Քաղաքականություն

«Հրապարակ». Խելացի մարդիկ այս կառավարությանը պետք չեն

«Հրապարակ». Խելացի մարդիկ այս կառավարությանը պետք չեն

«Գրագետ մարդիկ տեղ չունեն նիկոլյան կառավարման համակարգում․ նրանցից կա՛մ ազատվում են, կա՛մ վրաներն այնքան կոմպրոմատ հավաքում, որ պահեն ստրկության մեջ»,-ասաց Արմավիրի մարզպետարանի աշխատակիցը՝ նկատի ունենալով պաշտոնանկ եղած մարզպետին, որին վարչապետ Փաշինյանն աշխատանքից ազատել է հունվարի 5-ին՝ մի քանի սպորտդահլիճներում արձանագրած թերությունների պատճառով։

«Բան չունեմ ասելու՝ թերություններ եղել են, բայց մի՞թե այդ պատճառով «ոտքի վրա» ազատման հրաման են տալիս։ Չէ՞ր կարելի արդյոք բավարարվել նկատողություններով կամ ժամանակ տալ՝ շտկելու համար։ Իհարկե՝ կարելի էր։ Բայց՝ չէ, իր ուզածը դա չէր․ ինքը զոհաբերվող տեսարաններով ներկայացում էր ուզում՝ շատ-շատ հանդիսատեսով ու բուռն արձագանքներով, ինչը ստացավ»,- ասաց զրուցակիցս՝ խնդրելով չհրապարակել անունն ու պաշտոնը։
Նրա փոխանցմամբ՝ Էդվարդ Հովհաննիսյանի պաշտոնանկությունից հետո մարզպետարանում դեռ ուշքի չեն գալիս։ Չթերագնահատելով «թավշյա» հեղափոխությունից հետո մարզը ղեկավարած նախորդներին, զրուցակիցս ասում է՝ Հովհաննիսյանի հետ աշխատելը հեշտ էր, որովհետեւ կարողանում էր լսել։ «Իրապես մտահոգված էր մարզի խնդիրներով, ամեն ինչ անում էր՝ տարբեր ծրագրեր բերելու, տարիների անգործությունից ժանգոտած համայնքները կարգի բերելու համար։ Նրա պաշտոնավարման երկու տարում այնքան գործ է արվել մարզում, որքան չի արվել նախորդների ժամանակ»։

Պաշտոնյայի կարծիքով՝ մարզադահլիճներում հայտնաբերված թերությունների համար պատասխանատվություն պետք է կրեր ոչ թե մարզպետը, այլ կապալառու ընկերության ղեկավարը, որը թանկ գնով էժան գույք էր գնել՝ բասկետբոլի դահլիճի եւ լոգարանների համար։ «Ավելին, վարչապետը կարող էր նաեւ դատի տալ՝ պետության փողը գրպանելու համար։ Բայց նորից եմ ասում․ դա իրեն պետք չէր, որովհետեւ շինարարական ինչ-որ ընկերության ղեկավարի կամ, ասենք, պրարաբի գործից հանելը, նույնիսկ կալանավորելն այնքան աղմուկ ու հանրային հնչեղություն չէին առաջացնի, որքան եղավ մարզպետի դեպքում»։ 

Զրուցակիցս այնքան էլ չի հավատում կառավարության ղեկավարի՝ որակյալ դպրոցներ ու մարզադահլիճներ ունենալու մտահոգությանը։ «Եթե ամեն ինչ արվում է հանուն երեխաների, ապա ինչո՞ւ անտեսեց Վաղարշապատի 7-րդ դպրոցի տնօրենի անհանգստությունը, երբ վերջինս մի քանի անգամ ուշադրություն հրավիրեց մետաղական սուր անկյուններով սյուների վրա, որոնց պատճառով վախենում են ֆիզկուլտուրայի դասերը նոր մարզադահլիճում անցկացնել։ Էդ մարդը (նկատի ունի դպրոցի տնօրենին) մի քանի անգամ ասաց՝ պարոն վարչապետ, իրական վտանգն այս սյուներն են… Ասում էր ու ամեն ինչ անում՝ վարչապետի ուշադրությունը դրանց վրա սեւեռելու համար։ Բայց վարչապետը չնկատելու տվեց, նույնիսկ կանգ չառավ մատնանշված խնդրի առաջ»,- արձանագրածը ներկայացրեց պաշտոնյան։

Ըստ նրա՝ չարձագանքեց, որովհետեւ «պակազուխայի» լիմիտն արդեն սպառված էր, մարզպետը՝ ազատված։ Ավելորդ «մտահոգություններն» այլեւս անիմաստ էին։

Արեգ Մարգարյան

Լրահոս

Ամենաընթերցված

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիի միջազգային օդանավակայանում վերջին մեկ օրվա ընթացքում աշխատանքային ռեժիմի բազմակի փոփոխությունն...

×
Gallery Image