Ձեր նշած դեպքերը, նախորդների «տրամաբանական» շարունակությունն են

Ձեր նշած դեպքերը, նախորդների «տրամաբանական» շարունակությունն են

«Հրապարակի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

- Ոստիկանները հատկապես վերջին շրջանում բավականին ագրեսիվ վարքագիծ են ցուցաբերում: Նախ Դիլիջանում քրեականի պետը 16-ամյա դեռահասին առանձնակի դաժանությամբ ծեծի ենթարկեց, կիրակի օրն էլ ոստիկանների մասնակցությամբ հերթական դեպքը տեղի ունեցավ Գինու փառատոնի ժամանակ: Ինչո՞ւ են նման վարքագիծ դրսևորում ոստիկանները:

- Ցավոք, սխալվում եք։ Ոստիկանները միայն վերջին շրջանում չէ, որ ագրեսիվ վարքագիծ են դրսևորում։ Արդեն, 2018 թվականի ստի և կեղծիքի հեղափոխությունից քիչ անց, Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակ, վարչապետ կոչեցյալը, հարթակից կոչ արեց ոստիկանությանն ու ԱԱԾ-ին, ոմանց «ասֆալտին փռել»։ Եվ այդ ծառայությունները կատարեցին անօրինական հրամանը՝ ասֆալտին փռելով և նվաստացնելով մարդկանց։ Այնուհետև, այդ գործելակերպը շարունակվեց քաղաքական հակառակորդների նկատմամբ։ Հիշենք նաև համաճարակի օրերին, դիմակ չկրող քաղաքացիների հանդեպ ոստիկանների վայրենությունները։ Իսկ 2021- 2022 թթ․ խաղաղ ցուցարարների նկատմամբ վայրենություննե՞րը, էլ ոտք ու ձեռք կոտրել, էլ թքել քաղաքացու դեմքին, էլ ըմբշամարտի հնարք կիրառել, վայրենի ձևով զոհվածների ծնողներին հեռացնելը Եռաբլուրից։ Վերջապես, վերջերս ոստիկանական բաժանմունքում երկու անչափահասների և նրանց փաստաբանների ծեծը։ Այնպես որ, ձեր նշած դեպքերը, նախորդների «տրամաբանական» շարունակությունն են։ Իսկ ոստիկանի նման վարքագիծը, ոչ թե պատժվում է, այլ իմ համոզմամբ՝ խրախուսվում։ Այսօր, վարչապետ կոչեցյալի հիմնական հենարանը հենց ոստիկանությունն է, այլ ոչ թե ԱԺ-ում ներկայացված ՔՊ-ական կոճակները։ Եվ այս է պատճառը, որ ոստիկանությունը, բացի վարչապետ կոչեցյալի հրամաններ կատարելուց, նաև այլ հարցերում, իրեն զգում է արտոնյալ և վստահ, որ չի պատժվի։

- Ինչպե՞ս կարելի է զսպել ոստիկաններին, կանխել նրանց կողմից գործադրվող այդքան արատավոր բռնության դեպքերը:

- Այս ամենը փոխելու համար, անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմանն իշխանափոխությունն է։ Հուսանք, որ շուտափույթ իշխանափոխությունից հետո, նոր իշխանության համար իրավական պետություն հասկացությունը կլինի ոչ թե դատարկ կարգախոս, այլ իրական արժեք։

- Հայաստանի իրավապաշտպան կազմակերպություններն ու ՀԿ-ները դեռ ամիսներ առաջ ասում էին, որ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը պետք է հեռանա: Ստացվում է, որ իրավապաշտպանները խնդիրը Ղազարյանի անձի մեջ են տեսնում: Ինչո՞ւ, որքանո՞վ է Ղազարյանի անձը էական դեր խաղում այս բռնությունների դեպքերի մեջ:

- ՀԿ-ների հայտարարությունն ինձ հիշեցրեց Գապոն քահանայի հայտնի խոսքը, որ այս ամենի մասին ցարը չգիտի։ Սա անհաջող փորձ  էր վարչապետ կոչեցյալից մեղքն  այլ անձի վրա գցելու։ Նրանք կարող են մեղմորեն քննադատել այս կամ այն պաշտոնյային, նաև քաղաքացու դեմքին թքելու համար, բայց վարչապետ կոչեցյալին՝ երբեք, քանի որ նրանք բոլորը կողմ են Արցախի հանձնմանը։

- Եթե Ղազարյանը հեռանա ոստիկանները կդադարե՞ն բռնություն գործադրել:

-Ինչպես ասացի, բռնությունների գործադրումը վարչապետ կոչեցյալի հրահանգն է։ Ուղղակի երկար փնտրտուքից հետո նա գտավ այն անձնավորությանը, որը պատրաստ է կատարել իր բոլոր քմահաճույքներն ու անօրինական հրամանները։ Այնպես որ, առաջին՝ ՆԳՆ նախարարը չի փոխվի, երկրորդ` նրա անհավանական հրաժարականից կամ հեռացումից հետո նոր նախարարը կգործի նույն, հնարավոր է առավել բռնի մեթոդներով, հաճոյանալու համար իր շեֆին։