Առաջվա 5000 դրամներին այժմ փոխարինում են աշխատանք տալու խոստումները

Առաջվա 5000 դրամներին այժմ փոխարինում են աշխատանք տալու խոստումները

Նախորդ ընտրությունները Սյունիքի մարզի Սիսիան խոշորացված համայնքում անցան աղմկոտ, մի քանի ուժ հաղթահարեց անցողիկ շեմը, բայց նրանցից ոչ մեկը որակյալ մեծամասնություն չունեցավ։ Նաև կոալիցիա չկարողացան կազմել, ավագանու ոչ իշխանական անդամներից մեկին համոզեցին` մասնակցեց, մի նիստ արեցին, ընտրեցին համայնքապետ, սակայն ՔՊ-ի թեկնածուն այդպես էլ չկարողացավ անցնել իր պարտականությունների կատարմանը, եւ ստիպված եղան համայնքապետի ԺՊ-ին «հրաժարեցնել» ու գնալ նոր ընտրությունների: Ահա, նոր ընտրությունները նշանակված են մարտի 26-ին, եւ Սիսիանը պատրաստվում է դրանց:

Ընտրություններին այս անգամ մանսկացում է երեք ուժ: Դրանք են` Քաղպայմանագիրը, «Քաղաքացու որոշումը» եւ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը: «Քաղաքացու որոշում» կուսակցության 7-րդ համարը զբաղեցնող Մհեր Ազոյանը «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ քարոզարշավը Սիսիանում մարտի 1-ին է մեկնարկել, ավարտվելու է մարտի 24-ին: Չնայած նրան, որ ընդամենը 15 օր է մեկնարկել է այն, սակայն իշխանական թեկնածուն հասցրել է խախտումներ թույլ տալ, որը մրցակիցներն արձանագրել են:

«Իշխանական թիմն անօրինական կերպով պաստառներ է փակցրել հենասյուների` «ստոլբաների» վրա: Մենք հանձնաժողով ենք դիմել: Մոտ 40, գուցե ավելի նախընտրական պաստառներ են փակցրել, ինչն անօրինական է: Համայնքային սեփականության վրա չի կարելի պաստառ փակցնել, այն էլ` նախընտրական շրջանում: Իշխանական թեկնածուն էլի խախտումներ է արել, սակայն այդ մասին կխոսեմ առաջիկայում», - նշում է Մհեր Ազոյանը:

Նրա խոսքով` Սիսիանի բնակչության մի մասը վախեցած է, մյուս մասն` անտարբեր. «Առաջվա 5000 դրամներին այժմ փոխարինում են աշխատանք տալու խոստումները: Էն ժամանակ մարդը 5000 դրամ էին բաժանում, հիմա մեկին մի պաշտոն են տալիս, տվյալ մարդու բարեկամությունը` վերջ, ընտրում է այդ ուժին, սա է մեխանիզմն այսօր: Իհարկե, առողջ դատողություն ունեցող մարդիկ էլ շատ կան, սակայն նրանք մեծամասնություն չեն»: Մեր զրուցակցի կարծիքով` այս անգամ ևս 50+1 տոկոս ձայն որևէ ուժ չի հավաքելու, արդյունքում Սիսիանը կրկին չի ընտրելու համայնքապետ: Մհեր Ազոյանը նաև նշեց, որ տարբեր հանդիպումներ են ունենում սիսիանցիների հետ. «Հանդիպում ենք մարդկանց հետ, գնում ենք նաև գյուղական համայնքներ»- նշեց նա:

Ի դեպ, ՏԻՄ ընտրություններին եւ համայնքներում իշխանություն ձեւավորելու պրոցեսներին հետեւող մարդիկ ավելի ու ավելի են հակվում, որ մեծամասնական ընտրակարգով համայնքներում իշխանություն ձեւավորելը սխալ է եւ այս օրենքը լավ չի աշխատում` գրեթե ամենուրեք հետընտրական ճգնաժամեր են առաջանում, հնարավոր չի լինում համայնքապետ ընտրել, հետագայում Ավագանու նիստեր անցկացնել եւ համայնքի կառավարումը մտնում է փակուղի եւ խիստ բարդանում: Էլ չասած, որ իշխող ուժն ամեն ինչ անում է, որ համայնքներում ոչ թե ընտրվի, այլ զավթի իշխանությունը եւ այդ նպատակին հասնելու համար ոչնչի առաջ չի կանգնում` ընդհուպ ընտրված թեկնածուներին բռնելու, դատելու, նրանց կողմնակիցների վրա ճնշումներ գործադրելու, ազգուտակերին հալածելու: