Նավո ջան, ախպեր ջան․․․

Նավո ջան, ախպեր ջան․․․

Երբ գրել էի սեպտեմբերի 28-ի զոհերից մեկի՝ Զինված ուժերի սպա, փոխգնդապետ, գումարտակի հրամանատար  Նահապետ Մարգարյանի անուն ազգանունը, Կապանից Արթուր Գաբրիելյանն արձագանքել էր ՝ Նավո ջան, ախպեր ջան․․․ Պատմում է․ 

Ծառայել ենք միասին Կապանի զորամասում` 2011 ից 13 թթ ինքը զորամասի առաջին գումարտակի դասակի հրամանատարներից էր, ես մեկ այլ գումարտակի ժամկետային զինծառայող։ Գնդի Սերժանտական խորհրդի նախագահն էի, էդ կտրվածքով էր շփումները շատ, և իրենց զորանոցը ու իմը հարևանությամբ էին։ Նորավարտ լեյտենանտ, ես ժամկետային զինվոր նույն տարիքի էինք։ Եվ գրեթե բոլոր զինվորների հետ էր նույն տարիքի (բարձրագույն ավարտածներիս տարիքին, չավարտածներից 4 տարվա տարբերությամբ)։ Քիչ է պատահում երբ նոր ավարտած և զինվորի տարեկից սպան լինում է և այդքան կարգապահ, և խիստ ու ստաժավոր սպայի պես հմուտ։ Նահապետը այդպիսին էր` կազմակերպված էր ծառայության մեջ, չնայած երիտասարդ տարիքին հմուտ էր որպես սպա, ու ձգտում ուներ դեպի առավելը, կարճ ժամանակում ավագ լեյտենանտ ստացավ։ Խիստ էր բայց և ընկերական ու մեղմ, իր դասակի զինվորները շատ էին հարգում ու սիրում էդ հատկանիշների համար։

Վստահելի տղա էր` զինվոր էր, երբեք չէր ԽԱՂՈՒՄ սպա, գիտեր զինվորին հարգել, արժանապատվորեն վերաբերվել ու եկած տեղը ընկերական լինել։ Կոչումով իրենից ավագ սպաներին գիտեր հարգել։ Իրան միշտ ասոցացնում էի ցարական բանակի սպայի հետ, "սպայի պատիվ" հասկացություն կա, ինքը էդ գաղափարի կրողն էր։ Իմ բարձրագույն կրթությունը արվեստի ոլորտում է, սիրում էր հետաքրքրվել, իմանալ, հարց ու փորձ էր անում լսում ու սովորել գիտեր։ Չիմացածը հարցնելուց չէր ամաչում, ձև չէր տալիս իրեն։ Զարմանալի չէր որ ընդամենը 9 տարվա ընթացքում ավագ լեյտենանտից դարձավ փոխգնդապետ, մինչդեռ սպաներ կան, որ չեն կարողանում աճել ու դժվարությամբ են բարձրանում։ 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28–ին, Ադրբեջանի Զինված ուժերի ագրեսիայի հետեւանքով զոհվել է Զինված ուժերի սպա, փոխգնդապետ Նահապետ Մարգարյանը։ 32–ամյա Նահապետը Վայոց Ձորի մարզի Թառաթումբ բնակավայրից էր։ Նա սովորել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում եւ ծառայության անցել Հայաստանի Զինված ուժերում։ Նահապետը 44–օրյա պատերազմի մասնակից էր։