Երեւանում թող հույս չունենան, որ Սյունիքից կամ Տավուշից տաշելով` իրենց հերթը չի հասնելու

Երեւանում թող հույս չունենան, որ Սյունիքից կամ Տավուշից տաշելով` իրենց հերթը չի հասնելու

ՀՅԴ «Կամավորական շարժում» ՀԿ-ն, ի պաշտպանություն Արցախի, նախաձեռնել է մայիսի 20-ին երթ եւ հանրահավաք անցկացնել Սյունիքի մարզի՝ Արցախին սահմանակից Կոռնիձոր համայնքում։ Հիշեցնենք, որ այս ՀԿ ղեկավարը ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն է:

Շարժման ակտիվիստներն իրազեկման ակցիաներ են սկսել եւ ՀՀ տարբեր մարզերում կոչ են անում քաղաքացիներին՝ սեփական միջոցներով այդ օրը հասնել Կոռնիձոր եւ մասնակցել երթ-հանրահավաքին՝ ի ցույց դնելու մեր համախմբվածությունն առ այն, որ ժողովուրդն է Արցախի տերը, եւ ոչ ոք չի կարող այն զիջել։   

Բրյուսելյան բանակցություններից հետո, երբ Հայաստանն ու Ադրբեջանը վերահաստատեցին միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու հանձնառությունը, ընդվզման առաջին ալիքը կարծես սկսվում է Սյունիքից։ Այս առիթով Գորիսի տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տեր Ահարոն քահանա Մելքումյանից հետաքրքրվեցինք, թե հնարավո՞ր է, որ Սյունիքից սկսվի դիմադրության նոր շարժում եւ հասնի նաեւ Երեւան։

«Գայլը դուրս է գալիս սարի գագաթ, տեսնում է՝ ստորոտում ոչխարներն արածում են, վերեւից ոչխարներին ասում է՝ խաղաղություն ամենեցուն, ներքեւից ոչխարն ասում է՝ սրա տված խաղաղությունը մեզ համար մահ է․․․ հիմա՝ այս հրեշի տված խաղաղությունը մեզ համար մահ է։ Ինչ վերաբերում է առաջիկա հանրահավաքին ու ընդվզումին, ապա մենք նախ պետք է հասկանանք, թե այս հրեշն ինչ արեց․ օրինակ՝ մենք տեսանք, որ նա Շուշին հանձնեց Ադրբեջանի դրոշի օրը, կապիտուլյացիոն փաստաթուղթը ստորագրեց Արցախի հանրաքվեի օրը, Քարվաճառը նվիրեց Մոնթեի ծննդյան օրը, ինքը Սյունիք եկավ Նժդեհի մահվան օրը, երբ մարդիկ ճանապարհը փակեցին ու չթողեցին, որ գա։ Հասկանում եք, չէ՞, թե ինչի համար էր այդ օրը եկել Սյունիք․ ինքն այդ օրը եկել էր Սյունիքը թաղելու ու իր եղբորը նվիրելու համար։ Սա է․․․, հիմա ես չգիտեմ՝ այստեղից ինչ կլինի՝ կլինի՞ ընդվզում, թե՞ ոչ, բայց եթե ազգը չզարթնի, իսկ ես ընտրությունների ժամանակ գնացի ու ազգին կոչ արեցի, ասացի, որ եթե հրեշն ընտրվի, ամեն մեկդ մի գերեզմանում տեղ սարքեք, ամեն տուն զոհ է ունենալու, որովհետեւ ինքը ձեր հարազատների գլուխն ուտելու է։ Ինքն ի վերջո տալու է, հայոց ողնաշարն էլ ջարդելու է․․․, հիմա այդ հանրահավաքին գնացին, հավաքվեցին, բողոքի ձայն էլ բարձրացրին, բայց դրանով ի՞նչ կփոխվի․․․։ Ամեն դեպքում, եթե հիմա ազգը չկանգնի, ամենաապահով տեղում՝ Երեւանում անգամ թող հույս չունենան, որ Սյունիքից կամ Տավուշից տաշելով՝ իրենց հերթը չի հասնելու, իրենց ավելի վատ «հերթ» է հասնելու, քան Սյունիքին, դրա համար եմ ասում, որ ոչ թե ժողովուրդը, այլ ազգը պետք է զարթնի»,- ասում է զրուցակիցս։

Տեր հայրն այս ընդհանուր իրավիճակը բացատրում է նաեւ գենետիկայով, հակառակ դեպքում, ըստ նրա․ «Հայ մարդը չի կարող ասի՝ թող թուրքը գա, մեր ու մանուկ կոտորի, մենակ նախկինները չվերադառնան, թեկուզեւ նախկիններն ու սա նույն դեւի տարբեր գլուխներն են, սա չէ էականը․․․ էականն այն է, որ հայ մարդը չի կարող ասել նման բան։ Ուրեմն մենք պետք է նայենք, թե ինչ գենոֆոնդ ունի մարդը, որտեղից է եկել․․․ այսինքն՝ շատ լավ է, որ պիտի հավաքվեն, բայց դա պետք է տեղափոխվի Երեւան, եւ ազգը ոտքի կանգնի։ Մեր ժողովորդը մի լավ խոսք ունի, ասում է՝ ամբոխի մաս մի կազմիր, որովհետեւ ամբոխը միշտ ընտրում է Բարաբային, բայց եթե ազգը ոտքի կանգնի, կօգնի, որ այդ Բարաբային անգլիացիները շուտ ճանապարհեն։ Թող հավաքվեն, եթե արտոնություն ունենամ, ես էլ կգնամ, բայց դա պետք է տեղափոխվի Երեւան, եթե Սյունիքով դա ավարտվի, կստացվի, որ նորից այդ բողոքի ձայնը քնեցրին, ինչպես որ քնեցրին այն ժամանակ, երբ ժողովուրդը հավաքվեց ԱԺ-ի մոտ, երբ հրեշն ասել էր, որ ստորագրելու է, ու հանգիստ քնեցրին այդ ռեսուրսը եւ ճանապարհեցին տուն, երբ կարող էին օգտագործել։ Պարզվում է՝ բոլորն էլ նույն դեւին են ծառայում, այլապես չէին քնեցնի մարդկանց, կուղղորդեին համապատասխան տեղ, ու հիմա էլ այս վիճակը չէր լինի»։