«Հայաստան» համահայկական հիմնադրամը վախենում է սփյուռքահայերի զայրույթից

«Հայաստան» համահայկական հիմնադրամը վախենում է սփյուռքահայերի զայրույթից

Օրերս հիմնադրամը հայտարարություն տարածեց. ««Երկիր մեդիա» եւ USA Armenia (ԱՄՆ) հեռուստաընկերություններով ցուցադրվող «Կոռուպցիա 2. Հատուցում» սերիալում հնչել են «Հայաստան» համահայկական հիմնադրամին առնչվող անհիմն մտքեր (ընդ որում՝ այն հորջորջելով որպես «Հայաստանի հիմնադրամ»), մերկապարանոց մեղադրանքներ եւ իմաստազուրկ արտահայտություններ, որոնք ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը, այլեւ կարող են թյուր կարծիք ձեւավորել հայ հասարակության եւ, մասնավորապես, սփյուռքահայության շրջանում, ինչպես նաեւ անվստահություն առաջացնել նրանց բնակության եւ/կամ քաղաքացիության երկրների համապատասխան մարմինների մոտ:

Առանց անդրադառնալու գեղարվեստական արժեքով կասկածելի այս ֆիլմում օգտագործվող հայերենի անհարիր բառապաշարին, արտահայտված բովանդակազուրկ մի շարք մտքերին, իրականության խեղաթյուրմանը` «Հայաստան» համահայկական հիմնադրամը ֆիլմի հեղինակներին եւ դրա ստեղծման ու ցուցադրման հետ առնչություն ունեցող բոլոր անձանց եւ կազմակերպություններին կոչ է անում անհարկի չշահարկել «Հայաստան» համահայկական հիմնադրամի անվանումը եւ խուսափել դրա գործունեությունը վարկաբեկող ցանկացած դրսեւորումից»: Այնուհետեւ հայտարարության մեջ նշվում է այն կարեւոր օժանդակությունը, որը ցուցաբերվեց 44-օրյա պատերազմի օրերին ողջ հայության կողմից. «Հարյուր հազարավոր մեր հայրենակիցների ֆինանսական եւ բարոյական աջակցությունն անգնահատելի էր եւ շարունակվում է մինչեւ օրս` ուղղվելով Արցախի վերականգնմանը, զարգացմանը, արցախահայության տարաբնույթ կարիքների բավարարմանը, ինչպես նաեւ Հայաստանի սահմանային համայնքներում իրականացվող բազմաթիվ կենսական ծրագրերին:

Չմտածված, ակնհայտ վիրավորական եւ քաղաքական ենթատեքստ ունեցող նման արտահայտություններն արժեզրկում են պատերազմի ընթացքում եւ դրանից հետո մեզանից յուրաքանչյուրի ունեցած ներդրումը: Հիմնադրամի գործունեությունը մշտապես եղել է բաց, թափանցիկ եւ հաշվետու: Փոխանցված բոլոր միջոցները ծախսվել եւ ծախսվում են նպատակային եւ արդյունավետ, ինչը հաստատվել է հեղինակավոր միջազգային աուդիտի եզրակացությամբ: Մենք վստահ ենք, որ հայ հասարակությունը եւ մեր միջազգային գործընկերները տիրապետում են ճշմարիտ տեղեկատվությանը եւ իրական փաստերին, ուստի կրկին անգամ կոչ ենք անում՝ խուսափել հիմնադրամի բարի համբավն ու հեղինակությունն արատավորող գործելաոճից»:

Հիշեցնենք, որ 2020թ․ 44-օրյա պետերազմի օրերին հիմնադրամին փոխանցված գումարի մեծ մասը՝ 104 մլն դոլար, հիմնադրամը փոխանցել էր ՀՀ կառավարությանը: Պատերազմի ընթացքում իրականացվող «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» կոչվող դրամահավաքի նպատակն էր՝ թիկունքում վերականգնողական աշխատանքներ եւ ծառայություններ իրականացնել։ Դեռեւս 2020-ի հոկտեմբերին էր հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը որոշել՝ հավաքված գումարի մոտ 60 տոկոսը նվիրաբերել Հայաստանի կառավարությանը, սակայն նվիրատու հանրությունն այդ մասին տեղեկացել է բավականին ուշ։ Ո՛չ հիմնադրամի տնօրինությունը, ո՛չ ՀՀ կառավարությունը դոնորներին եւ, առհասարակ, հայ հանրությանը չի տեղեկացրել այդ մասին: Այդ մասին խոսեցին միայն ԶԼՄ-ների համառ ջանքերի ու հարցադրումների արդյունքում, նաեւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հարցապնդումից հետո: 
Հայաստանի Հանրապետությունը «Հայաստան» համահայկական հիմնադրամի հիմնադիրն է, իսկ կանոնադրության համաձայն՝ հիմնադրամի սեփականությունը չի կարող օգտագործվել ի շահ իր հիմնադրի, այսինքն՝ Հայաստանի Հանրապետության։

Տեղի է ունեցել կանոնադրության խախտում: Ըստ կանոնադրության (7-րդ կետ)՝ հիմնադրամի շահառու է Հայաստանի, Արցախի եւ սփյուռքաշատ այլ երկրների բնակչությունը։ ՀՀ կառավարությունը Հայաստանի բնակչությունը չէ, հետեւապես՝ հիմնադրամի շահառուն չէ: Թե ինչ իրավական հիմքով է Հայաստանի կառավարությունը վերածվել շահառուի, անհասկանալի է։ Գումարը պետական գանձապետարան փոխանցելուց հետո հիմնադրամն այլեւս որեւէ լծակ չունի վերահսկելու, թե երբ եւ ինչ նպատակներով է այն ծախսվում։ Իսկ թե ՀՀ կառավարությունը կոնկրետ ինչի վրա է ծախսել այդ հսկայական գումարները, այդպես էլ մնաց անհայտ: 

Հիմնադրամի շուրջ ստեղծված այս աղմկահարույց իրավիճակը խորքային ուսումնասիրության կարիք ունի, որով, հավանաբար, կզբաղվի հաջորդ իշխանությունը: Իսկ մինչ այդ, փաշինյանական իշխանությունն ամեն ինչ անում է թեման լղոզելու եւ գումարների հետքը կորցնելու համար: Մինչդեռ հիմնադրամի նվիրատուները, որոնցից շատերն իրենց վերջին գումարն են նվիրել հայրենիքի անվտանգության համար, շատ հարցեր ունեն թե՛ կառավարությանը, թե՛ հիմնադրամին: Ուստի, այդ հարցերին պատասխանելու վախը ստիպել է հիմնադրամին՝ հանդես գալ այս հայտարարությամբ:

Հիշեցնենք, որ «Հատուցում․ Կոռուպցիա 2» ֆիլմը ցուցադրվում է ոչ միայն «Երկիր մեդիա» հեռուստաընկերությամբ, այլեւ ամերիկյան USA ARMENIA-ով եւ մեծ արձագահնք է ստացել ԱՄՆ-ում: Ֆիլմի հերոսները հիասթափություն ու անվստահություն են արտահայտում հիմնադրամի հետ կապված: Իսկ որ ԱՄՆ-ում, առհասարակ, հիասթափության մեծ ալիք կա Փաշինյանի իշխանության նկատմամբ, վկայում են այնտեղ ընթացող բողոքի ակցիաները, Լոս Անջելեսում Զարեհ Սինանյանին «ջերմ» ընդունելու դիպվածը: Ի դեպ, Սինանյանի ԱՄՆ այցի նպատակներից մեկն էլ ներդրումներ բերելն էր, եւ, ըստ մամուլի հրապարակումների, նրան այնտեղ մերժել են, վկայակոչելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ պատերազմի շրջանում հավաքած գումարները, որի ծախսերի հաշվետվությունը սփյուռքն այդպես էլ չտեսավ։