Երասխի փոխհրաձգության հետևանքով վիրավորվել է ադրբեջանցի զինծառայող Մարդանլի Մահսուդօղլուն

Հայաստանի պաշպանության նախարարությունն այսօր հայտնել էր, որ առավոտյան 10:30-ի սահմաններում միջադեպ է գրանցվել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում (Նախիջևանի Ինքնավարության հետ սահման):
Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է, որ վիրավոր ունի հայ-ադրբեջանական փոխհրաձգության հետևանքով։
«Հրաձգության հետևանքով վիրավորվել է Ադրբեջանի բանակի զինծառայող Մարդանլի Իբադուլլա Մահսուդօղլուն: Վիրավորին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, որից հետո նրան տեղափոխել են բժշկական հաստատություն», - հայտարարել է ադրբեջանական ռազմական գերատեսչությունը:
Համաձայն ՀՀ ՊՆ հայտարարության՝ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, մարտական դիրքերի առաջխաղացման նպատակով, փորձել են ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել, և որ հայկական կողմի՝ նշված աշխատանքները դադարեցնելուն միտված հակազդող գործողություններից հետո ադրբեջանցի զինծառայողները նշանառու կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ:
Փոխհրաձգության հետևանքով մահացու հրազենային վիրավորում էր ստացել ՀՀ ԶՈՒ զինծառայող: «Կորուստներ ունի նաև ադրբեջանական կողմը», - հայտարարել էր հայկական ռազմական գերատեսչությունը:
Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի՝ միջադեպը տեղի է ունեցել ժամը 10:00-ի սահմաններում, և որ փոխհրաձգությունը տեղի է ունեցել «Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Սադարակի շրջանի ուղղությամբ»:
Կարծիքներ