Ո՞ր աղջիկը կհամաձայնի՝ մեր գյուղ հարս գա
Վարչապետի՝ Սյունիք կատարած տխրահռչակ այցից հետո միտք ծագեց՝ գնալ Սյունիք եւ այս ըմբոստ համայնքի բնակիչների, վարչապետի հրաժարականը պահանջող համայնքապետերի հետ հարցազրույցներ անել, հասկանալ, թե ինչ են մտածում, ինչպես են ապրում, ինչ են ուզում իշխանությունից եւ ինչպես են պատկերացնում իրենց ապագան:
Քանի որ Սյունիքի համայնքապետերն աչքի չեն ընկնում հարցազրույցների հանդեպ հատուկ «սիրով», պետք է ասեմ, որ պայմանավորվել եւ համոզելը բավական բարդ եղավ։ Երկար լեզու թափելուց հետո, մի կերպ համոզեցինք, եւ մոտակա օրերին hraparaktv.am կայքում կհրապարակվեն Սյունիքի քաղաքապետերի եւ գյուղապետերի հարցազրույցները, որոնք արել ենք մեր եռօրյա այցի ընթացքում։
Բայց մինչ այդ ուզում եմ ձեզ պատմել այն ամենը, ինչը դուրս մնաց կադրից: Առաջինը, ինչն աչք է զարնում Սյունիքում, գյուղերի եւ քաղաքների ամայությունն է, փողոցում հատուկենտ մարդիկ են, այն էլ՝ իրենց գործերով շտապող, անգամ երեկոյան ժամերին քաղաքների կենտրոններում զբոսնող մարդիկ չկան, իսկ պատերազմից առաջ այստեղ կյանքը եռում էր եւ շատ չէր տարբերվում մյուս մարզերի կյանքից։
Երեք օրում փողոցում, թերեւս, մի 10 կին ու աղջիկ տեսած լինենք, կանայք կարծես տնից դուրս չեն գալիս։ Շատ տարօրինակ, հիմնականում՝ ծանր տպավորություն են թողնում ամայի գյուղերն ու քաղաքները: Հետպատերազմյան տրամադրություններն այստեղ զգացվում են ամեն քայլափոխի։
Եվ մի տարբերություն էլ, որը սյունեցիներին առանձնացնում է երեւանցիներից՝ պարտության հետ չհաշտված լինելն է: Մեզ հանդիպած յուրաքանչյուր մարդ վստահ էր, որ, մեկ է՝ մի օր մեր հողը հետ ենք վերցնելու, որ մենք նման նվաստացման մեջ ապրել չենք կարող, որ վաղ թե ուշ սրանց վռնդելու ենք մեր տնից։ Եվ ասում էին, որ խորհրդարանական ընտրություններում էլ ընտրելու են հենց այս չափանիշով, ով կկարողանա հողը ետ բերել` նրան:
Հիշո՞ւմ եք սյունեցի Աշխարհապետի տեսանյութը, որտեղ նա վրդովված «խաչագող» եւ «քավոր Պետրոս» էր անվանում Նիկոլ Փաշինյանին․ ոմանք զարմանում էին, թե ինչ զուսպ է արտահայտվում այդքան վրդովված մարդը, մենք լրիվ ուրիշ բառեր ենք ակնկալում նման դեպքերում։ Պարզվում է՝ Սյունիքում դեռ կա այն ավանդական մշակույթը, երբ կնոջ ներկայությամբ տղամարդը չի հայհոյում, եւ անգամ ամենամեծ ատելությունն արտահայտվում է զուսպ ու կոռեկտ։ Իսկ գիտե՞ք որն է ամենավերջին բառը, որն ասում է իսկական սյունեցին, շատ զայրացած սյունեցին՝ «սրբապիղծ»։ Պատկերացնո՞ւմ եք, նրանց համար ամենամեծ հանցանքը սրբապիղծ լինելն է, սեփական սրբություններին դավաճանելը: Մեզ հետ զրույցներում սյունեցիներն ասում էին, որ իրենց նվաստացած են զգում, քանի որ ստիպված են «սրբապիղծի» դեմ պայքարել իր իսկ մեթոդներով` փողոց փակելով եւ հայհոյելով, որ ամենավատ երազում էլ չէին պատկերացնում իրենց այդ դերում:
Ու վերջում ուզում եմ մի պատմություն պատմել երկու սահմանամերձ գյուղերի գյուղապետի մասին: Խնձորեսկի գյուղապետը` Երվանդ Մալունցը, սակավախոս ու զուսպ մի մարդ, հարցազրույց տալուց հետո մեզ ուղեկցեց մինչեւ սահման ու ճանապարհին անկեղծացավ, որ ռուս խաղաղապահների հետ ընկերություն անելով, ամեն անգամ մոլորված ու սահմանն անցած անասուններին, նրանց օգնությամբ, ադրբեջանցիներից հետ է վերցնում ու չի թողնում, որ իր ընտանիքը դուրս գա ամենավտանգավոր գյուղից։ Ասում է՝ ես հենց մորս տեղափոխեցի, Խնձորեսկը կդատարկվի: Իմ հարցին, թե ինչպես են այստեղ ապրում՝ անգամ ճանապարհ չկա, գիշերով էս դարուփոսերով, թշնամու նշանառության տակ ինչպես են մեքենա վարում մենակ, տուն հասնում, ասաց. «Դե, ապրում ենք, էլի, մեր տունն է, ապրում ենք, բա հո չե՞նք տալու թուրքին»։
Հետո ավելացնում է՝ բայց էս պատերազմը մենակ անվտանգության խնդիր չի, որ առաջացրել է, հիմա ես՝ չամուսնացած տղա, սահմանի վրա ապրող, ո՞ր աղջիկը էս գյուղ հարս կգա, անգամ Գորիսի տաքսիստը չի ուզում էս կողմը քշի՝ թուրքից է վախենում։ Ու էս ամեն ինչով անհանգիստ՝ ասում է․ ո՞վ կհամաձայնի գալ ինձ հետ այստեղ ապրել, երեխա ունենալ:
Եվ մի բան էլ, որ աչք զարնեց մեր ուղեւորության ողջ ընթացքում․ սյունեցիները՝ միջին տարիքից սկսած գրեթե բոլորը, համատարած ատամների խնդիրներ ունեն, չգիտեմ՝ ինչով է սա պայմանավորված՝ վատ էկոլոգիայո՞վ, փոքր եկամտո՞վ, թե՞ իրենց առողջության նկատմամբ անտարբերությամբ:
Կարծիքներ