Ադրբեջանական կողմը այսօրվա սադրանքը անվանել է «Հատուցում»․ մեր զոհերը ԵԿՄ-ից են
Ադրբեջանի Սահմանապահ ծառայությունը հայտարարություն է տարածել՝ ընդունելով, որ ուշ գիշերվանից Ներքին Հանդի ուղղությամբ տեղի ունեցած արյունալի սադրանքի հեղինակներն իրենք են։
Ընդ որում, նրանք անգամ անուն են դրել այս սադրանքին՝ «Հատուցում», որը պայմանավորված է իբր հայկական կողմից երեկ վիրավորում ստացած ադրբեջանցի զինծառայողի դեպքով։
Հիշեցնենք, որ ըստ ադրբեջանական կողմի տարածած հայտարարության, երեկ ՀՀ ԶՈՒ դիպուկահարն իբր վիրավորել էր ադրբեջանցի զինծառայողի: ՊՆ ՌՈ-ն շտապել էր հայտարարել, թե սկսել է հետաքննություն ու կպատժի հայ զինծառայողին, եթե այդ փաստը հաստատվի, սակայն, ինչպես և սպասվում էր, ադրբեջանցիներին առիթ էր պետք սահմանին հերթական սադրանքի համար:
Այսօր ՀՀ ՊՆ հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմը, նախնական երկու զոհ ունի, ըստ մեր տեղեկությունների` նրանք ԵԿՄ անդամ էին։
Կարծիքներ