Դու ես փրթել, գդալը վերցրու և կեր

Դու ես փրթել, գդալը վերցրու և կեր

Հայաստանի ժողովուրդը հայտնվել է ծանր կացության մեջ։ Որոշվում Հայաստանի պետականության՝ լինել- չլինելու հարցը, բայց  Հայաստանի իշխանությունը ծառից ծառ, թփից թուփ թռչելու քաղաքականությամբ «խաղեր է տալիս»։  Հայ ժողովուրդը չգիտի՝ այդ ի՞նչ կետերի շուրջ է Ռուսաստանի հետ  համաձայնվել ՀՀ իշխանությունը և ո՞րն է այն երկու կետերը, որոնց  շուրջ չի համաձայնվել։ Ամեն ինչ կատարվում է վարագույրի հետևում։ Սա այն դեպքն է, երբ Հայաստան պետության, հայ ազգի բախտն է վճռվում՝ առանց նրա իմացության։ Հայաստանի ճակատագիրը, բախտը տնօրինում է մի ղեկավար, որն ազգի անցյալի, ներկայի, գոյապայքարի հետ ոչ մի առնչություն չի ունեցել։  

Երեկ ՀԱՊԿ գագաթնաժողովից հետո, որի արդյունքին ողջ ժողովուրդը սրտատրոփ սպասում էր , կառավարության նիստում վարչապետը որպես ուրախ լուր աչքալուսանք է հայտնում, որ Երևանում կազինոներ կբացվեն։ Սա ավելորդ անգամ վկայում է, որ մենք պետության գլուխ, անվտանգության համակարգող չունենք։ Մեր երկիրը վերջին 4,5 տարում քանդվում ու կառուցվում է թղթե փուչիկի վրա, որը մի օր օդ կթռնի՝ իր հետ տանելով պետություն ունենալու հույսերը։ 

Երեկվանից ՀԱՊԿ-ի գագաթնաժողովից մի բան է քննարկվում․ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի հռչակագիրը չստորագրեց։ Իբր երկու կետ լրամշակման կարիք ունի։ Ո՞րն է այդ երկու կետը կամ մնացած կետերը, որոնք համաձայնեցվել են, հայտնի չէ։ Եթե հայտնի չէ և  օդում քննարկում են՝ հատկապես ՔՊ- ականները, Նիկոլին փիառելու իմաստ է հետապնդում՝ տեսա՞ք Նիկոլը չստորագրեց։ Ի՞նչը չստորագրեց։ Պետական գաղտնիք է։ Մնացած կետերը որո՞նք են, որոնց հետ համաձայնվել է։ Գաղտնիք է։ Մի խոսքով Նիկոլի գալու օրվանից առ այսօր քաղաքական դաշտը խոսում է օդում։

Գրում, խոսում են հավանական բոլոր կետերի մասին, բայց թե ո՞րն է իրականությունը, գիտեն միայն Նիկոլն ու իր տերերը։ Այս անվերջ խաղերի տակ մի բան է թաքնված՝ Նիկոլը փորացավ ունի։ Փորացավդ ասա, ինչու՞ չես ասում։ Փաշինյանը տարբեր մեթոդներով, քայլ առ քայլ առաջ է տանում այն ծրագիրը, որի համար եկել է։ Ադրբեջանն ու Թուրքիան իրենց գոհունակությունը նրա կատարած քայլերի մասին հայտնել են։ Արևմուտքը ոգևորում է նրան։ Եկել է ժամանակը՝   իր վրայից մեղքը գցելու և Ռուսաստանի վրա բարդելու։ Առաջիկայում դեռ շատ անելիքներ ունի, պետք է կարողանա հանրության որոշ խավի հանդուրժողականության վրա հենվելով, իրագործի։  Դրա համար էլ անընդհատ թմբկահարում են, թե Նիկոլը չի ստորագրել։ Քո եփած ճաշն է, ինչու՞ չես ուտում։ Դու ես փրթել, գդալը վերցրու և կեր։ Փորացավ ունես, ո՞րն է․․․