ԱՄՆ-ին իր շահերն են հետաքրքրում` ոչ ավելին
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը չարաչար ստում է` ասելով, որ ԱՄՆ-ն իր գործընկերների հետ շարունակում է ներգրավված մնալ Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ երկխոսությանը և Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող խնդիրների լուծմանն ուղղված ջանքերում: Այլապես ինչո՞ւ է Լաչինի միջանցքը փակ, ինչո՞ւ ԱՄՆ-ն իր գործընկերների հետ (ԵՄ. ԵԱՀԿ) համապատասխան քայլեր չի ձեռնարկում Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու և միջանցքը բացելու ուղղությամբ: Ի վերջո բոլորին է հայտնի, որ Հայաստանի և Արցախի միջև հուսալի միջանցքի գաղափարը ընկած է եղել ԵԱՀԿ ՄԽ բանակցային 30-ամյա գործընթացի հիմքում և դրա ջատագովն է եղել նաև ԱՄՆ-ը: Ավելին ասենք` Հենց ՄԽ համանախագահների առաջարկն է եղել որոշակի անվտանգ լայնությամբ միջանցքի ապահովումը:
Ի՞նչն է ուրեմն պատճառը, որ ԱՄՆ-ն իր գործընկերների հետ որևէ քայլ չի անում ընդամենը մի իշասայլի լայնությամբ միջանցքի բացման ուղղությամբ: Գուցե այն, որ այնտեղ ռուս խաղաղապահնե՞ր են կանգնած: Բայց չէ՞ որ ռուս խաղաղապահներն այնտեղ են հայտնվել 44-օրյա պատերազմի ժամանակ ԱՄՆ-ի և նրա գործընկերների ցուցաբերած հանցավոր անտարբերության և անգործության պատճառով: Ո՞ւր էր կորել Հայաստանի և Ադրբեջանի երկխոսության մեջ ԱՄՆ ամենօրյա ներգրավվածությունը:
«Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու մնալ Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգ, կայուն, ժողովրդավարական, բարգավաճ և խաղաղ ապագայի խթանմանը»,- ասել է Փրայսը: Հարց է առաջանում` ի՞նչն էր խանգարում այդքան «հանձնառու» ԱՄՆ-ին պատերազմ թույլ չտալու և Արցախի հարցը խաղաղ լուծման տանելու, եթե իսկապես այդ երկիրը խթանում է Կովկասի տարածաշրջանի «անվտանգ, կայուն, ժողովրդավարական, բարգավաճ և խաղաղ ապագայի» կերտմանը: Ես չէի զարմանա, եթե Նեդ Փրայսն ուղղակի ասեր, որ ԱՄՆ-ն Կովկասում ունի շահեր, որոնք պայմանավորված են Թուրքիայի և Ադրբեջանի հզորացմամբ, և եթե Արցախը խանգարում է դրան, ուրեմն Արցախի հարց չպետք է լինի:
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը նաև նշել է. «Մենք, իհարկե, ցանկանում ենք տեսնել, որ կողմերն իրենք են առաջընթաց գրանցում: Թե ինչպիսին է լինելու այս հակամարտության համապարփակ լուծումը, մեր որոշելու հարցը չէ: Դա ծանր աշխատանք է, որ կողմերն իրենք պետք է անեն»: Հարցի համապարփակ լուծման ուղղությամբ այդ ի՞նչ առաջընթացի մասին է երազում Փրայսը, որ կամա թե ակամա մոռանում է խոսել Հայաստանի սուվերեն տարածք ադրբեջանական զինված ուժերի ներթափանցման մասին: Չգիտի՞, արդյոք, պետդեպարտամենտի խոսնակը Ադրբեջանի պահանջների և մասնավորապես` Նախիջևանի հետ Սյունիքով արտատարածքային միջանցք ստանալու նկրտումների մասին: Գիտի, իհարկե, բայց ԱՄՆ-ին, փաստորեն պետք է հենց այդպիսի միջանցք և ոչ թե միջազգային նորմերին համապատասխան ճանապարհներ, որ առաջարկում է ՀՀ կառավարությունը:
Նաև մի այսպիսի հարց: Ո՞ր դեպքում ԱՄՆ-ը և նրա գործընկերներն իսկապես ամենօրյա ռեժիմով կներգրավվեն հայ-ադրբեջանական խնդիրների մեջ: Կարծում եմ` պատասխանը միանշանակ է: Նրանք քնից կարթնանան, երբ իրավիճակը կրկին փոխվի ի նպաստ Հայաստանի, երբ կրկին նախադրյալներ ստեղծվեն մինչև 2020թ. սեպտեմբերի 27-ի ստատուս քվոն վերականգնելու համար: Իսկ որպեսզի նման բան տեղի չունենա, ԱՄՆ-ին և նրա գործընկերներին ձեռնտու է, որ Հայաստանում լինի Նիկոլ Փաշինյանի ռեժիմը` միշտ անկարող որևէ բան փոխելու:
Կարծիքներ