Երևանում լուսացույցները «թաքնվել են» ծառերի ու վահանակների հետևում (տեսանյութ)

Երևանում լուսացույցները «թաքնվել են» ծառերի ու վահանակների հետևում (տեսանյութ)

Երևանում լուսացույցները շատ խաչմերուկներում վարորդներին լավ տեսանելի չեն կամ առհասարակ տեսանելի չեն։ Դրանք կա՛մ ծառերի հետևում են թաքնված, կա՛մ ճանապարհային նշանների, կա՛մ գովազդային վահանակների։ Ու հեռվից մոտենալիս պարզապես տեսանելի չեն, վարորդները չեն տեսնում՝ կանա՞չ է, թե՞ կարմիր, ինչի պատճառով հաճախ վթարային իրավիճակներ են առաջանում։ Օրինակ՝ Մոսկովյան-Մաշտոց խաչմերուկի՝ «Նաիրի« կինոթատրոնի դիմացի լուսացույցը թաքնված է մայթեզրին տեղադրված գովազդային վահանակի հետևում, և պետք է շատ մոտենալ, որ լուսացույցի գույները երևան։ Կա՛մ պետք է նայել դիմացի խաչմերուկ, որը հեռու է և դարձյալ ոչ հարմար տեսնելու համար։

Այսօր առավոտյան մենք հասցրեցինք մեքենայի միջից կարճ տեսանկարահանել այդ հատվածը, թե ինչպես է լուսացույցը «թաքնվել» գովազդային վահանակի հետևում։ Ավանում՝ Աճառյան փողոցում, Կենտրոնի շատ այլ փողոցներում, օրինակ՝ Նալբանդյան, Սայաթ-Նովա, Թումանյան, Տիգրան Մեծ փողոցների տարբեր խաչմերուկներում էլ լուսացույցերը կա՛մ ծառերի հետևում են «թաքնվել», կա՛մ ճանապարհային նշանների հետևում, կա՛մ դրանց ինչ-որ շինություն է փակում։ Եվ սա դեռ մայրաքաղաքի ընդամենը մի քանի փողոցներ թվարկեցինք, որոնցում հասցրել են ֆիքսել թաքնված լուսացույցեր։ Վստահաբար, դրանց թիվը շատ է։

Այս ամենով պետք է զբաղվի ճանապարհային ոստիկանությունն ու Երևանի քաղաքապետարանը, բայց, ինչպես տեսնում ենք, այս խնդիրը նրանց չի հետաքրքրում։ Հակառակ պարագայում վաղուց սրանով զբաղված և այն լուծած կլինեին։

Մանրամասները՝ տեսանյութում