Մարտական ենք տրամադրված, բայց մենակ ենք ու մենակ

Մարտական ենք տրամադրված, բայց մենակ ենք ու մենակ

«Անկախ դժվարություններից ու ստեղծված խոչընդոտներից, Արցախում հուսահատված մարդիկ չկան, որովհետեւ սա, ինչպես արդեն երեւում է, մեր բախտն է ու մեր ճակատագիրը,- ասում է Արցախի Հանրապետության ժողովրդական արտիստ, Ստեփանակերտի թատրոնի դերասան, ռեժիսոր Քաջիկ Հարությունյանը։- Չենք հուսահատվում, այդ շրջափակմանը ե՛ւ սովոր ենք, ե՛ւ դիմակայելու ենք, ե՛ւ, բոլոր դեպքերում, մինչեւ վերջ էլ մեր նպատակին հասնելու ենք։ Կարեւորը սա է, իսկ մարդկանց տրամադրությունը, որ ասեմ՝ հուսահատական է, ոչ, այդպես չէ, ընդհակառակը՝ գնալով ավելի ենք մարտական տրամադրվում, բայց էլի պիտի ասեմ, որ մենակ ենք ու մենակ։ Այ, դա է ցավոտ, չորս կողմից մենք օգնության հույս չունենք եւ չենք էլ տեսնում, մենք՝ մեզանով»։

Արցախում ինչպե՞ս են գնահատում թե՛ ՀՀ, թե՛ Արցախի իշխանությունների պահվածքը, հայտարարությունները, քայլերը։ «Անձամբ ես շատ վատ եմ գնահատում, որովհետեւ Հայաստանը, փաստորեն, իր փոքր եղբորը թողել է մի կողմ եւ դուռը փակել է փոքր եղբոր առաջ ու ասում է՝ մնա դռանը, սառչի, մի մտի տուն․․․ այ, սենց վիճակ է, եւ հիմա մենք այս վիճակում ենք, ու քանի դեռ այս իշխանություններն են Հայաստանում, ես ոչ մի լավ բան չեմ տեսնում, միայն հայտարարություններ են անում, եւ վերջ, բայց գործողություններ է պետք անել, հայտարարություններով ոչինչ չի ստացվի։ Մեր իշխանություններից էլ բան չես հասկանում, իսկ թուրքի ուզածը պարզ է, որին մերոնք չեն գնում ու չեն էլ գնալու»,-ընդգծում է նա։

Այս օրերին թե՛ Ռուբեն Վարդանյանը, թե՛ Արայիկ Հարությունյանը հանդիպումներ են ունենում տարբեր շրջանակների հետ, հանդիպումներից մեկի ժամանակ Ա․ Հարությունյանն ասել է, որ Արցախն ինքը պետք է խոսի Ադրբեջանի հետ։ Արցախում կո՞ղմ են այդ երկխոսությանը, հնարավո՞ր բան է։ «Այն, որ Ռուբեն Վարդանյանին ես վստահում ու հավատում եմ՝ դա միանշանակ է, իսկ թե Արայիկ Հարությունյանն ինչ է ասել, տեղյակ չեմ, բայց կարող եմ ասել, որ պետք է աշխարհի ամբողջ հայությունը միանա, բռունցքվի, միաբանվի, որպեսզի կարողանանք այս վիճակից դուրս գալ։ Ի՞նչ երկխոսություն պետք է լինի թուրքի հետ՝ չեմ հասկանում, թուրքն ուրիշ բան է ուզում եւ ասում է իր նպատակը՝ վերացնել հային։ Դե գնա երկխոսի, որ չվերացնեն։ Այդ ազգը չի հանդուրժում հայի գոյությունն ընդհանրապես աշխարհում, հիմա ի՞նչ երկխոսության մասին է՝ ես չգիտեմ։ Ակնհայտ է, որ այստեղ ուրիշ աշխարհաքաղաքական խաղեր են գնում»։ 

Քաջիկ Հարությունյանը զարմանում է, որ այս վիճակում հակառուսական ցույցեր են տեղի ունենում Հայաստանում, կիրակի օրը Գյումրիում նորից բողոքի ցույց էր՝ ռուսական ռազմաբազայի առաջ։ «Բայց ինչի՞, այդ ժողովուրդը կա՛մ չի պատկերացնում, կա՛մ ուղեղները լրիվ լվացել են, չէ՞ որ մենք ուրիշ պաշտպան չունենք, ինչո՞ւ են այդպես անում։ Որպես քաղաքացի եմ ասում՝ այսօրվա դրությամբ մեր այստեղ մնալը ռուսի շնորհիվ է, հիմա շատերն ասում են՝ թող ռուսը դուրս գա Արցախից, Հայաստանից, բայց եթե գնա, ո՞վ գա այստեղ, ոչ մեկն էլ չի գալու, թուրքն էլ դրան է սպասում, որ գա ու ինչ ուզում է՝ այստեղ անի, որեւէ մեկը գալո՞ւ է մեզ պաշտպանի։ Այստեղ նույնիսկ ռուսի հարցն էլ չէ, այլ այն, որ հայ ազգը պետք է միաբանվի։ Հայաստանում քնած մարդիկ շատ են՝ դա ինձ վրդովվեցնում է, քնած են ու չեն ուզում արթնանալ, սա է հուսահատեցնողը, իսկ Արցախում հուսահատված մարդ չկա, իմ տարիքն այնպիսին է, որ ես 88-ին էլ եմ եղել այս վիճակում, անտառից փայտ էի բերում, որ չմրսենք, գիշերը լույս չկար՝ մոմի, կրակի լույսի տակ էինք մնում, այսինքն՝ մենք շատ վաղուց անցել ենք այս վիճակը։ Հիմա կարեւորը՝ հացը կա, սովի մատնված չենք, Հայաստանից մի քանի կոպեկ ուղարկում են, առեւտուր ենք անում, բայց կարեւորն այդ մի քանի կոպեկը չէ»,- ասում է նա ու անդրադառնում այն խոսակցություններին, որ այս իրավիճակը մինչեւ գարուն ձգվելու է․ «Մենք պատրաստ ենք նաեւ երկարաժամկետ շրջափակման, հիմա լույսը եթե 6 ժամ են կտրում, կարող ա հետո 10 ժամ կտրեն, դե գազն էլ իրենց ձեռքի խաղալիքն է դարձել, մեկ անջատում են, մեկ՝ միացնում, այդպես մեր ներվերի հետ են խաղում, մեզ են ջղայնացնում, որ իրենց նպատակին հասնեն, իսկ մերոնք քնած են ու քնած, մի անգամ էլ գալու են մտնեն, կոտորեն ու գնան։ Սա ցավով եմ ասում»։

Քաջիկ Հարությունյանն ասում է՝ չնայած սփյուռքում լինում են որոշակի ցույցեր, բողոքի դրսեւորումներ, բայց այն մասշտաբը չէ. «Մենք, փաստորեն, փակված ենք ու անհասանելի ենք աշխարհին, բայց Հայաստանը հասանելի է, եւ եթե կարողանան արտասահմանում հայությանը միավորեն, հայրենասիրության ոգի իրենց մեջ արթնացնեն ու նրանց ձայնը լսելի դարձնեն՝ շատ կարեւոր քայլ կլինի։ Իսկ թուրքը տեսեք ինչեր է անում աշխարհում, որովհետեւ միաբանված ուզում են վերացնել մեր ազգը։ Տեսաք, թե Երուսաղեմում այս օրերին ինչեր են անում հայերի հետ, աշխարհի ամեն ծայրում էլ այդ ընդհարումը լինելու է, քանի որ մենք այս վիճակում ենք ու մեր ներուժը ցույց չենք տվել։ Հայաստանում անտարբեր մարդիկ շատ կան, բայց պետք է մի բռունցք դառնան ու այս ղեկավարներին հեռացնեն, որովհետեւ ամեն ինչի պատճառը դրանք են»։