Փելոսիի օգուտը

Փելոսիի օգուտը

Նենսի Փելոսիի այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր հանած՝ կարելի է ասել՝ ամերիկացի բարձրաստիճան տիկնոջը ոչինչ ցույց չտվեցին Հայաստանում: Կասեք՝ բա «Վարդանանք» կտա՞վը: Ստոպ: Փելոսին միակ բարձրաստիճան պաշտոնյան է աշխարհում, որ կարողացավ գեղարվեստական ստեղծագործությունը ծառայեցնել իր հակաիրանական նկրտումներին: Այնպես որ, դա ավելի շուտ քաղաքական միջոցառում էր, քան շփում բարձր մշակույթի հետ: Կարելի էր Թումանյանի «Թագավորն ու չարչին» էլ թարգմանել եւ կարդալ Փելոսիի համար: Կարող եք չկասկածել՝ տիկինը նույն արձագանքն էր տալու: 

Մյուս կողմից էլ՝ հազիվ թե Փելոսին Հայաստանի տեսարժան վայրեր այցելելու համար էր եկել: Նրան Հայաստան այցը հարկավոր էր որպես PR ակցիա ԱՄՆ-ում սպասվող ընտրություններից առաջ, եւ նա իր այդ առաքելության մեջ, կարելի է ասել, հաջողեց: Շատ ամերիկահայեր հիմա երջանկությունից փայլող աչքերով սպասում են Փելոսիի հետ իրենց նախընտրական հանդիպմանը, որպեսզի բացականչեն՝ «Երանի՛ Նենսի Փելոսի, որ սեփական աչքերով տեսար մայր Հայաստանը եւ խմեցիր անոր ջուրեն»… Ծափեր, օվացիա, ծափեր… Բայց թողնենք, որ Երվանդ Օտյանը նկարագրի այդ տեսարանը.

«Փելոսի - Շատ աղուոր երկիր մըն է այդ Հայաստան ըսածը: Հոն շատ նոր մարդիկ տեսայ՝ Ալեն Սիմոնեան տեսայ, Նիկոլ Փաշինեան տեսայ, ա՛խ, Սուրեն Պապիկեան տեսայ…
Հայեր - Իրա՞ւ…
Փելոսի - Հապա՛…
Հայեր - Է, հասկցա՞ք զմիմեանս:
Փելոսի - Ըշտէ, խօսեցանք, քիչ մը հասկցանք, քիչ մը չհասկցանք, հոն թարգմանիչ մը կար, որ իմ խօսքերս անոնց ըսավ, բայց չեմ գիտեր՝ անոնք ինչ հասկցան»:
Մոտավորապես այսքան բան, որ թույլ է տալիս բավականին լավ պատկերացում կազմել Փելոսիի հայաստանյան այցի մասին:

Կարո՞ղ էր Նենսի Փելոսիի այցն ավելի արդյունավետ լինել: Մեզ նման երկրները, սովորաբար, այդպիսի առիթները փորձում են ծառայեցնել միջազգային ասպարեզում իրենց դիրքերը փոքրիշատե լավացնելուն: Այս իմաստով դժվար է գնահատել Փելոսիի այցը Հայաստան, որովհետեւ նրա հայտարարությունները ոչ այնքան օգտակար էին Հայաստանի համար, որքան մեր ռազմավարական գործընկերոջն ու հարեւաններին վախեցնող: Սա շատ նման էր տիկնոջ թայվանյան այցին, որ Թայվանին ոչինչ չտվեց, բայց մի լավ վախեցրեց ու անհանգստացրեց Չինաստանին: Ճիշտ է, Հայաստանը ՄԱԿ-ի անդամ երկիր է, բայց, ինչպես ասում են, Հայաստանի «մուշտարիներն» էլ քիչ չեն՝ Ռուսաստան, Թուրքիա, Ադրբեջան, Իրան, ինչու ոչ՝ Չինաստան, Հնդկաստան… Եվ բոլորի մտահոգությունն էլ նույնն էր՝ արդյոք Փելոսին Հայաստան չի՞ եկել այդ երկրի քաղաքական վեկտորը փոխելու նպատակով: Պարզվեց՝ իզուր էլ մտահոգվում են, որովհետեւ Հայաստանն ունի մի իշխանություն, որ առհասարակ ոչ մի վեկտոր չունի եւ վարում է մի տեսակ արտաքին քաղաքականություն, որ կարելի է անվանել բազմակողմ անվեկտորություն: Մենք Փելոսիից ոչ մի խոսք չլսեցինք, օրինակ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին՝ ողջունում է, չի ողջունում… Ինչո՞ւ նա Ադրբեջանին հայտարարեց՝ մենք ուզում ենք խաղաղություն հայ-ադրբեջանական սահմանին, բայց Թուրքիային չասաց՝ մենք ուզում ենք հայ-թուրքական բաց սահման: Հավանաբար, տիկինը չցանկացավ Թուրքիային խառնել Հայաստանն ագրեսիայի ենթարկող այս պրոցեսներին՝ այդկերպ հասկացնելով, որ ԱՄՆ-ն միառժամանակ հենց Թուրքիայի միջոցով առաջ կտանի իր խաղն այս տարածաշրջանում: Ենթադրաբար, հենց այդ նպատակով Հայաստան կատարած Փելոսիի այցից որեւէ օգուտ քաղելը բավականին դժվար կլինի, եթե չասենք՝ անհնարին: Մենք ի՞նչ շահեցինք Անգելա Մերկելի այցից: Ոչինչ: Թեեւ Երկաթե լեդին միանգամայն ազնիվ նպատակներով էր եկել Հայաստան եւ, ինչպես Փելոսին, հիացած էր հայերի թավշյա խեղկատակությամբ: Մերկելին տարան Հյուսիսային պողոտա, հահա-հիհի արեցին, մի քիչ էլ իրենց ցուցադրեցին, եւ վերջ:

Փելոսին հասկացա՞վ, որ Հայաստանում պետք է իշխանափոխություն տեղի ունենա, որպեսզի խաղաղություն հաստատվի հայ-ադրբեջանական սահմանին: ԱՄՆ-ն եւ մնացած բոլոր երկրները, կարծում եմ, համոզված են, որ ՀՀ կապիտուլացված իշխանությունները, ինչքան էլ որ իրենք հիացական խոսքեր ասեն այդ իշխանությունների հասցեին, միեւնույն է, չեն կարող վերածվել խաղաղության իշխանությունների: Ի՞նչ իմանաս՝ Նիկոլ Հրաշալին ինչեր է խոսք տվել ագրեսորին, ինչ պայմանավորվածություններ ունի նրա հետ, որոնք, մեղմ ասած, չեն համընկնում տարածաշրջանային հիմնական խաղացողների պատկերացումներին: Իսկ գուցե ժամանա՞կն է փոխել Նիկոլին: Փելոսին այդ մասին ոչինչ չասաց Հայաստանում, բայց, կարծում ենք, Օվալաձեւ կաբինետին ներկայացնելիք իր զեկույցում անպայման կանդրադառնա այդ հարցին: Նկատենք՝ գունավոր հեղափոխությունների առաջնորդները կարճ ժամանակ անց հեռացվում են՝ Սահակաշվիլի, Պորոշենկո, Մուսուլման եղբայրներ եւ այլն: