Նիկոլի հեռացումը միայն բոլոր հարցերի վերջակետը կդնի

Նիկոլի հեռացումը միայն բոլոր հարցերի վերջակետը կդնի

Հինգշաբթի օրը Կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծավալուն ելույթով հանդես եկավ՝ պայմանավորված վերջին օրերին Լեռնային Ղարաբաղում, մասնավորապես՝ Բերձորի (Լաչին) միջանցքի շուրջ ծայրահեղ լարված իրավիճակով։ Ելույթի ավարտին վերջինս խոսեց այն մասին, որ Հայաստանը պարտավորվել է Ադրբեջանի արևմտյան շրջանի և Նախիջևանի կապն ապահովել։ Նա հաստատեց այս պարտավորությունը՝ ընդգծելով, որ Հայաստանն ամեն օր էլ պատրաստ է այդ կապն ապահովել։ Այդ Ադրբեջանն է, որ չի օգտվում Հայաստանի ընձեռած հնարավորություններից։ Ըստ վարչապետի՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով Ադրբեջանը կարող է հատել ՀՀ սահմանը և գնալ Նախիջևան։ Այս մասին մենք զրուցել ենք ԱԺ  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հետ:

- Պարոն Մանուկյան, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Ադրբեջանը կարող է հատել ՀՀ սահմանը և գնալ Նախիջևան: Գաղտնիք չէ, որ Հայաստանն ու Ադրբեջանը չունեն դիվանագիտական հարաբերություններ: Այժմ, Ադրբեջանին ճանաարհ տրամադրելու հարցն ինչպե՞ս պետք է լուծվի:

- Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները որևէ տրամաբանության մեջ չեն տեղավորվում: Միջազգային, իրավունքի, դիվանագիտությանբ և պետական կառավարման համակարգի հետ առհասարակ Նիկոլ Փաշինյանն ու իր հայտարարություններն աղերս չունեն: Նրա հայտարարությունները չեն ենթադրում լուրջ մեկնաբանություններ ու վերլուծություններ: Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ փորձում է կապիտուլյացիայի ենթարկել Հայաստանի Հանրապետությունը: Նրա այդ հայտարարությունը բացահայտ քծնանք էր Ադրբեջանի կառավարությանը:

- Իսկ եթե հենց վաղը նրա հայտարարություններ կյանքի կոչվեն: Կարծո՞ւմ եք սա խնդիր չէ և պետք չէ՞ մտահոգվել:

- Անտրամաբանական երևույթն անհնար է տրամաբանության մեջ տեղավորել:

- Իսկ այս հայտարարությունը վտանգավո՞ր չէ մեզ համար:

- Նիկոլ Փաշինյանն ինքնին մեծ վտանգ է մեր պետության և պետականության համար: Նրա հեռացումը միայն բոլոր հարցերի վերջակետը կդնի: Այս ցնորական գաղափարների մասին խոսելն անիմաստ եմ համարում:

- Իսկ ընդդիմությունն ի՞նչ քայլեր է հիմա անում նրան հեռացնելու ուղղությամբ: Կա՞ նոր ծրագիր:

- Ընդդիմադիրներից և առանձին անհատներից զուտ գործողություններ սպասել, երբ հարցը վերաբերում է մեր անվտանգությանը, կարծում եմ այնքան էլ իրատեսական չէ: Սա մեր բոլորի խնդիրն է: Յուրաքանչյուր քաղաքացի պետք է մտահոգվի այս ամենի համար:

- Հայաստանի սահմաններում էլ, Արցախում էլ իրավիճակը բավականին լարված է: Այս ամենի ֆոնին Փաշինյանի այսօրինակ հայտարարություններն ի՞նչ մեսիջներ են պարունակում:

- Ո՞վ է վարչապետը: Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի օրը պաշտոնապես արձակուրդում էր գտնվում: Այդ ամենը խոսում է այն մասին, որ Հայաստանում Սահմանադրություն գրելու ժամանակ խելագարության կանխավարկածով որևէ մեկը չի շարժվել: Հայաստանն ապրում է խելագար կառավարման մեդելում: