90 ընտանիք հայտնվում է դրսում, կառավարությունը ոչինչ չի անում, պահանջում ենք վարչապետի հետ հանդիպում

90 ընտանիք հայտնվում է դրսում, կառավարությունը ոչինչ չի անում, պահանջում ենք վարչապետի հետ հանդիպում

«Մենք արդեն մի քանի անգամ եկել ենք կառավարություն, մեր հարցի մասին տեղյակ ենք պահել, բայց դուրս է գալիս, որ մինչեւ հիմա ոչ մեկ ոչ մի բան չի արել։ Հատուկ քննչական էլ ենք դիմել, բայց ոչ մի լուրջ ընթացք չկա։ Այսինքն՝ սա կարող է տարիներ քաշել, բայց ոչ մեկ ոչ բան չանի՞»։ Այս մասին քիչ առաջ կառավարության շենքի դիմաց մեկնարկած բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Նշենք, որ կառավարության շենքի մոտ հերթական բողոքի ակցիան է մեկնարկել։ Այստեղ են  «Ասիամեգաստրոյ» ՍՊԸ-ի կողմից կառուցվելիք բազմաֆունկցիոնալ բնակելի շենքի շահառուները: Հավաքվածների պնդմամբ՝ կառուցապատողներն արդեն երկու տարի է՝ խաբում են շուրջ 90 բնակարանատիրոջ, շենքն այդպես էլ չեն կառուցում։ Ակցիայի մասնակիցները ասում են՝ վճարել են բնակարանների գումարը, սակայն այդպես էլ բնակարան չեն ստացել, իսկ կառուցապատողը չկա։ Բնակարանների շահառուները ուզում են կառավարության ներկայացուցիչներից լսել՝ ինչ է լինելու իրենց բնակարանների ճակատագրերի հետ ու սպասում են հանդիպման կառավարության որևէ անդամի հետ։ Նրանք վերահսկողություն են պահանջում կառավարության կողմից։

«Անցած անգամ նորից եկել էինք, ասացինք, որ անպայման ուզում ենք հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ, բայց նա չի հանդիպել, աշխատակազմից են ներկայացուցիչներ եկել, ասել, որ ուզում են ինչ-որ բան անել, բայց մինչեւ էսօր, կրկնում եմ, ոչ մի բան չեն արել։ Սնանկության դատավարություն ունենք ու հիմա եթե այստեղ սնանկացնում գնաց, ստացվում է, որ այսքան մարդ ուղղակի հայտնվելու է դրսում, 90 ընտանիք կհայտնվի դրսում։ Պապիկյանը տեղեկացանք, որ արձակուրդի մեջ է, հիմա մենք պահանջում ենք, որ վարչապետի հետ հանդիպենք, բա ուրիշ ի՞նչ անենք, դուք ասեք։ Մենք հիմա կառուցապատող էլ ենք ճարել, բայց էն մարդը ասում է՝ եթե կառավարությունը միջոցներ ձեռնարկի, ես պատրաստ եմ աջակցել։ Հիմա պիտի կառավարությունը նախաձեռնի, բայց ոչինչ չի անում, էդ է ամբողջ խնդիրը։ Այն մի ընկերությունը սնանկացել է, շատ մեծ պարտքեր ունեն՝ միլիոնների հասնող, սնանկացել են ու ամեն ինչ կանգնել է»,- հավելեց ակցիայի մասնակիցը։