Եվս մեկը հեռացավ

Եվս մեկը հեռացավ

Հերթական բարձրաստիճան պաշտոնյան հրաժեշտ տվեց պաշտոնին՝ հանրությանը չբացատրելով հրաժարականի պատճառը։ Պետեկամուտների կոմիտեն, որը երկրի ամենալուրջ կառույցներից է, քանզի հարկային, մաքսային մարմինների աշխատանքի արդյունքում է պետբյուջեն համալրվում։ Եվ տնտեսական հանցագործությունները, թաքցված հարկերը ՊԵԿ-ն է հայտնաբերում։ Կառույցն այժմ ղեկավար չունի՝ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը երեկ աշխատանքից ազատվելու դիմում գրեց։ Գնաց հերթական պաշտոնյան, որն առնվազն աշխատանքի փորձառություն ուներ եւ այս 2 տարվա ընթացքում չէր ձախողել աշխատանքը։ Չնայած ձախողվածները մնում են՝ դիմում չեն գրում։ Կուլիսներում այս հրաժարականի մասին տարբեր բացատրություններ ու տարբերակներ են նշվում, սակայն դրանց հավաստիությունը դժվար է պարզել, ուստի միայն ընդհանուր գծերով կներկայացնենք։ Մի վարկածը վերաբերում է մաքսանենգ ծխախոտին, ադամանդին եւ մաքսայինի գծով տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի գործունեությանը։ Երկրորդ տարբերակով․ նրան պարտադրել են անօրինական քրեական գործեր հարուցել տարբեր տնտեսվարողների նկատմամբ՝ հարկերը եւ եկամուտները թաքցնելու մեղադրանքներով, ինչին Անանյանը որոշել է մասնակից չդառնալ։ Երրորդ վարկածով, վարչարարության եւ այլ հարցերում տարբեր կարծիքներ են եղել, մասնավորապես՝ քովիդի հետ կապված աջակցության ծրագրերի ուղղվածության հետ ՊԵԿ նախագահը համաձայն չի եղել։ Բայց անգամ պատճառը կարեւոր չէ։ Կարեւորն այն է, որ քիչ թե շատ պրոֆեսիոնալները չեն կարողանում աշխատել այս կառավարության կազմում եւ այս վարչապետի ղեկավարության ներքո։ Եթե արտակարգ դրության պայմաններում անգամ նման պատասխանատու պաշտոնյան դիմում է գրում, ուրեմն նա լուրջ պատճառներ ունի։ Մանավանդ՝ հեռացողներին սիրում են «դավաճան» պիտակը կպցնել։