Մենք խորթ զավակների շարքում ենք
Պետական կամերային երաժշտական թատրոնի ճակատագիրը շարունակում է մնալ օդում կախված։ Շաբաթներ առաջ Նիկոլ Փաշինյանին ուղղված եւ վերջերս ստացած նամակի պատասխանը, թատրոնի կարծիքով, «միակողմանի» է, ուստի թատրոնի անձնակազմի խնդրանքը՝ հանդիպել անձնապես Փաշինյանի հետ, նույնպես շարունակում է մնալ անպատասխան։ Թատրոնի գլխավոր ռեժիսոր Սամսոն Ստեփանյանը նշեց, որ առայժմ պաշտոնական որեւէ տեղեկություն չկա, թատրոնը շարունակում է աշխատանքները, սեպտեմբերի 17-ին բացելու են նոր թատերաշրջանը եւ արձակուրդից հետո աստիճանաբար անցնում են նորմալ աշխատանքային ռիթմի։ «Աշխատում ենք նախ մտահոգությունների մթնոլորտը ցրել եւ ստեղծել նորից ստեղծագործական մթնոլորտ, նոր ներկայացումների ծրագրեր կան։ Մի խոսքով, մեր բնականոն կյանքով ապրում ենք, իսկ թե հետո ինչ կլինի, ըստ այդմ մեր անելիքը կորոշենք»,- մեզ հետ զրույցում ասաց Ստեփանյանը։
Պաշտոնական ատյանների լռությունից կարո՞ղ ենք ենթադրել, որ գուցե թատրոնի կոլեկտիվի, նաեւ որոշ թատերական գործիչների բողոքի ձայնը տեղ է հասել, եւ նախարարությունը հետ է կանգնել այդ մտադրությունից։ «Դա նախարարության որոշելիքը չէ, նա ընդամենը միջնորդ է այստեղ եւ կատարում է կառավարության հրամանն ու հրահանգը։ Նախարարությունը կարող է խորհրդատվական միջամտություն ունենալ տվյալ հարցում, բայց, ինչ խոսք, ես էլ հակված եմ Ձեր կարծիքին եւ հույս ունեմ, որ այս գործընթացը կասեցվել է, եւ նպատակահարմար չեն համարում շարունակել, որովհետեւ իսկապես խոսքը գնում է թատրոն փակելու մասին»։
Հիշեցնենք, որ մոտ երկու ամիս առաջ ԿԳՄՍ նախարարությունը բարձրաձայնեց իր ցանկությունը՝ միավորել Պարոնյանի անվան կոմեդիայի եւ Պետական երաժշտական կամերային թատրոնները։ Սակայն Կամերային թատրոնի ստեղծագործական ու տեխնիկական անձնակազմն ընդդիմացավ, քանի որ երկու թատրոնները բովանդակային եւ խաղացանկային առումով անհամատեղելի են։
Այն դիտարկմանը, որ կոլեկտիվը չէր բացառում նաեւ 3-րդ կողմին՝ Սերգեյ Սմբատյանին հանդիպելու եւ հարցը քննարկելու տարբերակը (քանի որ թատրոնի տարածքը հենց նվագախմբին պետք է հատկացվեր՝ որպես փորձատեղի), թատրոնի ռեժիսորը նշեց, որ այդ քննարկմանը չի եղել եւ դա համարում է ավելորդ․ «Ամեն մարդ թող ինքը որոշի՝ իր բարոյական չափանիշներով ինչ քայլեր է անում, որովհետեւ մեր քայլերի հանրագումարով է որոշվում, թե ով ենք մենք, եւ ոչ թե խոսքերով։ Եթե ինքը՝ որպես մտածող, ստեղծագործող արվեստագետ, համարում է, որ կարող է գալ ու մեկ այլ մշակութային օջախ ներխուժել, ապա խնդրեմ՝ դա իր անձնական գործն է»։
Օրեր առաջ կառավարությունը որոշում կայացրեց համապատասխան աջակցություն ցուցաբերել Երեւանի կամերային եւ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոններին՝ «Թատերահամերգային կազմակերպությունների նյութատեխնիկական բազայի համալրման համար»։ Սա նշանակում է, որ պետությունը նույն հաջողությամբ կարող էր որոշակի գումար հատկացնել նաեւ երաժշտական կամերային թատրոնին, հատկապես որ իրենց թատրոնը եւս ունի նյութատեխնիկական բազայի վերազինման կարիք, բայց նպատակահարմար չի գտել․ «Կա «խորթ եւ հարազատ զավակ» հասկացությունը, մենք խորթ զավակների շարքում ենք գտնվում, եւ դա միշտ է եղել, իրենք ունեն իրենց պրոտեժեների շրջանակը եւ աշխատում են նրանց հետ։ Դա ինձ համար նորություն չէ»։
Կարծիքներ