Արևելյան Միջերկրական․ մշտապես հակամարտությունների կիզակետում

Արևելյան Միջերկրական․ մշտապես հակամարտությունների կիզակետում

Չափազանց հետաքրքիր է հետևել Արևելյան Միջերկրականում պետությունների վերադասավորումներին և դիմակայություններին։ Հունաստանը, Կիպրոսը, Եգիպտոսը, Իտալիան, Ֆրանսիան, Հորդանանը և Իսրայելը մի կողմից, իսկ Թուրքիան էլ՝ մյուս։ Անշուշտ գազային այս դիմակայությունը դեռ շատ զարգացումներ է ունենալու, Արևելյան Միջերկրականում հարցերը երբեք հեշտ ու պարզ լուծումներ չեն ունեցել, առնվազն այն ժամանակվանից սկսած, երբ այն դադարեց լինել Հռոմի ներքին ծովը։

Ինձ համար թեման հոգեհարազատ է այնքանով, որ պատմական ինչ-որ մի շրջափուլում, հայերն էլ են ներքաշված եղել Արևելյան Միջերկրականի անվերջանալի հակամարտությունների մեջ։ Խոսքը՝ 13-14-րդ դարերի Կիլիկիայի հայկական թագավորության մասին է, որը Երուսաղեմի գրավումից հետո դարձավ Արևելքի հզորագույն քրիստոնեական պետությունը։ Այն ժամանակ Թուրքիայի փոխարեն ծովային այդ տարածաշրջանում փորձում էր տիրապետող դիրքեր զբաղեցնել Եգիպտոսը՝ սկզբում Այուբյանների, իսկ հետո մամլուքների առաջնորդությամբ։ Բավականին ագրեսիվ և զորեղ այս պետությունը լուրջ սպառնալիք էր տարածաշրջանի բոլոր դերակատարների համար՝ ինչպես Կիլիկիայի, Անտիոքի, Կիպրոսի, այնպես էլ դեպի արևելք տարածվող եվրոպական երկրների՝ հատկապես Ֆրանսիայի։ Էս մեծ հակամարտության պատմությունը մենք չափազանց մակերեսային և պարզունակ ենք սովորում՝ շեշտը դնելով Կիլիկիայի ներսում լայն տարածում ունեցող կրոնական և աստվածաբանական վեճերի վրա։ Իրականում առաջնային պլան պետք է մղվի կոնֆլիկտի ամենաէական պատճառը՝ տնտեսական մրցակցությունը, նավահանգիստներն ու ծովային առևտրում տիրապետող դիրքեր զբաղեցնելը։

Եթե ներկայումս Եգիպտոսը, Հունաստանը, Կիպրոսը, Իտալիան, Հորդանանը, Իսրայելը և Ֆրանսիան են փորձում համատեղ հանդես գալ Թուրքիայի դեմ, ապա 14-րդ դարում այդ ցանկը մի փոքր այլ տեսք ուներ՝ Հռոմի պապական աթոռը, Արևելքի Խաչակրաց պետությունների մնացորդները, Կիպրոսը, Կիլիկիան, Ֆրանսիան, Իտալիայի առևտրական պետությունները՝ Վենետիկն ու Ջենովան, Իրանի Հուլավյան իլխանությունը ընդդեմ Եգիպտոսի մամլուքների և նրանց դաշնակիցների (Ոսկե Հորդա)։ Վերոհիշյալ կոալիցիան իհարկե ամբողջությամբ տապալվեց։ Առաջին հերթին Ֆրանսիան և Անգլիան այլևս ռեսուրսներ չունեին արևելք արշավելու համար, այսպիսով՝ տապալվեց Ֆրանսիայի և Հուլավյանների կողմից Եգիպտոսին երկու կողմից շրջափակման մեջ վերցնելու և ջախջախելու ծրագիրը։ Սրա շուրջ ավելի քան 50 տարի լրջագույն բանակցություններ էին ընթանում, որտեղ վճռական դեր ուներ Կիլիկիան Հայաստանը։

Երկրորդ՝ ձախողվեց Եգիպտոսին տնտեսական շրջափակման ենթարկելու Հռոմի պապերի ծրագիրը, քանի որ Վենետիկն ու Ջենովան շարունակում էին ակտիվ առևտուրը Ալեքսանդրիայում։ Այս պատճառներին կարելի է ավելացնել նաև Իլխանության տնտեսական քայքայումը և դեպի Սիրիա արշավելու անկարողությունը, Անգլիայի ու Ֆրանսիայի հարաբերությունների սրումը և Հարյուրամյա պատերազմի մեկնարկը, ինչպես նաև այն հանգամանքը, որ եվրոպական հողի վրա խաչակրության շարժումն ամբողջությամբ արժեզրկվեց, ասպետներն ու գյուղացիներն արևելքում այլևս տնտեսական հեռանկարներ չէին տեսնում, նրանք աստիճանաբար սկսում էին կառչել իրենց հողին և ավատին։

Ի վերջո մամլուքները գրավեցին Տյուրոսը, Տրիպոլին, Սիդոնը և վերջ դրեցին Արևելյան Միջերկրականում խաչակիրների տիրապետության վերջին մնացորդներին։ Խաչակրաց այդ նավահանգիստների կորուստը եռապատկեց Այասի կարևորությունը, որը դարձավ Ալեքսանդրիայի ամենամեծ տնտեսական մրցակիցը Արևելքում։ Ավելի քան 80 տարի Կիլիկիան Հայաստանը համառ դիմադրություն ցույց տվեց մամլուքներին, բայց Այասի անկումից հետո հայկական պետությունը դատապարտվեց կործանման։

Հուլավյան շրջանի պատմիչ Ռաշիդեդդին Տաբիբը չափազանց հետաքրքիր և նույնիսկ զարմանալի պատմություն է պատմում հայկական բանակի և մամլուքների մասին: Իբրև թե Ֆրանսիայի թագավորը հարցնում է Կիլիկիայի թագավորին, թե եգիպտացիների ներխուժումների ժամանակ ինչու ինքը մեծ բանակով չի շտապում պաշտպանելու սահմանները: Կիլիկիայի միապետը պատասխանում է, որ 100 հազար հեծյալ պահելու համար ահռելի գումարներ են անհրաժեշտ, իսկ մամլուքներն իրենց ներխուժումներով նույնիսկ 10 հազար դինարի վնաս չեն տալիս, իհարկե շնորհիվ անառիկ բերդերի: Պատմիչի վկայության առանձին մանրամասներ միգուցե այդքան էլ հավաստի չեն կամ էլ ձևախեղված են, բայց բուն բովանդակությունը որևէ կասկածի տեղիք չի տալիս:

Թեմայի վերաբերյալ իհարկե կարելի է երկար խոսել, բայց եթե փորձենք կարճ բնորոշել պատմիչի փոխանցած տեղեկությունը, ապա կգանք հետևյալ եզրակացությանը. Լեռներից ծովեզերք իջած մարդիկ ժամանակի ընթացքում ամբողջությամբ մխրճվեցին ծովային քաղաքակրթության խաղի կանոնների մեջ: Նրանց թվում էր, թե ծովային առևտրի, աստղաբաշխական եկամուտների, Հռոմի պապերի կողմից Եգիպտոսի նկատմամբ իրականացվող անպտուղ տնտեսական պատժամիջոցների, Հուլավյանների աջակացության և ակնկալվող խաչակրաց արշավանքի միջոցով հնարավոր է զսպել հակառակորդին: Եվ ըստ էության համանման մոտեցման պարագայում մեծ բանակի անհրաժեշտությունն արդեն իսկ գրեթե զրոյանում է, քանի որ Ռուբինյան-Հեթումյան արքահատոհմի երրրորդ-չորրոդ սերունդները հենց վերը թվարկված տարրերի առկայությամբ էին պայմանավորում պետության անվտանգության համակարգը:

Այսինքն, հայոց վերնախավը ինչ-որ իմաստով փորձում էր կրկնել Վենետիկի և Ջենովայի հայտնի պրակտիկան ու փողի ազդեցությամբ ճնշել հակառակորդներին: Բայց նրանց մտքով անգամ չէր էլ կարող անցնել, որ ինչ-որ փուլում հակառակորդը կարող է գլխատել փողի աղբյուրը` Այասը և կիլիկեցիներին կանգնեցնել փաստի առջև: Ի դեպ թեմայի վերաբերյալ հետաքրքիր տեղեկություն է հաղորդում նաև Հովհաննես Դարդելը: Կիլիկիայի Գի Լուսինյան արքայի սպանությունը նա պայմանավորում է այն հանգամանքով, իբրև թե` վերջինս հայերին ստիպում էր կռվել մամլուքների դեմ, իսկ նրանք հրաժարվում էին: Հասկանալի է, որ սա նույնպես չափազանցված վկայություն է, քանի որ Դարդելը Լուսինյանների ջատագովն էր և Լևոն Զ-ի գրագիրը: Բայց նույնիսկ չափազանցված լինելու պարագայում, տեղեկությունը հավաստիության փոքր, բայց ծանրակշիռ հատիկներ ունի: Բանն այն է, որ փոխվել էր հայերի վերաբերմունքը պատերազմի և ռազմական արվեստի նկատմամբ: Թորոս Բ, Մլեհ իշխանների և Լևոն 1-ին արքայի` հարցերը երկաթով և արյամբ լուծելու մոտեցումն այլևս արդիական չէր:

Եվ այսպես, Կիլիկիայից հետո Եգիպտոսի վերջին զորեղ հակառակորդը Կիպրոսի թագավորությունն էր, որը իրականում շատ ավելի մեծ վտանգ էր ներկայացնում, քան Սսի միապետները։ Բայց Կիպրոսին էլ վիճակված չէր լուրջ դիմադրություն ցույց տալ մամլուքներին և ուշագրավն այն է, որ խաչակրաց այդ պետությունը շարքից դուրս եկավ քրիստոնեական պետությունների էքսպանսիայի պատճառով։ Ջենովայի և Վենետիկի հանրապետությունները կործանիչ հարված հասցրեցին դրա տնտեսական հզորությանը՝ զրկելով խաչակրաց այդ վերջին պետությանը ինքնուրույն դերակատար լինելու հնարավորությունից։ Այսպիսով՝ Եգիպտոսը հաղթող դուրս եկավ բազմաշերտ այս հակամարտությունում, թվում էր թե Իսլամի անկասելի սուրը անխոցելի է, իհարկե մինչև այն պահը, երբ օսմանյան բանակները Սելիմ Ահեղ սուլթանի գլխավորությամբ ծնկի բերեցին մամլուքներին՝ խլելով խալիֆայության և Իսլամի անպարտելի սրի մենաշնորհները։։