Ես նման իրավիճակների համար «զապաս» 40 հատ Սահմանադրություն ունեմ

Ես նման իրավիճակների համար «զապաս» 40 հատ Սահմանադրություն ունեմ

Այսօր Ազգային ժողովում քննարկվում էր «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը որոշակի մտահոգություններ ուներ նախագծի հետ կապված։

«Այդուհանդերձ, մենք ունենք 36-37 համայնք, որոնք ստացել են սահմանապահ համայնքի կարգավիճակ, քննարկենք, գուցե այդ համայնքների համար մեկ միլիոնի շեմը հանվի, քանի որ սահմանին թշնամին է, և եթե մեկը ցանկանում է սահմանապահ համայնքներում, որոնք պահում են մեր թիկունքը, անանուն նվիրատվություն անել, այդ հնարավորությունն այդ մարդկանց համար տրվի»,-ասաց նա:

Ըստ Զոհրաբյանի՝ ովքեր հասկացան իր ելույթը, հասկացան նաև իր մտահոգությունները: «Բայց քանի որ ինձ համառորեն ինչ-որ դասեր են տալիս, ես պետք է փորձեմ բարեկրթության սահմաններում արձագանքել. ով ինձ դաս է տալիս, խորհուրդ եմ տալիս կարդալ Սահմանադրությունը, պատրաստ եմ նվիրել, ես նման իրավիճակների համար «զապաս» 40 հատ ունեմ, որտեղ նշված է, թե քննիչ հանձնաժողովները որ թվից են մտել ուժի մեջ: Երբ անընդհատ շահարկվում է Նոր Հայաստան, ժողովուրդ, Նոր Հայաստանում կոռուպցիոն դեպքեր չկան և չեն կարող լինել, ինձ հիշեցրեք, որ մի քանի օր առաջ էլ բռնեցին Նոր Հայաստանի բարձրադիր պաշտոնյաների, սա ո՞ր Հայաստանում է, ինձ թվում է` Նոր Հայաստանում է»,-ասաց նա: 

Պատգամավորը կոչ արեց այս մենտորական տոնը դնել մի կողմ, այս ամբիոնը չօգտագործել չճշտված տեղեկություններ, հայտարարություններ անելու համար, որոնք ուղղակի հիմնազուրկ են: «Ունեի մտահոգություններ, քանի որ նախորդ իշխանության ժամանակ այդ նվիրատվությունները շատ դեպքերում փոշիացվել են, և որևէ մեկը չի կարող որևէ մեկին արգելել ողջամիտ մտահոգություններ, կասկածներ հայտնել այս ամբիոնից: Իսկ, տիկին Ղազարյան, Ձեզ ժպիտն ավելի է սազում, ժպտացեք»,-ասաց Զոհրաբյանը։