Էլիզաբեթ Քրիստին Յոկուլսդոտիր. Կողոսկրե վանդակ

Էլիզաբեթ Քրիստին Յոկուլսդոտիր. Կողոսկրե վանդակ

Էլիզաբեթ Քրիստին Յոկուլսդոտիրը (ծն.՝ 1958թ․) իր ստեղծագործություններով մեծ  ճանաչում է գտել Իսլանդիայի գրական ասպարեզում եւ ստացել տարբեր մրցանակներ: Նա հրատարակել է բանաստեղծությունների հավաքածուներ, ինչպես նաեւ վեպեր երեխաների ու չափահասների համար, պատմվածքներ ու պիեսներ, պատրաստել պարային գործեր ու ներկայացումներ: Էլիզաբեթը երկու անգամ ստացել է իսլանդական Կանանց գրական մրցանակ՝ «Փականագործի լավ խորհուրդը» (վեպ) եւ «Սեր, նյարդերի քայքայում» (պոեզիա) ստեղծագործությունների համար: «Ոչ մի պար Ձուկ-Քարի» վրա գիրքը (Ástin ein taugahrúga. Enginn dans við Ufsaklett) 2016թ. Հյուսիսային խորհրդի գրական մրցանակի հավակնորդների շարքում էր, իսկ 2015թ. առաջադրվել էր DV մշակութային մրցանակի: «Արեւոտ ապրիլյան ցուրտ» (Aprílsólarkuldi) ինքնակենսագրական վեպի համար նա 2020թ. «Գեղարվեստական գրականություն» անվանակարգում ստացել է Իսլանդական գրական մրցանակ: 

 

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ ՍԻՐՈ ԿԱՄ ՄՈՌԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

ուզում եմ մոռանալ ինքս ինձ
մոռանալ իմ անունը
ով եմ ես
ում ես գիտեմ
ինչ արել եւ մտածել եմ
մոռանալ ինչ վերապրել եմ
ինչ քայլեր եմ ձեռնարկել, բարձրացել ժայռերը
մոռանալ որ պարել եմ
նույնիսկ երբ ոչ ոք չէր նայում
մոռանալ որ ունեմ սեղան աթոռներ
պատ դռներ երկինք
մոռանալ գագաթաժողովները փրփրաբաշ ալիքը ավազը
երազները սեղանի համեմունքները
հանձնարարություններ կատարելու վազվզուքը
հեռախոսազանգերն ու շաքարամանները
մոռանալ այն ամենն ինչ հիշում եմ
մոռանալ որ վաղը պիտի բժշկի գնամ
եւ չորեքշաբթի օրը պետք է հանդիպենք
մոռանալ մոռանալ մոռանալ
մոռանալ ամեն ինչ քեզնից բացի

 

ԿՈՂՈՍԿՐԵ ՎԱՆԴԱԿ

Երբեմն նրան խնդրում եմ
պառկել ինձ վրա
գտնել կողոսկրյա վանդակն իմ
որի մասին ոչինչ չգիտեմ
իսկ կյանքի ալեկոծ ծովը հիշեցնում է ինձ
ցավի ու հերոսության մասին
զանգվածային ու հոծ
գուցե տրալերի (1)
պողպատե պատ է
ներսից մոմլաթով պատած 
որ լողում է դեպի Հորնբյարգ (2)
անեծքի շարա՞ն է
թե՞աղոթք առ Աստված
կամ կյանքի կոչ. 
սրանցից ոչ մեկը
բայց ինչ-որ անսասան բան՝
հանց ապագա:


ՀԵՌԱԽՈՍԱԶԱՆԳ

Ես չէի էլ պատրաստվում պատասխանել
երբ նա զանգում էր
իսկ երբ չէր զանգում
խենթանում էի:


ՄԱՅՐԱՄՈՒՏ

Մենք իրար հետ լավ ենք
միասին հեռուստացույց ենք նայում
ես նրան սուրճ եմ բերում
եւ հարցնում՝ արդյո՞ք ուզում է բարձրանալ
ժայռն ու տեսնել մայրամուտը
բայց դա նրան չի հետաքրքրում։

Նա նույնիսկ չի ուզում տեսնել լուսինը
եւ անգամ զբոսնել
բայց մի անգամ ինձ հաջողվեց
նրան հետս քարշ տալ լեռներ
եւ նա ասաց որ երջանիկ է ու

երբեք ավելի երջանիկ չի եղել

գուցե երջանկությունն
այն լեռան մեջ էր:


ԱՆՀԵՏԱՑԱԾ ԾՈՎՈՒՄ

Ես հոտոտում եմ նրա շապիկը.
այդ քաղցր բույրը
այդ օծանելիքը
ճաշի թույլ հոտը
ուզում եմ տանել շապիկն անկողին
բայց, չէ, ծալում եմ
եւ մի կողմ դնում:
 

ՇԱՊԻԿԸ

Աթոռին ընկած է նրա վանդակավոր 
շապիկը, ես հեղեղվում եմ կրքով
կարող եմ նույնիսկ այն հագնել
ու ողբալ:

 

ԱՐԻ ՄՏԱԾԵՆՔ ԱՅԼ ԲԱՆԻ ՄԱՍԻՆ

Արի մտածենք լողավազանի մոտ գտնվող եղեւնիների
մասին որ ճկվում են քամու սաստկությունից
եւ ուզում նետվել ջրերի մեջ
գրկիր ինձ ու ասա՝
դադարիր մտածել նրա մասին
մենք սիրում ենք քեզ
հա, արի մտածենք այլ բանի մասին
արի մեր մտքին դադար շնորհենք
անվերջ ալեկոծվելով նրա հետ 
կողպելով իրականությունը
բորբոքելով զայրույթը վիշտը կասկածը ատելությունը,
գուցե ես սիրել եմ նրան
իսկ նա այդ սերը չի հաղթահարել
ահա ինչպես եմ խաբում ինքս ինձ
նա չկարողացավ իբր հաղթահարել
արի մտածենք այլ բանի մասին:

 

ՀԱՐԱԶԱՏ ԿԱՐՈՏ

Ուզում եմ որ նա
ինձ համար գնի
մի փոքրիկ շիշ կոլա
եւ սուրճ մատուցի
անկողնում
մաքրի ձյունը 
մեքենայից
վերանայի իմ հաշիվները
հետո նստի
աթոռին եւ հեռուստացույց
նայի։

 

ԼԵԶՈՒՆ

Այդ գիշեր հաղորդագրություն եմ ուղարկել
իսկ նա չի պատասխանում
Ես զգում եմ՝ ինչպես է ատելությունը
կողպում յուրաքանչյուր նյարդ
ես նողկում եմ նրանից
կարող էի նրան խեղել
կաշին քերթել
կտրտել մարմինը
հանել աչքերը
իմ կատվին նետել
նրա դեմքին
մինչեւ գտնեմ լեզուն  
որ մոռացել էի կտրել։

 

ԵՐԵԽԱՆ ԳՐՔՈՒՄ

Հեքիաթը տարան
երեխայից
եւ նա ստիպված մտավ
մեծերի աշխարհ
հետո ոչ ոք չտեսավ որ նա
երեխա է։

............................................

1. տրալեր - ուռկանապարկակիր նավ
2. Հորնբյարգ - լայնակի ձգվող ծովային ժայռ, որը գտնվում է Վեստֆիրդիրի3 հյուսիս-արեւմտյան մասում:
3. Վեստֆիրդիր - թերակղզի Իսլանդիայի հյուսիսում, որը նաեւ ութ տարածաշրջաններից մեկն է:

 

Թարգմանությունն անգլերենից` Քրիստինա ՔՈՉԱՐՅԱՆԻ

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ