Արդյոք Բաքու-Թեհրան հարաբերությունները սկսել են նորմալանա՞լ

Արդյոք Բաքու-Թեհրան հարաբերությունները սկսել են նորմալանա՞լ

Փետրվարի սկզբին Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Հիքմեթ Հաջիեւն այցելել էր Իրան։ Ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը, անդրադառնալով այս այցին, արձանագրում է, որ կարեւոր մի քանի հանգամանքներ կան։ Առաջին հերթին, ըստ փորձագետի, պետք է նկատի ունենալ, որ Հաջիեւը սովորական բարձրաստիճան պաշտոնյա չէ Ադրբեջանի նախագահի աշխատակազմում։ Նա փաստացի Ադրբեջանի արտաքին քաղաքականության կոորդինատորներից է, այսպես ասած՝ «ստվերային ԱԳ նախարարը»։

Երկրորդ․ պետք է նկատի ունենալ, որ Թեհրանի եւ Բաքվի հարաբերությունները վերջին տարիներին դժվար է հարթ անվանել։ Իրանական կողմը՝ ղարաբաղյան երկրորդ եւ երրորդ պատերազմներից հետո, երբ Ղարաբաղն ամբողջապես հայտնվեց Ադրբեջանի հսկողության տակ, ունի մտավախություններ, որ այնտեղ կարող են ուժեղանալ Թուրքիայի դիրքերը։ Այս խնդիրների կարգավորմանը չեն նպաստել նաեւ իրանա-իսրայելական դիմակայությունն ու Բաքու-Թել Ավիվ դաշնակցային հարաբերությունները։ Սիրիայի հարցում Թեհրանի եւ Անկարայի միջեւ եղած տարակարծությունը եւս դրական սյուժե չի կարելի համարել իրանա-ադրբեջանական հարաբերությունների օրակարգի համար։ Բաքու-Թեհրան հարաբերությունները լուրջ փորձության ենթարկվեցին Իրանում ադրբեջանական դեսպանության վրա 23 թ․ հունվարին իրականացված ահաբեկչական հարձակումից հետո։

Սրանով հանդերձ, ըստ փորձագետի, երկուստեք մեկմեկու հանդեպ առկա է լուրջ ուշադրություն եւ հետաքրքրվածություն։ Տեսնենք, թե այս ամենի ֆոնին ինչի կարողացավ հասնել Հաջիեւն իր այդ այցով։ Հայտնի է, որ Իլհամ Ալիեւի օգնականը մի շարք կարեւոր հանդիպումներ ունեցավ, այդ թվում նաեւ՝ հանդիպումներ, բանակցություններ Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշկիանի եւ ԱԳ նախարար Աբաս Արաքչիի հետ։ Նրանց փոխանցվեց Բաքու այցելելու հրավեր։ Եվ դա խոսում է այն մասին, որ երկու երկրների հարաբերություններում սկսվել է նորմալացման պրոցես։ Հնչած հայտարարություններից էլ կարելի է ասել, որ նորմալացման գործընթացն առկա է։ Սակայն ասել, որ ամեն բան այդքան ուղղագիծ է, սխալ կլինի։

Նախագահ Փեզեշկիանը շեշտել է, որ կովկասյան ռեգիոնի երկրների դեպքում պետք է պահպանել տարածքային ամբողջականությունը, ինչն Իրանի արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունքներից է։ Երեւանում դա համարեցին ազդակ, որ Թեհրանը թույլ չի տա, որ հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիան իրականացվի հայկական շահերի վնասմամբ։ Եվ նաեւ թույլ չի տա, որ բացվի, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»՝ ուժային եղանակով։ Մյուս կողմից էլ, չպետք է մոռանալ, որ նման հայտարարություններ իրանական իշխանություններն ավանդաբար հնչեցնում են ներքին լսարանի համար։ Ավելի կոնկրետ՝ որպեսզի հասարակությանը ցույց տան, որ, չնայած այն բանին, որ համարվում են «ռեֆորմիստ», սակայն ձեռքը զարկերակի վրա են պահում եւ պատրաստ են պաշտպանել ազգային շահերը, իսկ նահանջը, որը սկսվեց Սիրիայում եւ Լիբանանում, տոտալ չէ, ու զինանոցում դեռ զենքեր ունեն։