Աննան եւս պետությունն է

Ժամանակին «Լուի Արև-արքա» անվանված Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 14-րդին (1643-1715) է վերագրվում «Պետությունը ես եմ» արտահայտությունը: Բայց վերջինս ուներ իր հասցեին նման բնորոշում տալու իրավունքը. նա Ֆրանսիայի հզորագույն արքան էր: Լյուդովիկոս 14-րդի թագավորության ժամանակաշրջանը համարվում է այդ երկրի պատմության Ոսկեդարը: Ինքը, միաժամանակ, բացարձակ միապետ էր: 2018 թվականի մայիսից Հայաստանում ևս հաստատվել է մեկ անձի բացարձակ իշխանություն: Բայց այն, նախ, շղարշված է կեղծ ժողովրդավարությամբ: Նաև, բացի դրանից, գործող իշխանության տարիներն արդեն այսօր բնորոշվում են որպես մեր անկախության արհավիրքային ժամանակաշրջան: Երրոդ, ի տարբերություն «Արև-արքա»-ի, ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձի պաշտոնավարման յոթերերդ տարվա ավարտին վերջինիս հեղինակությունը զրոյանում է, իսկ վարկանիշն էլ աստիճանաբար հավասարվում շրիշակի (պլինտուսի) մակարդակին: Այնինչ, 1 տարի 4 ամիս անց Հայաստանում անց են կացվելու ԱԺ հերթական (եթե, իհարկե, արտահերթն առաջ չընկնի) ընտրություններ: Իսկ նման վարկանիշով ընտրության գնալը, բնականաբար, վտանգավոր է: Այնպես որ այնքան էլ անիրական չի թվում վերնագրում ներկայացվածը: Որովհետև եթե Նիկոլը պետությունն է, ապա ինչու չի կարող նույնը լինել Աննան: Եթե, իհարկե, այդ ընտանիքը մնա իշխանության գլուխ:
Ու այդ պատճառով էլ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը պատրաստում է պլան Բ-ն: Որը կարող է կյանքի կոչվել, եթե խնդիր առաջանա իր վարչապետության շարունակման առումով: Ու որպեսզի այդ պլանի իրագործումը չհանդիպի խոչընդոտների՝ նախապես փորձում է ապահովել իր քաղաքացիական կնոջ իմիջը: Ի դեպ, մի ժամանակ թերեւս նման մտադրություն ուներ մեծ աղջկա առումով: Ու այդ պատճառով էր այդ երեխային ներքաշում հասարակական կյանքի հորձանուտը: Այդ ժամանակ երեւի հույս ուներ մինչև 2050 թվականը մնալ պաշտոնին, իսկ այնուհետև այն փոխանցել ավագ դստերը: Սակայն իրադարձությունները զարգացան այդ ծրագրին ոչ հարիր ուղիով, ու ինքը ստիպված եղավ փոխելու իր «իրավահաջորդին»: Եւ այդ պահից սկսած առաջ քաշվեց կնոջ կերպարը, բայց այս անգամ ոչ թե որպես կողակցի՝ ինչպես առկա էր պատերազմից առաջ և հատկապես դրա ընթացքում, այլ որպես ինքնուրույն դերակատարի: Հենց այդ մտադրությամբ են կազմակերպվում վերջինիս գործարար շփումները, արտագնա ուղևորությունների ժամանակ նրան իր հետ տանելը: Ինչպես նաև նրա կողմից գրված իբրև թե՝ «վերին աստիճանի դաստիարակչական» ֆեյսբուքյան գրառումները:
Ինչո՞ւ իբրև թե. որովհետև ինձ թվում է, որ դրանց առնվազն համահեղինակը՝ եթե ոչ հեղինակը, ամուսինն է: Ինչը կարելի է հաստատել ամուսինների անուններով հրապարակված տեքստերի ոճաբանական վերլուծության շնորհիվ: Իսկ այդ ենթադրությունն էլ հիմնված է այն հանգամանքի վրա, որ տարիներ շարունակ տիկինը զբաղված է եղել սեփական ընտանեկան թերթի տնօրենի, հետո գլխավոր խմբագրի պարտականությամբ: Անգամ հրապարակախոսական հոդվածներ է գրել, բայց 2018-ից սկսած համարյա բան չի գրել՝ ստատուսներն ու մի քանի հոդված: Բայց նույնիսկ այն ժամանակ խոսակցություն կար, որ Աննայի անունով գրված նյութերի հեղինակը հենց Նիկոլն է: Իսկ 2018-ից սկսած այդ նյութերի անհայտանալը կարող է նշանակել, որ հոդվածներ գրելու ժամանակ Նիկոլն այլևս չունի:
Ինչևէ, ԱՄՆ-ից վերադառնալու ճանապարհին Դոհայում (Կատարի մայրաքաղաքը) Աննայի լռվելն ու այնտեղ նրա հանդիպումները վկայում են, որ նրան վերաբերվել են ոչ թե ընդամենը որպես վարչապետի կնոջ, այլ առնվազն պետական լուրջ գործակալության տնօրենի: Հաշվի չի առնվել, որ վերջինս զուտ մի մասնավոր հիմնադրամի («Իմ քայլը») ղեկավար է՝ թեկուզ լինի իշխող քաղաքական ուժի կուսակցական կառույց: Բայց եթե վերջինս մասնավոր զրույցներում իրեն դիրքավորեր որպես պաշտոնյա անձ, ապա կստանար հենց այն ուշադրությունը, որին արժանացել է: Եվ Կատարի սոցիալական զարգացման ու ընտանիքի հարցերով նախարարը, նախարարության աշխատակիցներն ու «Կատարի սոցիալական աշխատանքի հիմնադրամի» լիազորված գործադիր տնօրենը ենթադրաբար կասկած չեն ունեցել, որ վերջինս ավելին է, քան զուտ վարչապետի տիկին ու մասնավոր հիմնադրամի ղեկավար լինելը: Դրանից բացի բավական ինտրիգային է նաև քննարկման թեմատիկան: Այն է՝ արաբ պաշտոնյաների «գործունեությունը և քաղաքացիական հասարակության դերը Կատարում՝ հասարակության տարբեր խմբերին աջակցելու շրջանակում, ինչպես նաև անդրադարձ «Իմ քայլը» հիմնադրամի գործունեությանը»:
Պատկերացնում եմ, թե ինչ հետաքրքրվածությամբ են արաբական բացարձակ միապետության պաշտոնատար անձինք ծանոթացել քաղաքացիական հասարակության դերակատարմանը: Ենթադրում եմ, որ դրա նպատակը ոչ թե նման խավի գեներացումն է էմիրաթներում, այլ դրա դեմ համապատասխան միջոցներ ձեռնարկելուն նախապատրաստվելը՝ երբ վերջինս վտանգավոր դառնա իշխանության համար: Ինչին (նախապատրաստվելուն) էլ կնպաստեն հայաստանյան և կատարյան հիմնադրամների միջև կնքված համաձայնագրերը։
Կարծիքներ