Մեր պետականության գոյությունը նաև շնորհիվ ռուսական ռազմաբազայի է

Մեր պետականության գոյությունը նաև շնորհիվ ռուսական ռազմաբազայի է

Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի մարտական ներուժը կրկնապատկելու մասին քննարկումները  չեն դադարում, հարցը նույնիսկ դարձել է քաղաքական դիսկուրսի առարկա, ռուսական կողմը ՀՀ իշխանությունների հետ բանակցում է ոչ միայն սպառազինության ու ռազմական տեխնիկայով համալրելու, այլեւ բազայի զինծառայողների թիվը մեծացնելու հարցի շուրջ։ Պաշտոնական Երեւանի պատասխանը դեռեւս հայտնի չէ, վարչապետի մամուլի խոսնակն օրերս մեր հարցմանը պատասխանել էր միայն․ «Հայաստանյան քաղաքականությունն իրականացնում է կառավարությունը` ի դեմս կառավարության ղեկավարի. սա է մեր պատասխանը»։ Մինչդեռ ռազմաբազայի հզորացման մասին խոսակցությունները ծավալվել են ավելի քան մեկ շաբաթ առաջ։ Հոկտեմբերի 29-ին տարածվեց առաջին ինֆորմացիան այն մասին, որ 102-րդ ռազմաբազայի հրամանատար, գնդապետ Նիկոլայ Մարտինյուկը  Գյումրու ռուսական ռազմաբազա այցելած ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին զեկուցել էր ռազմաբազայի հզորացման մասին։ Հարցը քննարկման առարկա է դարձել նաեւ  Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։ Շոյգուն ասել է, թե Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան մարտունակ է եւ պատրաստ է Հայաստանի զինված ուժերի հետ համատեղ դիմակայել ծագող մարտահրավերներին ու սպառնալիքներին:

Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազան տեղակայվել է 1995 թվականին, Հայաստանում ունի երկու կայազոր՝ Երեւանում եւ Գյումրիում։ Պայմանագիրը նախապես կնքվել էր 25 տարով, սակայն 2010 թվականին երկարաձգվեց 49 տարով, ինչը դժգոհությունների տեղիք տվեց եվրոպամետ հանրության շրջանում: Բազայի անձնակազմը բաղկացած է մոտ 5 հազար զինծառայողից։ Ռուսական ռազմաբազայի ծախսերի կեսը Հայաստանի բյուջեն է հոգում, իսկ Գյումրի քաղաքից անհատույց 50 հեկտար տարածք է տրված ռուսներին՝ 46 տարի ժամկետով։ Այնինչ դրա վարձակալության դիմաց Գյումրիի աղքատիկ բյուջե բավականին մեծ գումար կարող էր մտնել։ Ռուսական ռազմաբազայի հզորացման հարցի շուրջ տեսակետները տարբեր են․ ոմանք կարծում են, որ դա բխում է Հայաստանի շահերից, այն Հայաստանի անվտանգության ապահովման բաղադրիչներից է, ոմանք էլ պնդում են, որ ռուսական ռազմաբազան Հայաստանը դարձնում է ավելի խոցելի, որի գոյությունը մեր պետության տարածքում կարող է, մեզնից ակամա, ներքաշել մեզ հետ կապ չունեցող ռազմական բախումների մեջ։

«Ռազմաբազայի հզորացման անհրաժեշտությունը բխո՞ւմ է արդյոք Հայաստանի անվտանգության շահերից»․ մեր հարցին արտակարգ իրավիճակների նախարար, ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Ֆելիքս Ցոլակյանը հարցով պատասխանեց․ «Արդյոք ռազմաբազայի կարողությունների կրկնապատկումը նշանակո՞ւմ է ռուս զինծառայողների թվաքանակի մեծացում։ Եթե խոսքը տեխնիկական վերազինման մասին է, ապա դա շատ լավ է։ Հայաստանի տարածքում թող լինի լավ տեխնիկա, միշտ էլ եղել է։ Մենք 88 թվականի փորձ ունենք, թե ինչ է լինում դրանից հետո»։ Իսկ եթե ռազմաբազայի կարողությունների կրկնապատկման արդյունքում ռուս զինծառայողների թիվը մեծանա, նշանակում է վա՞տ է։ «Ես չեմ լսել նման բան․․․ Այնտեղ առանձնապես տեղ էլ չկա ավելացումների համար։ Եթե ավելացումը կլնի փոքր, նոր տեխնիկան տիրապետելու նպատակով, դա ուրիշ խնդիր է, բայց եթե մեծ քանակության մասին է խոսքը, մտածելու բան կա»,- ասաց Ցոլակյանը։

Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական Արտակ Դավթյանը նկատում է, որ «հզորացնել» տերմինն այս դեպքում խիստ հարաբերական է․ «Կյանքը՝ ինքը, դինամիկ ընթացքի մեջ է, եթե սպառազինության որոշակի տեսակներ պետք է փոխվեն, նոր սպառազինություն տեղի ունենա, այսպես թե այնպես, իրենց տեխնիկական եւ տակտիկական բնութագրիչներով լինելու են ավելի հզոր, քան նախկինները։ Իսկ որ պետք է ժամանակ առ ժամանակ թարմացվեն, քանի որ ռազմական տեխնիկայի կատարելագործումը տեսնում ենք, թե ինչպիսի արագությամբ է լինում, դա միանշանակ է։ Ուստի գնահատել՝ դրական է, թե բացասական, հարցադրումը տեղին չէ։ Հատկապես որ մենք տեսել ենք, թե ռուսական զինտեխնիկան ինչի է ընդունակ, որն ապացուցել է Սիրիայում»։

Զինծառայողների թվի ավելացման մասով էլ ասաց, որ խնդիր չի տեսնում․ «Ճիշտն ասած, ենթադրենք՝ 5 հազար չէ, 15 կամ 20 հազար է, ի՞նչ խնդիր են տեսնում, էլի։ Իհարկե, ես չեմ կարծում, թե զինծառայողների թվաքանակի ավելացման անհրաժեշտություն կա, գիտեք՝ երեւի, որ ռուսական զորավարներից, ըստ էության, ամենանշանավորը՝ Սուվորովն է ասել․ «Կռվում են ոչ թե քանակով, այլ՝ որակով»։ Հետեւաբար կարծում եմ՝ այստեղ որակի հետ կապված է հարցը»։
Արտակ Դավթյանն ասաց նաեւ, որ Հայաստանի բյուջեից «մի կոպեկ» չեն ծախսել ռազմաբազայի կարիքների համար․ «Որեւէ մի անգամ Հայաստանի բյուջեն չի ֆինանսավորել, այլ հարց է, որ ռազմաբազայի դիմաց մենք վճար չենք ստանում»։ Անդրադառնալով այն պնդումներին, թե ռուսական ռազմաբազան Հայաստանի ոչ այնքան անվտանգության խնդիր է լուծում, որքան դարձնում է ավելի խոցելի, ու չկա երաշխիք, որ պատեհ պահին այդ ռազմաբազան կգործի հանուն եւ ոչ թե ընդդեմ մեր պետության շահերի, Դավթյանն ասաց․ «Շուրջ քառորդ դար է՝ այդ ռազմաբազան  կա, եւ դրա առկայության պարագայում որեւէ ագրեսիվ սադրանք, որն իրենք են ապահովում, մենք չենք տեսել մեր հարեւան շատ «բարեկամ» երկրի կողմից։ Սա բավարա՞ր չէ։ Մենակ այդ ռազմաբազայի ներկայությունն է, որ մեր «բարեկամ» երկրի ռազմաքաղաքական ղեկավարության մտքով չի անցնում դիմել նման քայլի։ Իրենք գիտեն, թե դա ինչ անդառնալի հետեւանք կարող է ունենալ իրենց համար։ Եվ եթե ուզում եք իմանալ՝ մեր պետականության այս տարիների գոյությունը նաեւ ի շնորհիվ ռուսական ռազմաբազայի է»։