«Ժողովուրդ». Մգեցված ապակիների մասին որոշումը՝ կռվախնձոր. ՔՊ-ում խառն են

«Ժողովուրդ». Մգեցված ապակիների մասին որոշումը՝ կռվախնձոր. ՔՊ-ում խառն են

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Մգեցված ապակիների համար տուգանք նախատեսող որոշումը մեղմացնելը մեծ իրարանցում է առաջացրել իշխանական ՔՊԿ ներսում:

Ինչպես հայտնել ենք, հունիսի 1-ից պարեկային ծառայողները եւ ճանապարհային ոստիկանները պետք է հայտնաբերեին ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ տրանսպորտային միջոցները եւ վարչական պատասխանատվության ենթարկեին վարորդներին նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով։

Մինչ այս ընթացքում բոլոր վարորդները հեռացնում էին մեքենաների դիմապակիների վրայի «պլյոնկաները», իշխանությունները մտքափոխվել են: Ներքին քննարկումների արդյունքում հայրենի իշխանությունները որոշել են զիջումների գնալ ու վարորդներին վարչական պատասխանատվության չենթարկել:

Պարզվում է՝ այս որոշումը մեծ դժգոհություն է առաջացրել հենց ՔՊ ներսում։ Բանն այն է, որ քննարկումներից անմիջապես հետո ՔՊ-ականների մեծ մասն իրենց մեքենաների ցանցաթաղանթները հեռացրել են, իրենց շրջապատում էլ բոլորին հորդորել հետեւել պահանջին ու մեկ էլ հանկարծ տեղեկանում են, որ իշխանական նեղ շրջանակ իրենք իրենցով հավաքվել ու որոշել են մեղմացնել որոշումը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այդ քննարկումը տեղի է ունեցել հենց Անդրանիկ Քոչարյանի աշխատասենյակում: Քոչարյանն իր գլխավորած ԱԺ հանձնաժողովի անդամների հետ քննարկել ու որոշել են դիմել ոստիկանապետին՝ հորդորելով մեղմ վարվել ու չտուգանել վարորդներին՝ առանց անգամ թիմակիցների հետ քննարկելու կամ գոնե նրանց տեղյակ պահելու: Ընդ որում՝ ՔՊ-ականների համար անակնկալ է եղել այս որոշումը. նրանցից շատերը մամուլից են միայն տեղեկացել այդ մասին:

Եւ այս ինքնագործունեությունը մեծ բունտ է բարձրացրել ՔՊ ներսում, իշխանականների մեծ մասը համարում է, որ սա հետքայլ է իրենց իսկ որոշումներից:

Նախագծի մեղմացմանը հատկապես դեմ է Արթուր Հովհաննիսյանը, որը տարբեր անկյուններում հայտարարում է, թե խայտառակ որոշում էր:

«Ժողովուրդ» օրաթերթը երեկ խորհրդարանում ֆիքսեց՝ ինչպես են Արթուր Հովհաննիսյանը եւ ԲՏԱ նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանը (որը Կենտրոնի նախկին թաղապետն էր) բանավիճում այդ հարցի շուրջ:

Վերջիններս խորհրդարանի միջանցքում բարձրաձայն քննարկում էին, թե ով է գաղափարի հեղինակը, եւ ինչու որոշեցին հետքայլ կատարել:

Հովհաննիսյանը վստահեցնում էր, որ ինքը լուծում կտա այս հարցին կառավարության իր խողովակներով: Տեսնենք՝ ինչով կավարտվի այս «սպառնալիքը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում