Դիտավորությո՞ւն է եղել, թե՞ տեխնիկական խնդիր՝ կպարզի քննությունը

Դիտավորությո՞ւն է եղել, թե՞ տեխնիկական խնդիր՝ կպարզի քննությունը

«Հայաստանի ազգային գրադարանի բոլոր 5 սերվերների ու դրանց պարունակությունը վերականգնվել է։ Դրանք երեկվանից աշխատում են, եւ, ըստ էության, ոչ մի կորուստ չի եղել, բացի օդորակիչից»,- ասում է Հայաստանի ազգային գրադարանի տնօրենի պաշտոնակատար Հրաչ Սարիբեկյանը։

Պարզվե՞լ է, թե ինչի հետեւանք էր միջադեպը՝ անփությո՞ւն էր, թե՞ մարդկային միջամտություն էլ կար։ Հ․ Սարիբեկյանն ասաց․ «Անփութություն որ ասում են, այնքան բազմանշանակ է հնչում, անփութությունը ո՞րն է, եթե այնտեղ հաստ մալուխներ եղել են, պաշտպանիչ շերտով հոսանքի բաժանարարներ են դրված եղել, հոսանքի անխափան սնուցման սարք է եղել, եւ դրանց աշխատանքը հեռավար է կարգավորվել։ Իսկ մարդկային միջամտություն եղել է, թե ոչ, այսինքն՝ հրկիզման փորձ է եղել, թե կարճ միացում, դա արդեն հետաքննությունը պետք է պարզի, որն ընթացքի մեջ է»։ Տնօրենի ԺՊ-ն ընդգծում է, որ սերվերներում առկա բոլոր ռեսուրսներն այժմ նորից հասանելի են առցանց տարբերակով գրադարանի ընթերցողների համար։  

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ Հայաստանի ազգային գրադարանի սերվերների աշխատանքը խափանվել էր՝ դրանք «ածխացել» էին, ինչի առիթով նախօրեին ԱԺ ամբիոնից պարզաբանում տվեց նաեւ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը․ «Թվայնացված նյութերի կորուստ չի եղել, ասեմ ավելին՝ հրդեհ էլ չի եղել, ամենայն հավանականությամբ, կարճ միացում է եղել, բայց մենք դիմել ենք նաեւ համապատասխան մարմիններին, որպեսզի վերջնական եզրակացություն տան՝ արդյոք դիտավորություն եղե՞լ է, թե՞ տեխնիկական խնդիր է։ Նշեմ նաեւ, որ այդ թվայնացված նյութերը եւս 2 տեղ պահվում են, ու եթե անգամ այդ սերվերները փչացած լինեին, դրանք հնարավոր կլիներ վերականգնել»։