Ջլատում ու թշնամանք
Ի՞նչ է մտածում ՀՀ շարքային քաղաքացին, երբ լսում է, որ գործող իշխանությունն Աղվան Հովսեփյանից պահանջում է պետությանը հանձնել 29 անշարժ գույք, 2 միլիարդ 551 մլն 100 հազար դրամ, Ալեքսանդր Սարգսյանից` Սերժ Սարգսյանի եղբորից, 14 անշարժ, 8 շարժական գույք, 5 միլիարդ 92 միլիոն դրամ, իսկ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանից եւ նրան փոխկապակցված անձանցից` 12 անշարժ, 3 շարժական գույք եւ 723 միլիոն դրամ: Ճիշտ եք. մտածում է` թալանել են, թող վերադարձնեն թալանածը, դրանով այս իշխանությունը բանակ կզինի, ասֆալտ կանի, ատոմակայան կկառուցի եւ այլն: Իսկ ի՞նչ է մտածում գրագետ իրավաբանը` լսելով այդ ամենը:
Մտածում է` պետությունը որոշել է ռեկետ անել եւ խլել մարդկանց սեփականությունը, շինծու գործեր են հարուցել` ընտրովի մարդկանց նկատմամբ, եւ այդ թվերը հիմնականում փուչիկ են: Եթե անգամ եղել է թալան, ապա դա դեռ պետք է կարողանաս հայտնաբերել եւ ապացուցել: Իսկ քանի որ այս իշխանության իրավաբանները հիմնականում տգետ են, իշխանության կամակատարը եւ տարրական գործերով անգամ չեն կարողանում ապահովել օրենքի տառը, ապա այս դեպքում էլ հաստատ գործ ունենք ապօրինությունների հետ:
Հաստատ՝ խառնել են թացը չորի հետ, քաղաքականությունը տեղափոխել իրավական հարթություն եւ ոմանց քավության նոխազ դարձրել` շոու ապահովելու, իշխանության հակառակորդների հարցերը լուծելու, կոռուպցիան քողարկելու համար: Եվ, առհասարակ, այս պառակտված, բզկտված, ատելությունից չշնչող- չապրող հասարակության մեջ նման գործերի հարուցումը միայն թշնամանքն է ավելացնում, հանրային ուժերն է ջլատում, հասարակությանը զրկում է պայքարելու, համախմբվելու, համապետական խնդիրներ լուծելու հնարավորությունից: Այսինքն, զրո արդյունք եւ մեծ ավերածություններ:
Կարծիքներ