Կույրին չես կարող ցույց տալ, խուլին չես կարող բացատրել. Վիգեն Խաչատրյան

Կույրին չես կարող ցույց տալ, խուլին չես կարող բացատրել. Վիգեն Խաչատրյան

«Հայտնի ասացվածք կա, որ կույրին չես կարող ցույց տալ, խուլին չես կարող բացատրել, տկարամիտին չես կարող հասկացնել։ Մենք այս երեւույթի հետ գործ ունենք, եւ ուրեմն, կույրի, խուլի եւ տկարամիտի հանդիպելիս չպետք է բանավիճել, անիմաստ է, որովհետեւ ջղագրգիռ արձագանքները փաստում են իրենց քաղաքական մոտալուտ վախճանը»,-ԱԺ լիագումար նիստում այսօր հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ նիստերի դահլիճում միջադեպ էր եղել։ Վիգեն Խաչատրյանը սրիկայություն էր անվանել այն հանգամանքը, որ ընդդիմությունը կասկածի տակ է դնում «Հայաստան համահայկական հիմնադրամի» գործունեությունը։ Ի պատասխան «Հայաստան» դաշինքից Գեղամ Մանուկյանը, նկատի ունենալով Խաչատրյանի՝ «Հայաստանն առանց Արցախի ապագա չունի» թեզը շատ վտանգավոր է» խոսքերը, ասել էր, որ Արցախն ուրանալն է սրիկայություն ու դավաճանություն։

«Պնդում եմ, որ դավաճանները, որպես կանոն, խոսում են դավաճանության մասին, հողատուները՝ հողատվության։ Պատմական փաստերը մենք ունենք, թե ով, երբ եւ ինչ հող է տվել, ով ում է դավաճանել եւ արդյունքում մեր ազգը ինչի է հասել։ Այսօր դրա ժամանակը չկա։ Ժողովրդի ընտրությունը կատարված է, ՀՀ-ում կա լեգիտիմ իշխանություն եւ, դժբախտաբար, լեգիտիմ ռեւանշիզմ։ Որքան շատ են նրանք ջղագրգիռ դառնում, այնքան մոտենում է նրանց քաղաքական վախճանը»,-հավելեց Վիգեն Խաչատրյանը։