Հինգ մարդ է զոհվել Նյու-Դելիում տեղի ունեցած բախումների հետեւանքով

Հինգ մարդ է զոհվել Նյու-Դելիում տեղի ունեցած բախումների հետեւանքով

Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում ընդդեմ քաղաքացիության նոր օրենքի ընդունման սկսված ցույցերի ընթացքում զոհվել է հինգ մարդ։ Այս մասին հայտնում է Hindu-ն։ Ըստ հրապարակման, ավելի քան հիսուն մարդ էլ տուժել է։ Տուժածների մեջ կա նաեւ ոստիկան։ Ըստ քաղաքացիության մասին նոր օրենքի, Հնդկաստանում ոչ-մուսուլման անձինք, ովքեր Աֆղանստանի, Պակիստանի կամ Բանգլադեշի իշխանությունների կողմից ենթարկվում են հալածանքների, պարզեցված կարգով կարող են ստանալ հնդկական քաղաքացիություն։ Օրենքը առաջ է բերել հնդիկ մուսուլմանների դժգոհությունը, ովքեր կարծում են, որ նոր օրենքը խախտում է սահմանադրությունը, քանի որ ֆորմալ առումով աշխարհիկ պետության մեջ ճնշվում են քաղաքացիների մի որոշակի մաս, ըստ կրոնական պատկանելիության։ Հատկապես մտավախություններ ունեն հյուսիսարեւելյան շրջաններում, քանի որ նոր օրենքով արդեն միլիոնավոր բանգլադեշցիներ կարող են իրենց շրջաններ տեղափոխվել եւ բնակություն հաստատել։ Ընդդիմադիրները կարծում են, որ օրենք ունի խտրական բնույթ, քանի որ մուսուլմաններին զրկում է քաղաքացիություն ստանալու հնարավորությունից։