Գայանեն եւ ապաստարանների երեխաները

Գայանեն եւ ապաստարանների երեխաները

Երեկոյան Գայանեի ջերմությունը բարձրացավ, մտածեցին՝ հոր կարոտից է (զինվորական hայրը զորահավաքի էր): Չէ՛, պարզվեց՝ վիրուս է՝ հանրահայտ վիրուս: Բա ասում էին՝ այդ վիրուսից երեխաները պաշտպանված են, վիրուս չկա՜, դրա մասին այս ամբողջ պատմությունը հորինել են, որ մոլորակով մեկ հասունացած պատերազմները կանխեն…

Գիշերը սկսված պատերազմը Գայանեի ջերմությունն ու վիրուսի մասին պատմությունները երկրորդ պլան մղեց։ Ապաստարաններում պատսպարված երեխաները եկան առաջին պլան: Չէ՛, սուտ է, եթե նրանք առաջնային լինեին, պատերազմը պարզապես չէր սկսվի…

Դեռ լույս էր, ապաստարանների երեխաները զբաղմունք ունեին` նստել, նայում էին միմյանց, խաղում էին իրենց հագուստների կոճակներով ու սպասում էին, որ ինչ-որ հրաշալի բան պատահեր։ Մեկը եկավ տոպրակներով, կոնֆետներ բաժանեցին: Սա դեռ սկիզբն էր, երեխաները՝ բացահայտ, դեռահասները՝ թաքուն, սպասում էին հրաշալի բանի: Չպատահեց, եւ երեխաները, իրար ձայն տալով, սկսեցին լացել։ Մեծերը բարկացան, երեխաները վախից քնեցին։ Կամ լռեցին։ Մարտակոչեր տարածվեցին: 

Տարեց անատամ մի կին անընդհատ խաչակնքում էր, երեխաները կարծում էին` կախարդ է։ Այս անգամ նրանք սխալվեցին։ Երեխաներն ամեն ինչ լսում են, զգում են, լացելով ջուր են ուզում, ուրիշ ի՞նչ ուզեն։

Գերտերությունները խառնվեցին, միշտ էլ խառն են. զենքի բիզնեսն իրենցն է։ Արցախը մերն է, լավաշն էլ, խաչքարն էլ։ Ռազմական դրություն ու զորահավաք է, Գայանեի զինվորական հայրը մենակ չէ մարտադաշտում, բոլորն էլ պատրաստ են կռվի, թիկունքն ամուր է։ 

Գայանեի «Ցե» վիտամինը փոթորիկ առաջացրեց մի բաժակ ջրում, բեկորներ անջատվեցին, դեմքին դիպան, աղջիկը ժպտաց, խմեց եւ հիմա պարում է.  բժիշկն ասել է՝ ֆիզիկապես ակտիվ կլինես, չթուլանաս։ Մեր տարածաշրջանում նոր ուժային դասավորություն է հասունանում, սա արդեն ՀԱՊԿ-ի ու ՆԱՏՕ-ի կռիվն է։ Գայանեն քրտինքի մեջ կորած՝ պարում է, այսօր նրան թույլատրված են բոլոր կոնֆետները։ 

Ապաստարանում մեկը փռշտում է։ Բոլոր մեծերը նույն բանն են մտածում, կես րոպե անց մանկական մի ձայն հայտարարում է. «Առողջություն»։ Երեխաները մտքում ու մատների վրա հաշվարկներ են անում, նրանք սիրում են օրեր հաշվել, Գայանեին մնաց 12 օր, դուրս կգա տնից, ապաստարանների երեխաները չգիտեն՝ երբ կգնան տուն։

Կեսգիշերն անց զոհվածների ցուցակ հրապարակեցին։ Մեծ էր՝ երկար մի էջ։ Խոսում էին, թե ամբողջը չէ։ Ապաստարաններում մայրերը բնազդաբար սկսեցին հոտոտել իրենց քնած երեխաներին` զգալու նրանց շնչառությունը։ 
Հաջորդ օրն էլի ցուցակ եկավ: Երկրի հյուսիսային քաղաքներից մեկում մի մայր անհոդաբաշխ բղավում էր. ցուցակում հայտնված նրա որդին ողջ էր։ 

Ապաստարանի կեսգիշերային լռությունը խախտեց նախագահի ձայնը, բոլորը թռան տեղերից։ Վերջացավ։ Չէ՜, պատերազմը չի ավարտվել, նախագահն ասում էր, որ հերոսի կոչում է շնորհել հրամանատարներից մեկին։
Կեսգիշերին մոտ էր, որ մայրաքաղաքի իմ տաքուկ անկյունում ձայներ որոտացին։ Հաղթանակի որոտներ են, վստահ էին՝ հրավառություն է, հաստատ։ Չէ, հակաօդային պաշտպանությունն էր աշխատում, անօդաչու թռչող սարքեր են մոտեցել մայրաքաղաքին։

Գայանեն եւ ապաստարանների երեխաները ժպտում են, որովհետեւ ամենասարսափելին վիրուսն ու ապաստարանները չեն, նրանք հաստատ երջանիկ են, քանի որ դեռ չգիտեն՝ ինչ է պատերազմը, այս օրերին նրանց բաժին է հասել միակ տեղը, ուր կոնֆետներ են բաժանում...

- Մամ, ինչո՞ւ է պատերազմը…-  ապաստարանում հարց է բարձրացնում մի երեխա։

- Սը՜սս, քնիր, քո ձայնից բոլորը կարթնանան...
     
Սիրան ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը` Հակոբ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ