Կասկածում եմ, որ գործընկերներիս մեջ կա կրիմինալ անցյալ ունեցող

Կասկածում եմ, որ գործընկերներիս մեջ կա կրիմինալ անցյալ ունեցող

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը Գագիկ Ծառուկյանի դեմ սկսված քրեական հետապնդումից հետո անհետացավ «ռադարներից»։ Նրան վերջին անգամ տեսել են այն օրը, երբ ԱԱԾ-ն մտել էր Ծառուկյանի տուն։ 2 օր առաջ ԱԺ կայքից տեղեկացանք, որ Բագրատյանը դիմել է ԱԺ նախագահին՝ տեղեկացնելով, որ դուրս է գալիս ԲՀԿ խմբակցությունից։ Մանդատից, բնականաբար, չի հրաժարվում։ Ասում են՝ իրավապահները «հիշել» են Վայոց ձորի մարզպետ աշխատած տարիների չարաշահումները, եւ նա չի դիմացել։ Երեկ էլ գրվեց, որ ժամանակ առաջ Ծառուկյանն էր միջնորդել, որ Բագրատյանը վերականգնի պետությանը հասցված վնասը, եւ նրան հանգիստ թողնեն։ Նաիրա Զոհրաբյանը երեկ մեզ ասաց, որ իրենց համար էլ էր անակնկալ Բագրատյանի դիմումը։

«Վերջին 1 ամսում Սերգեյ Բագրատյանի հետ խմբակցության որեւէ պատգամավոր կապ չի ունեցել ոչ թե այն պատճառով, որ չենք ցանկացել, այլ պարոն Բագրատյանի բոլոր հեռախոսները եղել են անջատված, եւ, ինչպեսեւ Դուք, մենք եւս ԱԺ  կայքից ենք տեղեկացել, որ Սերգեյ Բագրատյանը դուրս է գալիս ԲՀԿ խմբակցությունից։ Բնականաբար, դրանից հետո եւս պարոն Բագրատյանի հեռախոսները շարունակում են լինել խորը անհասանելի, ուստի որեւէ պարզաբանում, թե ինչն է դրդել նրան այդ քայլին, երբ խմբակցությունում որեւէ մեկիս, բնականաբար՝ նաեւ Գագիկ Ծառուկյանի հետ որեւէ կոնֆլիկտ, որեւէ տարաձայնություն, անհամաձայնություն չի եղել, չունենք»,-ասաց տիկին Զոհրաբյանը։

- Իսկ կարո՞ղ է դա պայմանավորված լինել վերջին իրադարձություններով, որ ծավալվում են Ծառուկյանի ու ԲՀԿ-ի շուրջ։

- Գիտե՞ք, հիմա, եթե փորձենք «գիր ու ղուշի» կամ «կրոսվորդ» լուծելու տարբերակով գնալ, ցանկացած ենթադրություն կարելի է անել։ Բայց քանի դեռ Սերգեյ Բագրատյանը չի խոսել, մենք, հարգելով մեր համատեղ անցած ճանապարհը, կոռեկտ չենք համարում մեր ենթադրությունները կամ մեր ունեցած տեղեկատվությունները ներկայացնել որպես իրողություն։

- Գրվեց, որ Բագրատյանի դեմ ճնշումներ են եղել։

- Ես չեմ կարող ոչինչ ո՛չ հերքել, ո՛չ հաստատել այն պարզ պատճառով, որ չգիտենք պատճառը։ Ամեն ինչ հնարավոր է եւ ամեն ինչ հնարավոր չէ։ Այն, որ հնարավոր է լինեին ճնշումներ, կամ այն, ինչ մենք տեսնում ենք այս վերջին շրջանում, դա խոսում է հենց դրա մասին, բայց էստեղ յուրաքանչյուր անձ ինքն է կայացնում այդ որոշումը՝ դիմանա՞լ այդ ճնշումներին, թե՞ հանձնվել։

- Ձեր ֆրակցիայում շա՞տ են ռիսկային պատգամավորները, որոնց անցյալը մաքուր չէ, եւ կարող են պատասխանատվության ենթարկվել։

- Ես ազնիվ չեմ համարում, եթե անգամ ինչ-որ բաներ արվել են, եւ ժամանակին, ասենք, իրավական գործընթացներ չեն եղել, հիմա փորձել ինչ-որ բան մարդկանց դեմ օգտագործել որպես լծակ։ Ես չգիտեմ, ես մեծապես կասկածում եմ, որ իմ գործընկերների մեջ կան կրիմինալ անցյալ ունեցող մարդիկ։ Ես չեմ հավատում դրան, իմ գործընկերները բոլորը պարկեշտ, նորմալ, հավասարակշռված մարդիկ են։ Իսկ թե, ընդհանրապես, ցանկացած իշխանություն ինչ կարող է անել եւ նման իրավիճակներում ինչ գործիքներ է օգտագործում, դա, կարծում եմ, որեւէ մեկիս համար նորություն չպիտի լիներ։