«Ալիևը պետք է ապահովի կարևոր դատավարական երաշխիքներ հայերի համար»

«Ալիևը պետք է ապահովի կարևոր դատավարական երաշխիքներ հայերի համար»

Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմի ու Նիկոլ Փաշինյանի կապիտուլյացիայի հետևանքով 200-ից ավելի հայ շարունակում է մնալ ադրբեջանական գերության մեջ։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր հայտարարել է, որ Ադրբեջանը հայկական կողմին է հանձնել Լեռնային Ղարաբաղի մարտերի ընթացքում գերեվարված բոլոր զինվորականներին։ «Մենք բոլոր ռազմագերիներին ավելի վաղ ենք վերադարձրել Հայաստան: Նրանք, ովքեր այժմ մնում են, դիվերսանտներ են: Հայաստանի և այլ երկրների կողմից ցանկացած շահարկում անտեղի է», - հայտարարել է Բաքվի բռնապետը։ Ալիևն, ըստ էության, վերհաստատել իր նախկին պնդումները, թե 2020-ի նոյեմբերի 9/10-ից հետո «ադրբեջանական կողմում հայտնված հայերը «դիվերսանտներ, հանցագործներ են»։

«Կարմիր խաչ» միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունուն ասացի Ալիևի հայտարարության մասին և հետաքրքվեցի, թե «Կարմիր խաչն» ի՞նչ ձևակերպումներ ունի Ադրբեջանում գտնվող հայ գերիների կարգավիճակի մասին։

«Մենք չենք կարող մեկնաբանել որևէ կողմի իշխանությունների հայտարարությունները։ Մեր բոլոր նկատառումներն ու բոլոր հարցերը կապված պաշտպանված անձանց հետ՝ Միջազգային մարդասիրական իրավունքի ներքո, քննարկում ենք պատասխանատու իշխանությունների հետ։ Այսինքն՝ հանրային հարթակում որևէ մեկնաբանություն տալ չենք կարող որևէ իշխանության հայտարարությունների հետ կապված։ Ինչպես նաև կարգավիճակի հետ կապված, այս ամենը մենք չենք բացահայտում։ Կարգավիճակի վերաբերյալ իշխանությունները կարող են ունենալ որոշակի բնութագրում կամ գնահատում ունենալ, բայց մենք ոչ քաղաքական, չեզոք, մարդասիրական կազմակերպություն ենք։ Եվ թե՛ կարգավիճակի, թե՛ անձանց պաշտպանության հետ կապված հարցերն առաջնային են, սակայն հանրայնորեն չեն արծարծվում», - ասաց Ամատունին։

Նա նշեց, որ Կոմիտեն այս հարցերն անմիջապես ուղղում է պատասխանատու իշխանություններին, իսկ ովքեր պաշտպանված են Միջազգային մարդասիրական իրավունքով, իրենց հարցերով անմիջապես զբաղվում է թե՛ ներգրավված կողմերի հետ, թե՛ ընտանիքների հետ, երբ որ այդ մարդկանց կապն է ապահովվում ընտանիքների հետ։ «Կարմիր խաչի» հաղորդակցման ծրագրերի պատասխանատուն նշեց, որ Միջազգային մարդասիրական իրավունքով պաշտպանված անձինք նրանք են, որոնք հակամարտության առնչությամբ գտնվում են հակամարտության հակառակ կողմում։

«Անկախ նրանից՝ ինչ կարգավիճակում է հայտնվում անձը, ինչպես է որակվում այս կամ այն իշխանությունների կողմից, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեն նաև այցելում է մարդկանց, որոնք, օրինակի համար, գտնվում են տվյալ երկրում։ Այսինքն՝ հայտնված լինելով հանդերձ՝ կարող են տեղի իշխանությունների կողմից կանչվել որոշակի քրեական պատասխանատվության։ Մենք ունենք անձանց դեպքեր, որոնք քրեական պատասխանատվության են այնտեղ կանչվել, նաև ստացել են կալանավորման որոշակի ժամկետ։ Սակայն դա չի նշանակում, որ այս անձինք չեն շարունակում լինել պաշտպանված Միջազգային մարդասիրական իրավունքով, ինչը նշանակում է մեր կողմից նրանց անմիջական տեսակցությունների հնարավորություն, իրենց հետ կապված որոշակի վերահսկողություն, իրենց և իրենց ընտանիքների միջև կապի ապահովում», - եզրափակեց Զառա Ամատունին։

Միջազգային իրավունքի փորձագետ, փաստաբան Արա Ղազարյանից հետաքրքրվեցի, թե Ալիևի հայտարարություններից և «Կարմիր խաչի» նշած «Միջազգային մարդասիրական իրավունքով պաշտպանված անձինք» ձևակերպումից ի՞նչ է կարելի ենթադրել։ «Պետք է ենթադրել, որ արդեն մեղադրանք է առաջադրված այդ անձանց, ու իրենց նկատմամբ քրեական հետապնդում պետք է իրականացվի։ Ռազմագերու նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվում։ Ռազմագերիներն ուղղակի հայրենադարձվում են, այսինքն՝ ռեպատրիացիա [հայրենադարձություն]։ Իսկ եթե ռազմագերու կարգավիճակ չի տալիս, այլ պնդում է, որ իրենք [տվյալ դեպքում Ադրբեջանում բանտարկված հայերը] դիվերսանտ են կամ ահաբեկիչ, նշանակում է, որ այդ մարդկանց դիտարկում են որպես հանցագործներ, հանցագործություն կատարած անձինք, որոնք անօրինականորեն գտնվել են իր երկրի [տվյալ դեպքում Ադրբեջանի]  սեփական տարածքում։ Այսինքն՝ ինքն ուզում է ասել, որ նոյեմբերի 9-ից հետո մենք գործ ունենք ոչ թե միջազգային կոնֆլիկտի, այլ ներքին կոնֆլիկտի, անօրինական զինված խմբավորումների հետ։ Սա լեգենդ է, որը զարգացվում է», - նշեց իրավաբանը։

Ղազարյանի խոսքերով՝ հիմա Ալիևը որպես այդ լեգենդի հատկանիշ ընտրել է քրեական հետապնդում իրականացնելու ճանապարհը։ «Բայց դա իրեն ավելի վատ իրավիճակի մեջ է դնելու։ Որովհետև այդ դեպքում պետք է ապահովի կարևոր դատավարական երաշխիքներ՝ թափանցիկություն, փաստաբանի իրավունք, կապը ծնողների հետ, Հայաստանի հետ համագործակցություն քրեական հետապնդման շրջանակներում, ինչպես Եվրոպական դատարանն է որոշում։

Ճշգրտող հարցին՝ «այլ կերպ ասած, արդար դատաքննության իրավո՞ւնքը պետք է ապահովի, պատասխանեց, որ այո։ «Նա դա դիտարկում է որպես սովորական քրեական գործ։ Եթե այդպես է, ապա արդեն այլ կառուցակարգում ինքը հարցը պետք է դիտարկի։ Քրեական դատավարության կառուցակարգում, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի երաշխիքների ներքո։ Դա իրեն ավելի բարդ իրավիճակի մեջ պետք է դնի։ Անձը կա՛մ կարող է լինել ռազմագերի, այդ դեպքում չի կարելի նրան քրեական հետապնդման ենթարկել, նա պետք է վերադառնա իր հայրնեիք, այս դեպքում կարող է աշխատել ոչ թափանցիկությունը, գաղտնիությունը և այլն։ Կա՛մ էլ նա պետք է ենթարկվի քրեական հետապնդման ոչ թե որպես ռազմագերի, այլ՝ հանցագործություն կատարած անձ։ Այս դեպքում Քրեական դատավորության երաշխիքները, մարդու հիմնարար իրավունքները պետք է ապահովվեն», - ընդգծեց իրավաբանը։

Հարցին՝ հնարավո՞ր է այդ քրեական գործերը քննել ոչ թե Ադրբեջանում, այլ օրինակ՝ Հաագայի  միջազգային դատարանում կամ այլ միջազգային դատարաններում, պատասխանեց, որ ոչ, հնարավոր չէ։ «Ադրբեջանը սուվերեն պետություն է, որը ցանկանում է քրեական հետապնդման ենթարկել միջազգայնորեն ճանաչված «իր տարածքում գտնվող զինված խմբավորման անդամներին»։ Բնականաբար նա պետք է իրականացնի քրեական հետապնդումը։ Բայց դա պետք է իրականացնի արդար դատավարության բոլոր կանոնների համաձայն։ Եթե ինքը որոշել է մտնել այդ դաշտը, ուրեմն նա պետք է բոլոր իրավունքներն ապահովի», - մանրամասնեց Արա Ղազարյանը։
 
Հարցին՝ հնարավոր է արդյո՞ք ադրբեջանական դատարանի կողմից կայացրած վճիռը բողոքարկել ՄԻԵԴ, պատասխանեց, որ այո։ «Ինչպես ես դիմեցի Կարեն Ղազարյանի գործով։ Բայց այդ երիտասարդների վերաբերյալ արդեն Հայաստանի կողմից գործեր կան դատարանում։ Բայց դատապարտելուց հետո, այո՛, նրանք կամ նրանց ծնողները, ինչպես Կարեն Ղազարյանի դեպքում, կարող են դիմել», - եզրափակեց միջազգային իրավունքի փորձագետը։

Նշենք, որ 2019 թվականի փետրվարի 27-ին Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանը Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանին, ով գերեվարվել էր 2018 թվականի հուլիսի 15-ին, դատապարտել էր 20 տարվա ազատազրկման՝ «Ադրբեջանում ահաբեկչական գործողության փորձի համար»։