2020 թ.-ին Մնջախաղի պետական թատրոնի շենքը պատրաստ կլինի 

2020 թ.-ին Մնջախաղի պետական թատրոնի շենքը պատրաստ կլինի 

Մնջախաղի պետական թատրոնի շենքի հարցը վերջապես հանգուցալուծում ստացավ։ Երեկ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանի, թատրոնի տնօրեն Արամ Խոջոյանի, Քաղաքաշինության պետական կոմիտեի քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության պետ Արսեն Միրզոյանի հետ, պաշտոնապես ազդարարեց շինարարական աշխատանքների մեկնարկը։ Մնջախաղի թատրոնի շենքը լինելու է Գեւորգ Քոչար 21 հասցեում գտնվող նախկին գրապալատի շենքի տեղում, որը դեռ 2 տարի առաջ նախարար Արմեն Ամիրյանը հանդիսավորությամբ հանձնեց թատրոնին։ Բայց փոխվեց իշխանությունը, եկավ նոր նախարար՝ Լիլիթ Մակունցը, ով կասեցրեց այդ գործընթացը՝ հիմնավորելով, թե շենքը պատմամշակութային արժեք է ներկայացնում եւ չի կարող որեւէ նախագծային փոփոխության ենթարկվել։ Մեկ տարի անց թատրոնին առաջարկվեց մեկ այլ տարածք, այս անգամ՝ Մոսկովյան 5 հասցեում գտնվող նախկին զինկոմիսարիատի շենքը, բայց պարզվեց՝ սա էլ ՊՆ-ի ենթակայության տակ է, եւ պաշտպանության նախարարությունը չի պատրաստվում տրամադրել այն մշակույթի նախարարությանը։  

Ինչպե՞ս նախարարության ընտրությունը դարձյալ կանգ առավ Գեւորգ Քոչար 21 հասցեում գտնվող շենքի վրա, որը շարունակում է  պատմամշակութային հուշարձան լինել, եւ կատարվող շինարարական աշխատանքները չե՞ն խաթարում շենքի ամբողջական տեսքը։ Փոխնախարարը վստահեցրեց, որ շենքի հետ կապված փոփոխությունները չեն եղել ի վնաս շենքի տեսքի ու պատմամշակութային արժեքի: Ավելին՝ այս պահին փաստաթղթային խնդիրները կարգավորված են, հատկացումները՝ հաստատված, եւ արդեն վստահաբար կարելի է ասել, որ Երեւանի մնջախաղի պետական թատրոնն ունենալու է իր հանգրվանը։ ««Մուրճի հարվածով» արդեն ազդարարվել է թատրոնի շինարարական աշխատանքների մեկնարկը: Այս տարի 46 միլիոն 243 հազար կհատկացվի վարչական հատվածի շինարարական աշխատանքների համար: Ի սկզբանե նախատեսվում էր 3 տարվա ընթացքում պարբերաբար ծածկել ծախսերը, բայց հաջորդ տարի կհատկացվի շինարարության համար անհրաժեշտ ամբողջ գումարը՝ 166 միլիոն 373 հազար դրամ։ Մենք աշխատել ենք ամենօրյա ռեժիմով, որպեսզի կարողանանք օրենքի, իրավունքի շրջանակում այնպես անել, որ որեւէ շեղում, խախտում չլինի: Նախագիծն անցել է նաեւ համապատասխան հանձնաժողովով: Բծախնդիր մասնագետներ էին նստած, եթե որեւէ բան սխալ լիներ, ուղղակի հնարավոր չէր լինի սկսել շինարարությունը»,- նշել է Արա Խզմալյանը։ 

Քաղաքաշինության պետական կոմիտեի քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության պետ Արսեն Միրզոյանն էլ նկատեց, որ թատրոնի նախագիծը երկու տարի առաջ ավարտված է եղել, սակայն եղել են բազմաթիվ խնդիրներ նախագծի, ընտրված լուծումների հետ կապված: «Վերանայել ենք նախագիծը, կատարել անհրաժեշտ փոփոխություններ, դրանք ներկայացրել գիտամեթոդական խորհրդին, սեպտեմբերին ստացել ենք թույլտվություն, դրան հաջորդել են քաղաքապետարանի թույլտվությունների ընթացակարգերը` ճարտարապետահատակագծային առաջադրանքի վերանայում: Նոյեմբերի 20-ին ստացանք շինարարության թույլտվությունը»,- ընդգծեց Միրզոյանն ու հավելեց, որ նախատեսված է աշխատանքներն իրականացնել 14 ամսվա ընթացքում, սակայն պլանավորում են ավարտել ավելի շուտ՝ 2020 թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին:

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանն էլ ուրախությամբ փաստեց, որ վերջապես Մնջախաղի թատրոնն իր շենքն ու հասցեն կունենա․ «22 տարի է, ինչ սպասում ենք այս լուրին»։