Հաշտեցրին անհաշտելիի հետ

Հաշտեցրին անհաշտելիի հետ

Այս իշխանությունների գլխավոր մեղքն այն է, որ 4 տարվա ընթացքում մեզ հաշտեցրեց անհաշտելիի հետ: Հաշտեցրեց 18-20 տարեկան երիտասարդների անժամանակ ու ողբերգական մահվան հետ: Հաշտեցրեց թշնամու առաջ փախչելու ամոթալի տեսարանների հետ` մենք ականատես եղանք, թե ինչպես են զինված հայ մարդիկ լքում պոստերը: Հաշտեցրեց նրա հետ, որ մեր վախկոտ ու ողորմելի հարեւանները կարող են ամենօրյա ռեժիմով հայերին հայհոյել ու նվաստացնել, իսկ մենք՝ նրանցից գետնատարած խաղաղություն ու բարեկամություն մուրալ:

 

Հաշտեցրեց թշնամու հանդեպ ծով հանդուրժողականության, իսկ մեր հայրենակիցների հանդեպ` անհանդուրժողականության եւ խոր ատելության հետ: Մեր առօրյա մտցրեց ատելության խոսքն ու հայհոյանքը: Համոզեց, որ թուրքն ու ադրբեջանցին ավելի ընդունելի են, քան ՀՀ նախկին պաշտոնյաները: Հաշտեցրեց հող հանձնելու, երկիրն անպաշտպան թողնելու, սահմաններից հետ քաշվելու, Արցախն Ադրբեջանին հանձնելու մտքի հետ: Մի ամբողջ ժողովրդի, որի ամենահին կուսակցության գլխավոր լոզունգը «Մահ կամ ազատությունն» է, համոզեց, որ ազատությունը ոչինչ է, իսկ մահվանից ու պատերազմից պետք է խուսափել ամեն գնով` անգամ ստրուկի կարգավիճակում ապրելով:

 

Համոզեց, որ հայրենիքի համար կռվելն արժանիք չէ, եւ ազգային հերոսները բաքսի ու տուշոնկա գողացողներ են ընդամենը: Իր բանակն ու զինվորին պաշտող հասարակությանը հաշտեցրեց այն մտքի հետ, որ մեզ բանակ պետք չէ, եւ մեր երկրի ամեն մարզ ինքը պետք է մտածի իր պաշտպանության մասին: Հաշտեցրեց բազմաթիվ այլ իրողությունների հետ: Օրինակ, որ տգետ եւ բացարձակապես ապաշնորհ մարդիկ կարող են հսկայական ոլորտներ ղեկավարել, իսկ ամենապատասխանատու պաշտոններում կարելի է տարիներով մարդ չնշանակել: Նշանակվածներին էլ կարելի է թաշկինակի պես փոխել: