Իշխանության ինքնախոստովանությունը

Իշխանության ինքնախոստովանությունը

Ամուլսարի թեմայով յուրահատուկ ինքնախոստովանություն է արել ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր, Վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի եղբայր Հրաչյա Հակոբյանը: Պատասխանելով Ամուլսարում բախումների գնալու հարցին, նա վստահեցրել է, որ բախումների չեն գնալու "Եթե բախման գնայինք, ապա հարցն այսքան երկար չէր քննարկվի, այսքան երկար ուսումնասիրություններ չէին կատարվի: Հետեւաբար այս ամենը խոսում է նրա մասին, որ մենք որեւէ այլ բանի չենք գնալու, մենք կխոսենք, կքննարկենք, պետք լինի, միշտ էլ կոնսեսուսներ կփնտրենք, մենք այլ տարբերակների չենք գնալու, հավատացեք: Ամեն ինչ պետք է անել, որ այդ հարցը լուծվի հնարավորինս առանց խնդիրների, առանց կողմերի բախումների":

Թվում է, թե լավ բան է, որ բախումների չեն գնալու: Բայց այստեղ նաև լուրջ խոստովանություն կա: «Եթե բախման գնայինք, ապա հարցն այսքան երկար չէր քննարկվի, այսքան երկար ուսումնասիրություններ չէին կատարվի» արտահայտությունը փաստորեն խոստովանություն է, որ հարցը երկարել է, և այս բոլոր ուսումնասիրությունները արվել են, ոչ թե որովհետև դրա իրավական կամ բնապահպանական անհրաժեշտություն կար, այլ դրանք պարզապես իշխանության համար ժամանակ ձգելու ու բախումներից խուսափելու միջոց էին:

Հասկանո՞ւմ է, արդյոք իշխանական թևի ներկայացուցիչը, որ ապագա արբիտրաժի համար խոստովանություն է անում՝ մենք պարզապես ժամանակ ենք ձգել, ու հարցին լուծում տալու փոխարեն ստուգումներ ենք անցկացրել՝ ցուցարարներին չցրելու ու քաղաքական դիվիդենտներ չկորցնելու «ազնիվ» մղումներով: