«Հրապարակ»․ Չընդօրինակել էլիտաների «կռիսական» պահվածքը՝ կրծել, փչացնել միմյանց

«Հրապարակ»-ի զրուցակիցը քաղաքական գիտությունների դոկտոր, սոցիոլոգ Արթուր Աթանեսյանն է:
- Քաղաքական խոսքը հայհոյանքի վերածելու, երկրի ամենաբարձր ամբիոններից ուղիղ սպառնալիքներ հնչեցնելու դեպքերը, պաշտոնատար անձանց անթույլատրելի վարքագիծը դարձել են Հայաստանի առօրյայի անբաժան մասը, ընդ որում՝ վերից վար: Ո՞րն է դրա պատճառը, ի՞նչ է կատարվում այսօր Հայաստանում այդ հարթությունում:
- Եթե չեմ սխալվում, սովետական հայտնի երգիչ Վլադիմիր Վիսոցկին է ասել. «Հայհոյանքը իրականությունն արտացոլող լեզու է»: Իսկապես՝ ինչպիսին իրականությունն է, այնպիսին էլ՝ լեզուն, եւ այն, որ հայաստանցիներն իրենց այսօր թույլ են տալիս այն, ինչ նախկինում ամոթ, անհարմար, ոչ պատշաճ, իրենց եւ մյուսների արժանապատվությանն անվայել բան էին համարում, ունի ոչ միայն սուբյեկտիվ, այլ նաեւ օբյեկտիվ պատճառներ: Կյանքն ակնհայտորեն վատթարացել է, հույսը՝ մարել, արդեն վաղուց համազգային մակարդակի հաղթանակներ չենք արձանագրում: Անշուշտ, ամենօրյա աշխատանքում եւ ծառայության մեջ գտնվող մասնագետների՝ զինվորականների, բժիշկների, ուսուցիչների, գիտնականների, մարզիկների շնորհիվ կարողանում ենք ունենալ պետություն, քնում եւ արթնանում ենք: Միեւնույն ժամանակ, ցանկացած, այդ թվում՝ հայաստանյան հասարակությանն անհրաժեշտ են ոչ միայն ծիծաղի, կատակ անելու, հրճվելու առիթներ, այլեւ ուրախանալու, տոնելու պատճառներ` հաղթանակներ, որոնց մեր հասարակությունն իսկապես կարոտ է:
- Սա իշխանության թուլության, խնդիրները լուծելու անկարողության դրսեւորո՞ւմ է: Կարծես միտում է դարձել, երբ արտաքին մարտահրավերները սրվում են, իշխանությունը ներսում ավելի է թեժացնում պայմանական «թշնամիների»՝ ընդդիմախոսների ու իր քննադատների դեմ պայքարը՝ չխորշելով նաեւ կարմիր գծեր հատելուց:
- Առնետների վրա հայտնի գիտափորձերից է. նրանց տեղավորել էին փակ տարածության մեջ եւ կամաց-կամաց այդ տարածությունն է՛լ ավելի սեղմել ու փոքրացրել: Առնետները, փոխանակ սկսեն տուփի պատերը կրծել, որ դուրս գան եւ ազատվեն, սկսել էին միմյանց ուտել: Սրանով շատ բան է բացատրվում, նաեւ՝ հասարակության մեջ մարդկանց վարքի մասին: Մեզ մեր ամբողջ պատմության ընթացքում պարբերաբար սեղմել են, մեր կենսական տարածքը փոքրացրել, մեզ նեղել: Այն դեպքերում, երբ միավորվել ենք եւ փորձել ենք ճեղքել մեզ սեղմող պատերը, միշտ կարողացել ենք: Կա նաեւ հակառակ՝ առնետային կամ, ժողովրդական լեզվով ասած՝ «կռիսական» մոտեցումը՝ կրծել եւ փչացնել միմյանց: Ինչպես ասացի՝ ատելության խոսքի համար ներկայիս իրավիճակում ունենք ոչ միայն սուբյեկտիվ, այլ նաեւ օբյեկտիվ հիմքեր, սակայն եթե ոչ էլիտար, ապա հասարակական ամենօրյա մակարդակում արժե միմյանց հանդեպ ավելի նրբանկատ, հարգալից լինել, չընդօրինակել էլիտաների «կռիսական» պահվածքը: Ի դեպ, եթե ընդդիմությունը կարող է իշխանության հանդեպ կոշտ ու կոպիտ լինել՝ դա է, ըստ սահմանման, ցանկացած ընդդիմության մեթոդը, ապա իշխող վերնախավը պարտավոր է լինել կառուցողական, հարգալից եւ անկողմնակալ, քանի որ ներկայացնում է ամբողջ պետությունը, այդ թվում՝ արտաքին միջավայրում, եւ օրինակ է ծառայում ամբողջ հասարակության համար:
- Այդ վարքագիծը հասարակությունը, լայն իմաստով, որպես ուղերձ է ընկալում, ու հասարակական-սոցիալական կյանքի տարբեր ոլորտներում, փաստացի, տեսնում ենք դրա իմպլեմենտացումը՝ դպրոցից մինչեւ միջանձնային հարաբերություններ: Մարդիկ միմյանց հետ հարցերը լուծում են հենց այդ փողոցային «ռազբիրատի» մեթոդներով: Սա օրինաչա՞փ է:
- Երբ պետական իշխանության հեղինակությունն անկում է ապրում, գլուխ է բարձրացնում բեսպրեդելը. մենք նման պայմաններում էինք 1990-ականներին, երբ մարդկանց միջեւ փոխհարաբերություններում ակտիվորեն ներգրավվեցին փողոցային, թաղային, քրեական հեղինակությունների միջամտությունը, խոսելաձեւը, հարցեր լուծելու ոչ պաշտոնական մեթոդները: Այս ամենն իր հետքը թողեց նաեւ հետագայում քաղաքական էլիտաների ընտրության, նրանց գործունեության եւ գործելակերպի վրա: Սակայն անգամ քրեական հեղինակությունները կարող են անընդունելի համարել այն անիմաստ, զգացմունքային եւ անարդյունավետ «գզվռտոցը», որ տեղի է ունենում իշխանության վերին օղակներում, օրինակ՝ Ազգային ժողովում: Հիշեցնեմ. Հայաստանի անկախության երեք տասնամյակներում ԱԺ-ն ունեցել է քաղաքական իշխանության մարմինների, հասարակական հատվածի, հոգեւոր կազմակերպությունների ցանկում ամենացածր վարկանիշը, իսկ այժմ այն նվազագույնի է հասցվում: Սա նշանակում է, որ հասարակության մեծամասնությանը մերօրյա ԱԺ-ն իր բարքերով եւ գործելակերպով դուր չի գալիս: Ուրեմն, չարժե նման վարքագիծ դրսեւորել նաեւ մեր կենսակերպում եւ միմյանց հանդեպ վերաբերմունքում: Ի դեպ, ԱԺ կայուն ցածր վարկանիշը նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը պառլամենտական պետություն դարձնելը սկզբունքորեն սխալ, անգրագետ, վտանգավոր որոշում էր, որի հետեւանքներն ակնհայտ են:
- Եվ ո՞րն է առողջացման ճանապարհը:
- Նախ՝ պետք է լինի առողջանալու ցանկություն, այսինքն՝ պետք է ընդունենք այն, որ ներկայիս իրավիճակը մեր պետության, հասարակության, ազգային շահերի համար նորմալ չէ: Չի բացառվում, որ ոմանց դա դուր է գալիս, ոմանք այն սադրում են` դրանից օգտվում: Անշուշտ, այդ իրավիճակն առաջին հերթին ձեռնտու է մեր թշնամիներին: Ինչո՞ւ պետք է միմյանց հանդեպ պարկեշտ, հարգալից լինել. որովհետեւ միայն այդպես կարող ենք միմյանց հետ ուս-ուսի տված՝ վերականգնվել: Ինչո՞ւ պետք է ապացուցենք, որ կարող ենք միմյանց վստահել՝ ոչ միայն խոսքերով, այլեւ՝ գործով. որովհետեւ միայն փոխադարձ վստահության դեպքում կարող ենք համագործակցել: Ի՞նչ անենք մեր միջի դժգոհության, ատելության, հիասթափության, վշտի եւ լավ ժամանակների մասին մեր կարոտի հետ. դրանք հանձնենք թղթին, կտավներին եւ մեղեդիներին՝ գրենք գրքեր, երգեր, ստեղծենք նկարներ եւ այդ ամենում խոսենք մեր ներկայիս եւ գալիք սերունդների հետ այն մասին, թե ինչպես անենք եւ ինչ չանենք, որպեսզի մեր վատ ժամանակներն էլ երբեք չկրկնվեն:
- Հարեւանների հետ խաղաղ գոյակցելու մասին` հրաժարվենք ամեն ինչ զիջելու, հանձնվելու ճանապարհից, իբրեւ խաղաղություն բերելու տապալված օրակարգ, որն իշխանությունը որդեգրել է անգամ Ադրբեջանի` խաղաղության այլ պատկերացումների պարագայում, այս վիճակում գտնվող հասարակությունը պատրա՞ստ է դրան:
- Հետեւելով արդի միջազգային գործընթացներին՝ տպավորություն է ստեղծվում, որ ամբողջ մարդկությանն են սպասվում դժվարին ժամանակներ: Իսկապես՝ մարդիկ տրվել են հաճույքներին, մտածում են իրենց նեղ, եսասիրական նպատակների, անցողիկ շահերի մասին, մինչդեռ երկրագունդը շարունակում է տաքանալ, թթվածինը՝ պակասել, պատերազմները՝ շատանալ, ցեղասպանությունները՝ մոռացվել: Ավելի հաճախակի եւ վտանգավոր են դարձել համավարակները, երկրագնդի երեսից վերանում են կենդանական եւ բուսական աշխարհի հազարավոր տեսակներ: Այս ամենի պատճառով մարդկությունը չի կարող լավ ապագա ակնկալել: Ի՞նչ կարող ենք անել մենք. կազմակերպված, միմյանց օգնող, իմաստուն, գրագետ, կրթված եւ կիրթ լինենք, սեփական երկրի՝ բնության, մարդկանց, կենդանիների, ռեսուրսների հանդեպ հոգատար վերաբերմունքի օրինակ ծառայենք: Սրանք զուտ խոսքեր չեն, այլ հավերժական ճշմարտություններ: Փորձեք այդպես մեկ օր, մեկ շաբաթ, մեկ ամիս ապրել: Կտեսնեք, որ օգնում է:
Կարծիքներ