Այսօր ավելի շատ մարդ մահանում է ճարպակալումից, քան քաղցից․ Պավել Դուրով

Այսօր ավելի շատ մարդ մահանում է ճարպակալումից, քան քաղցից․ Պավել Դուրով

Telegram մեսենջերի եւ «ВКонтакте» սոցկայքի հիմնադիր Պավել Դուրովն իր բլոգում քննադատել է ավելորդ սպառողականությունը։ «Մեր խնդիրների մեծ մասը առաջանում են նախ եւ առաջ ավելորդ սպառողականությունից»,- մասնավորապես հայտարարել է Դուրովը։

Նա նշել է, որ կորպորացիաները ջանքեր են ներդնում, որպեսզի մարդկանց համոզեն ավելի շատ ապրանքներ գնել, իսկ տնտեսական համակարգերը առաջին հերթին ուշադրություն են դարձնում ՀՆԱ-ի աճի եւ կորպորացիաների եկամուտների աճի վրա։ «Այսօր ավելի շատ մարդ մահանում է ճարպակալումից, քան քաղցից»,- նկատում է ռուս միլիարդատերը։

Նա հայտարարել է, որ սպառողականությունը մեծ օգուտ չի բերում, եւ «զբոսանավեր, օդանավներ եւ թանկարժեք անշարժ գույք գնելու փոխարեն» կարելի է զբաղվել սոցիալական հարթակների ստեղծմամբ։ Նա խոստովանել է, որ իր հարստանալու պատճառներից մեկը եղել է այն, որ նրա համար փողը երբեք առաջնահերթ կարեւորություն չի եղել։

«Ես բարեբախտություն եմ ունեցել վաղ տարիքում դառնալ հարուստ մարդ։ 22 տարեկանում իմ բանկային հաշվին կար 1 միլիոն դոլար։ 25 տարեկանում արդեն՝ տասնյակ միլիոններ, 28-ում՝ հարյուրավոր միլիոններ, սակայն դա ինձ երբեք չի ուրախացրել»,- խոստովանել է նա։

Դուրովը հույս է հայտնել, որ ժամանակակից հասարակությունը ուշ թե շուտ կհրաժարվի «անվերջանալի սպառողականությունից» եւ կոչ է արել ստեղծել լավագույն աշխարհը ինչպես սեփական անձի, այնպես էլ շրջապատի մարդկանց համար։