Ոչ միայն Պուտինին ձերբակալելու, այլ ստորագրություններ ևս պիտի հետ կանչի

Ոչ միայն Պուտինին ձերբակալելու, այլ ստորագրություններ ևս պիտի հետ կանչի

Այս իշխանությունն անելուց հետո է գիտակցում, թե ինչ է արել։ Տնտեսական, քաղաքական , անվտանգային, հարկային ոլորտներում մեծ-մեծ որոշումներ  է ընդունում։ Հետո՝  կամ որոշումները հում լինելու պատճառով չեն ուտվում,  մնում են «քնած» կամ երբ  տեսնում է, որ իր ընդունած որոշումը  հնարավոր չէ «կերցնել, քնեցնել» , ինքը իր ընդունած որոշումը  հետ է կանչում։ Ասել է թե՝ ուտելիքը իր թշերով ու լնդերով լամլմելուց հետո համոզվում է, որ չի մանրվում, չի կարող մանրել, մի կողմ է դնում։
Նույն կերպ վարվեց՝  Եվրոպայի խորհրդից (ԵԽ) հռչակագրի հետ, որով  սատարում էր Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) հրամանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի «ձերբակալման» վերաբերյալ։ Նա հետ է կանչել իր ստորագրությունը։

Հետաքրքիր է ՝ ի՞նչ էր մտածում, երբ ստորագրությունը դնում էր այն հռչակագրի տակ, որով ԵԽ անդամները կոչ են անում ստեղծել «Ուկրաինայի դեմ ագրեսիայի հանցագործությունների համար» հատուկ տրիբունալ, ինչպես նաև թվարկում են Պուտինի, երեխաների օմբուդսմեն Մարիա Լվովա-Բելովայի, Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի և Ռուսաստանի այլ քաղաքական գործիչների «ձերբակալման» օրդերները։ 

Մի փոքրիկ դրվագ եմ հիշում Չերչիլի ու Ստալինի կյանքից, որը սովետական շրջանում շատ էին պատմում։ Վերարտադրում եմ դրվագը ոչ ուղղակի։ Չերչիլը որոշում է, որ երբ Ստալինը ներս մտնի, ոտքի չկանգնի։ Այդպես էլ հայտարարում է հանդիպման մասնակիցներին՝ ինչու՞ պիտի տեղիցս վեր կենամ ու ծափահարեմ։ Մտնում է Ստալինը։ Ամբողջ դահլիճը մի մարդու նման տեղից վեր է թռնում ու ծափահարում։ Ստալինի աչքերը ընդգրկում, չափում  են դահլիճը։ Չերչիլը համարյա ցատկում է տեղից ու սկսում ծափահարել։ Երբ հանդիպման մասնակիցները հարցնում են՝ ինչու՞ կանգնեցիր, չէ՞ որ ասում էիր․․․ Չերչիլն ասում է․
-Ոտքերս իրենք  իրենց բարձրացան, ես մեղավոր չէի․․․

Հիմա Նիկոլ Փաշինյանն է։ Ռուսական մամուլը ակտիվորեն քննարկում ու լուսաբանում է Երևանի դիրքորոշման, ասել է թե՝ Փաշինյանի դիրքորոշման փոփոխությունը։ Նույն պատասխանը կտա՝ ձեռքերս իրենք իրենց  հետ կանչեցին Պուտինին ձերբակալելու ստորագրությունը։

Հարցին՝ Ռուսաստանի նախագահին ձերբակալելու որոշում կկայացվի՞, թե՝ ոչ, եթե նա գա Հայաստան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի  բրիտանական «The Telegraph»-ին տված հարցազրույցում հստակ պատասխան չէր տվել՝ ասելով, որ Հայաստանում գործում է իշխանությունների տարանջատման սկզբունքը, և ինքը չի կարող ցուցումներ տալ իրավապահ մարմիններին, ուստի չի կարող ասել՝ ինչ կլինի այդ պարագայում։ 

Պուտինին ձերբակալելու, ինչպես նաև իր պատասխանատվության ենթակա բոլոր հարցերում Փաշինյանն իրեն մեղավոր չի ճանաչել։ Վեց տարի է՝ պատերազմից, Արցախի հանձնումից, երկիրը մասնատելուց, տասնյակ հազարավոր զոհերի ու հաշմանդամների մեղքը  Փաշինյանն իր վրա չի վերցնում։ Մեղադրում է զինվորներին, ժողովրդին, նախկիններին, Ռուսաստանին, բոլորին, բայց ոչ իրեն։  Արցախն Ադրբեջան համարողն ու ստորագրողը  մեղքը գցում է Արցախի յոթնօրյա նախագահի վրա։ Պուտինին ձերբակալելու որոշումն անգամ  գցել է իրավապահների վրա՝ ես գործ չունեմ, , չեմ կարող նրանց ցուցում տալ, նրանք ինչ կանեն՝ կանեն։ Այսինքն՝ նա աթոռը պահելու գերմարդկային ճիգերով սպասում է, թե նժարը որ կողմը կթեքվի, որ այդ կողմն էլ թեքվի․․․
Պուտինին ձերբակալելու վերաբերյալ ստորագրությունը հետ է կանչել։ Ոչ միայն Պուտինին ձերբակալելու, այլ ստորագրություններ ևս պիտի հետ կանչի․․․