Անվճար տեղերի կրճատումը խնդիրներ է առաջացրել 

Անվճար տեղերի կրճատումը խնդիրներ է առաջացրել 

Եթե նախկինում ներառական կամ ցածր առաջադիմություն ունեցող երեխաները դիմում էին ուսումնարաններ, քոլեջներ եւ անարգել ընդունվում, անցած տարվանից ընդունելությունը փոխվել է, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները սկսել են կարեւորել դպրոցից տարած գնահատականները։ Սա սոցիալական խնդիրներ է ստեղծել հիմնականում այն երեխաների մոտ, ովքեր անվճարունակ ընտանիքներից են եւ հիմա պետք է կա՛մ վճարովի սովորեն, կա՛մ ընդհանրապես չսովորեն։ 

«Այս հարցը պետությունը թող այնպես կարգավորի, որ այդ երեխաների քննական գնահատականները հաշվի չառնեն, եթե երեխան ուզում է ընդունվել խոհարարական ուսումնարան, թող ընդունվի անվճար համակարգ, առանց դպրոցից բերած նրա գնահատականները հաշվի առնելու։ Ներառական երեխաներին պետք է հնարավորություն տան գոնե արհեստ սովորելու եւ պայմանները հավելյալ չբարդացնեն նրանց համար»,- մեզ հետ զրույցում նկատեց ծնողներից մեկը։  

Երեւանի N1 արհեստագործական պետական ուսումնարանի տնօրեն Շողեր Խանզադյանից հետաքրքրվեցինք, թե ներառական կրթությամբ երեխաներն ինչ կարգով կարող են ընդունվել ուսումնարաններ, նրանց համար արդյոք գործո՞ւմ է անվճար համակարգ, ինչին ի պատասխան տնօրենը նշեց, որ ներառական կրթությամբ երեխաների համար չի գործում որեւէ հատուկ կետ․

«Մենք ունենք ներառական երեխաներ, որոնք մեզ մոտ ընդունվել ու սովորում են հավասար պայմաններով, ինչպես մնացածը։ Մենք անհատական աշխատանք ենք կատարում, այն էլ այն դեպքում, երբ ուսումնարանների համար որեւիցե սոցմանկավարժի, հոգեբանի հաստիքներ էլ չկան։ Սա բավականին բարդացնում է իրավիճակը ընդունելության ժամանակ, որովհետեւ ծնողը մոտենում է մեզ, ում երեխան խնդիրներով է, ենթադրենք՝ աուտիկ է կամ դաուն համախտանիշով, եւ ուզում է ընդամենը, որ նա որեւիցե արհեստ սովորի, բայց ընթացքում որոշակի դժվարություններ են առաջ գալիս։ Այսինքն՝ երեխան եկել է խոհարարություն սովորելու, ու ինչքան էլ փորձում ես ծնողին համոզել, որ դանակների հետ գործ ունի խոհանոցում, որը վտանգ կներկայացնի, շատ հաճախ դա չի ընկալվում ու չի ընդունվում ծնողի կողմից»։ 

Իրավիճակը բարդացել է հատկապես այն մասով, որ ուսումնարանները մինչեւ անցած տարի բոլոր մասնագիտությունների գծով եղել են անվճար, իսկ անվճար տեղերի կրճատումն ակնհայտորեն բավական բարդություններ է առաջացրել։ «Մեզ մոտ անցած տարվանից կրճատվեցին անվճար տեղերը ու դրա փոխարեն ավելացան վճարովի տեղերը։ Սա է տարբերությունը անցած ու նախորդ տարիների միջեւ»,- ասում է նա ու ընդգծում, որ ներառական երեխաներն առավելություն չունեն այս մասով, նրանք ընդհանուր հիմունքներով մասնակցում են ընդունելության գործընթացին։ 

Որքանո՞վ է ճիշտ պետական նման մոտեցումը, տնօրենը հաստատապես նկատում է՝ սխալ է․ «Կցանկանայի, որ կարգով որեւէ փոփոխության կետ լիներ, որով իրենք առաջնահերթ լինեն նման հարցերում, որովհետեւ եթե երեխան դպրոցում ոչինչ չի անելու, բայց ուսումնարանում հնարավորություն ունի գոնե արհեստի մեջ որոշակիորեն հմտանալու, ըստ այդմ՝ ընդհանուր հիմունքներով նրանց ընդունելն աբսուրդ է, եւ այս պարագայում նրանք միայն տուժողի դերում են, որովհետեւ գալիս են բավականին ցածր գնահատականներով, իսկ ընդունելությունը մրցութային հիմունքներով է՝ գնահատականների հիման վրա է կատարվում։ Այս դեպքում էլ են դուրս մնում՝ կախված նրանից, թե քանի տեղ է, կամ քանի երեխա է դիմել»։         

Նախկինում հաշվի առնվո՞ւմ էին ներառական երեխաների՝ դպրոցից բերած միավորները։ «Մինչեւ անցած տարի հաշվի է առնվել, եւ կարծում եմ՝ էլի հաշվի կառնվի, որովհետեւ դպրոցի վկայականի հիման վրա է կատարվում ընդունելությունը»,- ասում է տնօրենն ու ընդգծում, որ կոնկրետ իրենց ուսումնարանում անվճար տեղերի քանակը կրճատվել է մոտ 30 տոկոսով․ «Հետո՝ նայած մասնագիտություն, խոհարարների դեպքում ամեն տարի ունենում էինք 40 անվճար տեղ, իսկ այս տարի ունեցել ենք 16-ը»։

«Հիմա ունենք դաունի համախտանիշով երկու երեխա, ալցհեյմերով տառապող մեկ երեխա, իրենց հետ աշխատանքն անհատական է տարվում,- ասում է տնօրենն ու նկատում, որ այդ երեխաներն այն տարիքային խմբում են, որ նրանց նաեւ մյուս երեխաներն են դասի ժամանակ խանգարում։- Օրինակ, դպրոցներում կան հատուկ մասնագետներ, որոնք զբաղվում են հատուկ կարիքներ ունեցող երեխաներով, բայց մեզ մոտ չկա, եւ այդ հոգսն ընկնում է բոլոր մանկավարժների վրա: Որպես այդպիսին, փոփոխությունների սկիզբը դրվեց անցած տարի, երբ նախարարության միջնորդությամբ փորձեցինք նոր հաստիքացուցակներ մշակել, առաջարկություններ ներկայացրինք, որ կոնկրետ սոցմանկավարժ, հոգեբան են անհրաժեշտ մեզ, քանի որ դպրոցից շատ քիչ ենք տարբերվում, նույն հանրակրթությունն ենք իրականացնում եւ լրացուցիչ՝ մասնագիտություն ենք սովորեցնում։ Այսինքն՝ այսօր ուսումնարանները երկու խնդիր են լուծում միաժամանակ»։