Նախագահի որոշումը

Նախագահի որոշումը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան գրառմամբ ծանուցել է, որ պետական պարգեւների շնորհման խորհրդակցական հանձնաժողովին առաջարկել է ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանին արժանացնել Արցախի հերոսի կոչման:

Նախագահն իր քայլը հիմնավորել է Արցախի պետականության կայացմանն Արթուր Մկրտչյանի մատուցած բացառիկ ծառայությամբ: Կասկածից դուրս է, որ նախագահ Հարությունյանի որոշումը բոլոր առումներով արդարացված է: Արթուր Մկրտչյանը պետության ղեկավարի պաշտոնն ստանձնել է ներքին եւ արտաքին քաղաքական չափազանց բարդ իրավիճակում: Ու թեեւ պաշտոնավարել է շատ կարճ, բայց հասցրել է լուսավոր հետք թողնել: Հանրային ընկալումներում նա պարկեշտության, սկզբունքայնության եւ անաչառության խորհրդանիշ է: Նրան այդպես գիտեն ոչ միայն սերնդակիցները, այլեւ երիտասարդությունը: Նախագահ Հարությունյանի որոշմամբ Արցախն արժանին է մատուցում իր լավագույն զավակներից մեկին: Հաստատվում է նոր արժեհամակարգ: