Մարտնչող ցինիզմ Նիկոլ Փաշինյանի կատարմամբ

Մարտնչող ցինիզմ Նիկոլ Փաշինյանի կատարմամբ

Այսօր չորեքշաբթի է, կարանտինի հերթական տաղտկալի օրերից մեկը։ Նախորդող օրերից ոչնչով չտարբերվող այս չորեքշաբթին, ամենայն հավանականությամբ  կանցներ ու կմոռացվեր, եթե իհարկե վարչապետ Փաշինյանն իր «փիլիսոփայական» միջամտությամբ չընդհատեր մեր կարանտինային արտակարգ անդորրը։ 

Ոչ ոքի համար էլ գաղտնիք չէ, որ պաշտոնյաների պարգևավճարների թեման թերևս ամենազգայուն և խնդրահույց հարցերից մեկն է։ Դրա շուրջ թեժ քննարկումները շարունակվում են և ոչ մի կերպ չեն կորցնում իրենց արդիականությունը։ Եվ հանրային դժգոհությունն իսկապես տեղին է, քանի որ ստեղծվել է այնպիսի մի իրավիճակ, երբ պետական բյուրակրատիան դարձել է Հանրապետության ամենապաշտպանված խավը, իսկ դրանից դուրս գտնվող ամեն ինչ մոռացված է ու մատնված անտերության։ Բյուրոկրատիան պարտաճանաչ աշխատավարձ է ստանում, ունի իրավական և քաղաքական պաշտպանվածություն, նույնիսկ ճգնաժամի օրերին պարբերաբար խրախուսվում է և պարգևավճարներ ստանում։ Այլ իրականություն է մասնավոր տիրույթում՝ փոքր և միջին բիզնեսը սննկացման եզրին է, քաղաքային միջին խավը սրընթաց տեմպերով աղքատանում է, իսկ գյուղացիներն էլ կանգնած են սոցիալական բունտի առջև։ 

Իսկ ի՞նչ է անում կառավարությունը սոցիալ-տնտեսական ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ։ Իրականում ոչ ոք չի կարող ասել, թե ինչով են զբաղված բարձրաստիճան չինովնիկները, ավելին՝ գրեթե անհնար է որսալ և արձանագրել նրանց այս կամ այն քայլի տրամաբանությունը։ Կարող ենք միայն նկատել, որ նրանք ցած չեն իջնում եթերներից, ամբողջ օրը վերամբարձ տեքստեր են արտաբերում և անհրաժեշտության դեպքում նույնիսկ մունաթ գալիս առանց այն էլ տանջված և ահռելի վնասներ կրած քաղաքացիների վրա։ Բայց սրանք միայն ծաղիկներն են, առաջարկում եմ վերադառնալ չորեքշաբթի օրվա խորհրդին, ինչից որ սկսել էինք մեր ակնարկը։ 

Այսօր ԱԺ ամբիոնից վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարգևավճարների խնդրահարույց թեմայի վերաբերյալ հոդաբաշխ և ընկալելի բացատրություններ ներկայացնելու փոխարեն, գործի դրեց պոպուլիզմի իր ողջ զինանոցն ու փակեց Հայաստանի հպարտ քաղաքացիների բերանները, ժողովրդի լեզվով ասած՝ պորտները տեղը դրեց։ Մասնավորապես նա նշեց, որ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումը հեղափոխության ամբիոնից իր տված խոստումն է, և եթե ժողովուրդը դեմ է դրան, ապա պետք է նոր հեղափոխություն անի, քշի իրենց և վերադարձնի այն թալանչի ու ատելի ռեժիմին։ Ահա սա էր վարչապետի հիմնական միտքը, որը փորձեցինք մեկ նախադասությամբ վերարտադրել։ 

Միանգամից արձանագրենք, որ միտք ասածը խիստ պայմանական բնույթ է կրում, քանի որ վարչապետի տեքստն անհոդաբաշխ և ցինիկ նախադասությունների ամբողջություն էր։ Այո՛, ընկերներ դա անպատասխանատու ցինիզմ էր, ինչն էլ հիշարժան է դարձնում այս ամսվա երրորդ չորեքշաբթին։ Անշուշտ այս ելույթը դեռ երկար է հիշվելու, իսկ եթե մոռացվի, ապա տարիներ անց նորից ջրի երես է դուրս գալու՝ որպես անսկզբունքայնության և երեսպաշտության դասագրքային օրինակ։ 

Սկսենք ամենասկզբից․ վարչապետ Փաշինյանն առաջին հերթին որպես հակափաստարկ առաջնային պլան է մղում այն հանգամանքը, որ չինովնիկների աշխատավարձերի բարձրացումը հեղափոխական հարթակի խոստումն է։ Շատ լավ, առաջին հերթին սա տրամաբանական  հակափաստարկ է, բայց իրերի էության մեջ խորանալուց հետո պարզ է դառնում, որ սա ընդամենը պարզունակ մանիպուլյացիա է։ Հեղափոխական հարթակից հարյուրավոր խոստումներ են հնչել, որոնք եռապատկվել են Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո։ Երկու տարվա ընթացքում խոստումներից քանի՞սն են կյանքի կոչվել։ Ո՞ւր է անցումային արդարադատությունը, ո՞ւր է վեթինգը, ինչո՞ւ Երևանի կարմիր գծերն ու տեսախցիկները հեռացված չեն, որտե՞ղ են թաքնվել ներդրումները, ինչո՞ւ բանկերը չվերանայեցին գյուղացիների վարկերը և ընդհանրապես ո՞ւր են խոստացված բարեփոխումները։ Կարո՞ղ եք ասել մինչ օրս ո՞ր ոլորտներում են բարեփոխումներ իրականացվել։ Այսինքն, վստահաբար կարող ենք պնդել, որ գրեթե ոչինչ չի փոխվել Հայաստանում, ավելին՝ Նիկոլ Փաշինյանի վարչակազմը որևէ քար չի ավելացրել վարչապետ Կարեն Կարապետյանի արդյունքների վրա և իներցիայի ուժով վայելել է նախորդների տնտեսական ժառանգությունը։ Եվ այսքանից հետո այդ մարդը համարձակվո՞ւմ է խոսել խոստումների իրականացման մասին։ Լա՛վ հասկացանք, բյուրոկրատիան դիմադրում է հեղափոխությանը և այդ իսկ պատճառով Նիկոլ Փաշինյանը միայն բյուրոկրատներին է փող բաժանում, որ «հանգիստ նստեն տեղները»։ 

Անցնենք առաջ։ Փաստացի վարչապետ Փաշինյանը շանտաժի է ենթարկում ՀՀ քաղաքացիներին։ Սոցիալական արդարության հետ առնչվող հիմնախնդրի մասին խոսելիս նա մի կողմ է շպրտում հարցի գաղափարական և սկզբունքային կողմը՝ շեշտը դնելով արդեն իսկ արժեզրկկված հեղափոխության անսխլականության և իր եսասիրական բարդույթների վրա։ Իբրև թե հեղափոխությունն ու հեղափոխության առաջնորդը բացառապես հանդես են գալիս բացարձակ ճշմարտության դիրքերից և եթե հանրությունը դեմ է որևէ որոշման, ապա դատապարտված է վերստին հեղափոխություն իրականացնել և վերադառնալ անցյալի ռեժիմին։ Այսինքն, հայաստանցին այլընտրանք չունի, կա՛մ պետք է համակերպվի հեղափոխականների կամայականությունների և ցինիզմի հետ, կա՛մ էլ վերադառնա Սերժ Սարգսյանի ռեժիմին։ 

Սա թերևս ամենահրեշավոր շեշտադրումն է, քանի որ հպարտ հորջորջվող քաղաքացին փաստացի զրկվում է ամենակարևորից, որն է՝ այլընտրանքն ու իրերը տարբերակելու հնարավորությունը։ Այսինքն, Փաշինյանի համոզմամբ մարդիկ մշտապես դատապարտված են ընտրություն կատարել իր և անցյալի միջև։ Սա իհարկե պարզունակ շանտաժ է, հպարտ քաղաքացիներին կամ էլ պողոսներին վախեցնելու էժանագին մոտեցում։ 

Վերջաբանի փոխարեն վարչապետ Փաշինյանին ուզում եմ հավաստիացնել, որ ո՛չ ինքն է միակն ու անկրկնելին և ո՛չ էլ Սերժ Սարգսյանն է նրա անփոփոխ այլընտրանքը։ Ինչ-որ մի օր Փաշինյանն անհրաժեշտաբար հեռանալու կամ էլ հեռացվելու է իշխանությունից և ամենևին էլ պետք չի ենթադրել, թե դա անխուսափելի վերադարձ է անցյալին։ ՀՀ քաղաքացին դատապարտված չէ անվերջ մանևրել մարտնչող անմեղսունակների և քաղաքական հանցագործների միջև։ Ապագան վստահաբար որևէ օրգանական կապ չի ունենալու ո՛չ Փաշինյանի և ո՛չ էլ նրա նախորդների հետ։ Ապագա, որի համար անցյալ կլինեն ինչպես Նիկոլ Փաշինյանն ու իր հեղափոխական թիմը, այնպես էլ՝ 2020 թ․-ի ապրիլ ամսվա երրորդ չորեքշաբթին։ Հուսով եմ, ապագա գործազուրկները կհասցնեն մինչ այդ օրը վայելել պարգևավճարներն ու պետական մյուս հաճույքները։