիցներին։ Գևորգ Բարսեղյանն ի պատասխան ասում է. «Բիզնեսի ղեկավարին ի՞նչ նրանից, որ զբոսաշրջային կազմակերպությունների աշխատակիցներին 2 անգամ 68 հազար դրամներ են տվել 4-5 ամիսների չաշխատելու դիմաց»։ Ինչ վերաբերում է բուն զբոսաշրջային բիզնեսին տրված օգնություններին, ապա Բարսեղյանն ասում է, որ այնպիսի չափորոշիչներ են սահմանված, որ դաշտում եղած կազմարպությունների 90 տոկոսը չի համապատասխանում կառավարության սահմանած չափանիշներին, որոնցով օգնություններ տրվում են միմիայն 25 միլիոն դրամի շրջանառություն ունեցող կազմակերպություններին։ «Մինչդեռ, եթե դաշտում 100 կազմակերպություն կա, ապա 90-ը դրանց չեն համապատասանում, քանի որ փոքր են և չունեն նման շրջանառություն»,-ասաց տուրիստական կազմակերպության ղեկավարը։ «Հրապարակին» հաջողվեց կապ հաստատել պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանի հետ, որը հարցին, թե կառավարությունը ե՞րբ կհայտարարի միջազգային ավիափոխադրումների վերաբերյալ որևէ որոշակի բան, ասաց․«Միայն ավիաթռիչքների վերաբերյալ Ձեզ այսպիսի կոմենտ կարող եմ տալ՝ Կանոնավոր ավիաթռիչքների վերականգման հնարավորությունը գտնվում է կառավարության ուշադրության ներքո և, կախված համաճարակաբանական իրավիճակի զարգացումներից, այս ուղղությամբ համապատասխան քայլեր կձեռնարկվեն»։ Նշենք, որ կառավարության այլ ծրագրերի հետ կապված բողոքներ կան, որ սահմանված պայմաններով «մաղվում է» շահառուների հիմնական մասը, ժամանակին նաև բազմաթիվ բողոքներ էին հնչել, և «Հրապարակը» դեռ մարտ ամսին գրել էր․ «Ըստ կառավարության ընդունած որոշման՝ միանվագ նպաստ կստանան այն հղի կանայք, որոնք հղիացել են առաջին իսկ փորձից, չունեն հարուստ սիրեկան (նույնիսկ մտքում), որոնք հղի ժամանակ ավելի հմայիչ են, քան մինչև հղիությունը, որոնք կարողանում են սուրճը համեղ պատրաստել և․․․ նույնիսկ, եթե բենզինն էժանացել է, և այդ ամուսինը աշխատանքից պետք է ազատված լինի մարտի 13-ից մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում, մինչև ժամը 16։45 րոպեն, դրանից ուշ եղավ՝ զրկվում են նպաստից»։ Հ․Գ․ Միանգամից գրեիք՝ նպաստ կստանան այն հղի կանայք, որոնք կույս են»։ Հիշեցնենք, որ կառավարությունը տուրիստականներին սփոփում է՝ նրանց հորդերելով զբաղվել ներքին տուրիզմով։ «Հրապարակը» նախկինում այս թեմայով զրուցել էր տուրիստականների բազմաթիվ ղեկավարների հետ, որոնք նշում են, որ միայն ներքին տուրիզմով՝ այսինքն՝ միայն սոցիալական փաթեթով հնարավոր չէ պահել աշխատողներին, գրասենյակը, կոմունալ վճարումներ կատարել ու հարկեր մուծել։ Հիմնականում ներքին տուրիզմի վրա աշխատում են վերջին 2 տարիների մասնագիտացված 1-2 ընկերություններ, որոնք մարդկանց տեղափոխում են պատմամշակութային վայրեր՝
Տաթև, Գորիս, Ծաղկաձոր, բայց սա էլ աբսուրդ է, քանի որ, մի կողմից այս ընկերությունների գործունեությունը թույլատրված է, մյուս կողմից կառավարությունն անընդհատ ասում է՝ «ուխտագնացություններ մի՛ արեք», Սևանի լողափներում հանգստացողներին տուգանում։
Կարծիքներ