Շատ-շատ մոտ հարաբերություններ եմ ունեցել Փաշինյանի հետ տարիներ առաջ, որը չի խանգարում, որ պահանջեմ իր հրաժարականը (տեսանյութ)

Շատ-շատ մոտ հարաբերություններ եմ ունեցել Փաշինյանի հետ տարիներ առաջ, որը չի խանգարում, որ պահանջեմ իր հրաժարականը (տեսանյութ)

Հարցազրույց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի հետ։

- Կիրանցում տեղի ունեցած միջադեպից հետո շատերի մոտ կարծիք է ձեւավորվել, որ Դուք չեք կիսում այլեւս Ձեր քաղաքական թիմակիցների, ընդդիմադիրների տեսակետները, եւ խորհրդարանական գործընթացների ժամանակ` Փաշինյանին անվստահություն հայտնելիս հույսները պիտի կտրեն Ձեզնից։

- Ես Կիրանցում տեղի ունեցած տհաճ միջադեպից հետո հստակ ասել եմ, որ խմբակցության հետ որեւէ խնդիր չկա` ո՛չ դուրս գալու, ո՛չ էլ մանդատը վայր դնելու մտադրություն եւ կարիք չեմ տեսնում։ Ինչ վերաբերում է ինձ վրա հույս դնելուն, կամ չդնելուն, ապա ես չեմ կարծում, որ իմ ընկերները նման մտորումներ ունեն, որովհետեւ հիմք չկա։ Ինչ վերաբերում է կոնֆլիկտին, ապա ես լրագրողի հետ կոնֆլիկտ չեմ ունեցել։ 

- Լրագրողին ասում էիք՝ ուզում եք Արցախ- 2 անե՞լ, ու՞մ եւ ի՞նչ նկատի ունեիք դա ասելիս։

- Ես լրագրողի հետ որեւէ խնդիր չունեի, իմ խոսքը ուղղված չէր ո՛չ նրան, ո՛չ էլ քաղաքական ուժերին։ Իմ խոսքն ուղղված էր այնտեղ գտնվող որոշ հասարակական գործիչներին։ Ես կրկնում եմ՝ չեմ ուզի, որ իմ հայրենի գյուղի հետ կատարվի այն, ինչ եղավ Արցախի հետ։

- Այս պահին Կիրանցում ի՞նչ է կատարվում։

- Կառուցվում է նոր ճանապարհ, եւ հստակեցվում է նոր սահմանագիծ։

- Տարածքային կորուստներ չունի՞ Հայաստանն այդ հատվածում։

 -Ո՞նց կարող է կորուստ չլինի, իհարկե դա ցավալի է, ողբերգություն է, բայց չի կարելի թույլ տալ, որ ողբերգությունը խժռի Կիրանցն ու կիրանցեցուն, իմ պայքարն այստեղ է։ Մենք ամեն ինչ պիտի անենք, որ Կիրանցը ուժեղանա, ավելի լավ գյուղ դառնա։

- Ընդդիմությունն անվստահության  գործընթաց է սկսում՝ կառավարության, Նիկոլ Փաշինյանի հեռացման պահանջով, ի՞նչ կարծիք ունեք այդ գործընթացի մասին, կառավարությունը պե՞տք է հեռանա։

- Կառավարությունը ոչ միայն պետք է հեռանա, այլեւ 2021թ․-ին Նիկոլ Փաշինյանը չպետք է գար իշխանության։ Բայց գուցե հետպատերազմյան վիճակը, գուցե նաեւ մենք չկարողացանք մարդկանց լավ բացատրել, բայց քաղաքացիները 2021թ․-ին որոշեցին ընտրել այն, ինչը չպիտի ընտրեին։ Ես 2018թ․-ից այս կարծիքին եղել, հիմա էլ եմ նույն կարծիքին՝ Հայաստանին պետք է այնպիսի ղեկավար, որը պարտության դեմք չունի։ 

- Իսկ ի՞նչ հարաբերություններ ունեք իշխանական պատգամավորների, իշխանության այլ ներկայացուցիչների հետ։

- Աշխատանքային հարաբերություններ։

- Խորհրդարանից դուրս այլ վայրերում հանդիպու՞մ եք, սուրճ խմու՞մ եք։

 -Որեւէ մեկի հետ ընկերական հարաբերություններ չունեմ։

- Այդ դեպքում ինչո՞ւ են Ձեր մասին այդպես մտածում, ասում են, որ լավ հարաբերություններ ունեք եւ դա է Ձեզ կաշկանդում՝ բացահայտ ՔՊ-ականներին քննադատել եւ պահանջել, օրինակ, Փաշինյանի հրաժարականը, ինչպես անում են Ձեր թիմակիցները։ 

- Չգիտեմ, թե իմ այլ թիմակիցներ ինչպես են պահանջում Փաշինյանի հրաժարականը, բայց Ձեզ վստահեցնում եմ, որ եթե նույնիսկ ընկերական հարաբերություններ ունենայի ՔՊ-ական որեւէ պատգամավորի հետ, դա չէր խանգարի, որ ես պահանջեմ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Ավելին ասեմ՝ շատ-շատ մոտ հարաբերություններ եմ ունեցել Փաշինյանի հետ շատ տարիներ առաջ, որը չի խանգարում, որ պահանջեմ իր հրաժարականը։ 

Մանրամասն՝ տեսանյութում