Նոր վարչապետ ընտրվելու ամենամեծ շանսն ունի ԼՀԿ թեկնածուն

Երեկ մենք գրել էինք, թե չի բացառվում, որ Նիկոլ Փաշինյանը տարեվերջյան ուղերձում հայտարարի վարչապետի պաշտոնից հրաժարվելու եւ արտահերթի գնալու մասին։ Իհարկե, հավանական է, որ այս ինֆորմացիան շրջանառության մեջ է դնում հենց իշխանությունը՝ պայքարը ջլատելու համար։ Ինչպիսի՞ն է լինելու ընդդիմության ռեակցիան նման քայլին․ զրուցեցինք ԼՀԿ խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանի հետ։ Էդմոն Մարուքյանը Մոսկվա է մեկնել, Գորգիսյանը վստահեցրեց՝ մասնավոր այցով։
- Եթե Փաշինյանը, ասենք, դեկտեմբերի 31-ին հրաժարական տա, ո՞րն է լինելու ԼՀԿ-ի քայլը, թողնելու եք, որ խորհրդարանը ցրվի, գնանք արտահերթ ընտրությունների՞․․․
- Նախ ողջունելու ենք Նիկոլ Փաշինյանի այդ որոշումը, իսկ այս փուլում արտահերթ ընտրության գնալը հերթական արկածախնդրությունը կլինի, որովհետեւ անկայուն վիճակում գնալ նոր տուրբուլենտ ցիկլի, կարծում եմ՝ սխալ կլինի։ Մարդիկ հող են կորցրել, տուն, ամուսին, երեխա, բոլորը վշտի մեջ են, մենք գնանք քարոզարշա՞վ անենք հիմա․ դա ուղղակի անհեթեթություն կլինի։ Բացի այդ, երկրում ունենք անիշխանություն, ու այս փուլում երաշխավորել, որ արդար, թափանցիկ ընտրություններ կլինեն, կասկածելի է։
- Իսկ ի՞նչ կանեք, որ խորհրդարանը չցրվի, իրավական մեկ ճանապարհ կա՝ առաջադրել վարչապետի նոր թեկնածու եւ ԱԺ-ում ընտրել նրան։
- Կգա ժամանակը, կխոսենք քայլերի մասին։
- 17 ուժերի եւ ԼՀԿ-ի միջեւ փոխպայմանավորվածություն ձեռք չի՞ բերվել վարչապետի թեկնածուի շուրջ։
- Ոչ, բանակցությունները շարունակվում են։
- Քաղաքական դաշտում, այդուհանդերձ, կա կոնսենսուս՝ Հայրենիքի փրկության ճակատի տեսքով, որի միասնական թեկնածուն Վազգեն Մանուկյանն է։ Մեծությամբ երկրորդ խորհրդարանական խմբակցությունը՝ ԲՀԿ-ն, սատարում է Մանուկյանի թեկնածությանը, դուք աջակցո՞ւմ եք նրան, թե՞ կրկին ընտրում եք ձեր ճանապարհը։
- Ժամանակը կգա՝ կասենք, դեռ ոչինչ չի եղել։
- Իսկ կարո՞ղ է ժամանակը գա, ու չընտրելով Մանուկյանին՝ տապալեք ընտրությունը։
- Ժամանակը կգա՝ կասենք։ Մենք դեռեւս ամեն ինչ անում ենք, որ նա հեռանա։
- Ի՞նչ եք անում։
- Դուք երեւի որպես լրագրող չեք հետեւում մեր գործունեությանը։
- Հետեւում եմ՝ հայտարարություն եք տարածել ու հարցազրույցներում եք նման պահանջ բարձրաձայնում։
- Դուք երեւի չգիտեք՝ 2018-ի իշխանափոխությունը ոնց է տեղի ունեցել, ես ձեզ ասեմ։ Տեղի է ունեցել այն կարեւոր բանի շնորհիվ, որ մի քանի տարի ընդդիմությունը խոսել է, բարձրաձայնել է իշխանությունների կատարած թերությունները, որոշ դեպքերում՝ հանցանքները, ու ժողովրդի մոտ իշխանությունը տոտալ կորցրել է լեգիտիմությունը, եւ թերագնահատել խոսքը, որն ազդեցություն է թողնում, դա ուղղակի նշանակում է չհասկանալ քաղաքական պրոցեսներից։
- Բայց փաստն այն է, որ նախկինները գնացին ժողովրդական ճնշման ներքո, իշխանության եկավ այն ուժը, որը փողոց հանեց ժողովրդին։
- Ես չեմ փոշմանել, որ որեւէ կերպ չեմ առնչվել այդ պրոցեսներին։
- Հիմա էլ չեք առնչվում, բայց ասում եք՝ իշխանությունը ձեր հայտարարություններից պիտի ազդվի, գնա։
- Գիտեք, այն ժամանակ էլ էին մեզ բոլոր կողմերից ասում՝ այ, դուք դավաճան եք եւ այլն, հիմա էլ մեզ մեղադրում են բոլորը։ Մենք մեր անելիքն անում ենք, ինչպես ճիշտ ենք գտնում, եւ մինչեւ օրս փոշմանելու առիթ չենք ունեցել։
- Իսկ կարո՞ղ է հայտարարություններ եք անում, դրա համար էլ բազմահազարանոց երթեր են տեղի ունենում։
- Ես նման բան չասացի, ես վստահ եմ, որ մեր հայտարարությունները որեւէ կերպ չեն ամրապնդում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, հակառակը՝ օր-օրի թուլացնում է նրա դիրքերը եւ բերում նրան, որ պետք է հրաժարական տա։
- Եթե 2018-ին փողոցում կրիտիկական զանգված չհավաքվեր, Սերժ Սարգսյանը կհեռանա՞ր։
- Մենք ակնհայտորեն գիտենք, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց այդ կրիտիկական զանգվածի պատճառով, բայց ինչպե՞ս հասավ դրան, դա է հարցը, ինչպե՞ս եղավ, որ այդքան մարդ դուրս եկավ փողոց, այ, դա մի քանի տարվա համառ աշխատանքի արդյունք էր։
- Պարոն Գորգիսյան, եթե նույնիսկ մթնոլորտ է ձեւավորվել, ապա դա ԼՀԿ-ի շնորհիվ չէ։ Իսկ հիմա մարդիկ ձեր երկուսուկես տարվա պահվածքն են հիշում, հիմիկվա հայտարարությունները, խոսքն այս պահի ակտիվ քայլերի մասին է։
- Դուք գործնական քայլերը մի բան եք հասկանում, մենք՝ այլ բան, եթե հասկանում եք փողոցում բղավելը, մենք տեսանք, թե բղավողն ինչ կարող է անել, այսինքն՝ դա չէ, էլի, որ գործ է ու քննադատություն։
- Նոր վարչապետի ընտրության մեկ ճանապարհ կա՝ խորհրդարանի միջոցով։
- Ու դուք մտածում եք, որ եթե իմքայլականի պատուհանի տակ գոռում են «պատգամավոր, դավաճան», ինքը պիտի գա հանձնի՞ իշխանությունը, նրանք համախմբվելու են եւ որեւէ կերպ չեն հրաժարվելու։ Նրանք այս պարագայում նաեւ իրենց ֆիզիկական անվտանգության համար են մտահոգվում։
- Իսկ դուք քայլե՞ր եք անում, որ չվախենան։
- Այո, մենք բանակցում ենք նրանց հետ։
- Հաջողվե՞լ է համոզել, որ միանան վարչապետի անվստահության գործընթացին, այդ դեպքում ինչո՞ւ գործընթաց չեք սկսում։
- Երբ կգա նոր վարչապետի ընտրության պահը, կտեսնենք՝ հաջողվե՞լ է, թե՞ ոչ։
- Մարդիկ իզո՞ւր են փողոց դուրս գալիս։
- Ես նման բան չասացի, մարդիկ իրավունք ունեն իրենց բողոքն արտահայտել եւ անում են դա այն ճանապարհով, որը ճիշտ են գտնում։
- 17 ուժերն էլ են ասում, որ բանակցում են իմքայլականների հետ, բայց զուգահեռ զանգվածային ակցիաներ են անում՝ ցույց տալու հանրային պահանջը։
- Ի վերջո, որոշումը պետք է ԱԺ-ն կայացնի։ Այստեղ ամենակարեւորն այն է, որ պետք է առաջադրվի այն թեկնածուն, որն առավել շանս ունի ընտրվելու իմքայլականների կողմից, հակառակ դեպքում գործընթացը կտապալվի, եւ այս պայմաններում կգնան արտահերթ ընտրությունների։ Մենք ունենք մեծ շանսեր եւ ամեն ինչ պետք է անենք, որպեսզի նախ Նիկոլ Փաշինյանը հեռանա, եւ ընդդիմադիրները չխանգարեն իրար։
- Դուք ասում եք, որ վարչապետի թեկնածուն ԼՀԿ-ից պետք է լինի, եւ նա Էդմոն Մարուքյանն է։
- Երբ Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա կամ երբ կհանի ռազմական դրությունը, եւ իմպիչմենթի պրոցես սկսելը հնարավոր կդառնա, մենք կսկսենք մեր անելիքը։
- Իսկ ինչպե՞ս պարզեցիք, որ հենց դուք ունեք այդ շանսերը։
- Մեր կատարած աշխատանքներից։
- Այդ մասին ասե՞լ եք 17-ին։
- Դուք մի անհանգստացեք, մենք իրենց հետ հարաբերությունները պահպանում ենք, երկխոսությունը երբեք չի դադարել։
- Ինչո՞ւ են իմքայլականները ձեզ վստահում, յուրայի՞ն են համարում։
- Ոչ, սա նշանակում է, որ մեզ ավելի շատ են վստահում՝ իրենց անվտանգության տեսանկյունից ելնելով։
- Մտածում են, որ պարտության հանգամանքները չեն քննվի, պատասխանատվության հարց չի դրվի։
- Խոսքն անձնական, ֆիզիկական անվտանգության մասին է։ Իմիջիայլոց, գործադիրը դատվելու հետ գործ չունի։
- Այսինքն, եթե Նիկոլ Փաշինյանը չլինի վարչապետ, ԱԱԾ-ն քրեական գործ չի՞ հարուցի, որ պարզի՝ ով էր այս ամենի պատասխանատուն, հազար ու մի մեղադրանք կա իշխանությունների հասցեին։
- Եթե ԼՀԿ-ն լինի գործադիր, կհետեւի, որ իրավապահ համակարգն անի իր գործը, որեւէ խոչընդոտ չի առաջացնի։
- Եթե Մարուքյանը դառնա վարչապետ, համաձա՞յն եք առաջիկա ընտրություններին չմասնակցել, որովհետեւ ժամանակավոր վարչապետի համար պայմանը դա է, որ ապահովի ազատ, արդար ընտրություններ եւ հեռանա, ոչ թե վարչական ռեսուրսը ծառայեցնի իր քաղաքական ուժին։
- Դա բոլոր առումներով երկրի համար լավագույն լուծումը կլինի, ինչ վերաբերում է ընտրություններին, բնականաբար, պիտի մասնակցենք։ Եթե որեւէ վարչապետ չի հավակնում ընտրություններին մասնակցել, որեւէ երաշխիք չկա, որ ինքը լավ է աշխատելու ու անցկացնելու է արդար ընտրություններ։ Երկիրն առանց քաոսից հանելու հնարավոր չէ ընտրություն անցկացնել։
Կարծիքներ