Հայկական խաչմերուկ

Հայկական խաչմերուկ

Մեկ-երկու օր առաջ զարմանալի երևույթ էի նկատել՝ թուրքական լրատվամիջոցներին տված վերջին հարցազրույցում Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը մատ թափ չէր տալիս Հայաստանի վրա: Ինչը սովորաբար արվում էր նրա կողմից ԱԳ նախարար նշանակվելու պահից: Ընդամենը Հայաստանին հորդորում էր չկորցնել տարածաշրջանային համագործակցության հնարավորությունը: Ինչը կյանքի կկոչվի, եթե, նրա խոսքերով ասած, Հայաստանը չձգձգի «Զանգեզուրի միջանցքի շուրջ պայմանավորվածությունների կատարումը»: Հետո էլ ավելացրել էր, որ Նախիջևանի հետ տրանսպորտային հաղորդակցություն հաստատելու առումով իրենք ունեն այլընտրանքային հաղորդակցություն: Ասել էր, որ այդ նպատակով արդեն մեկնարկել է Արաքս գետի վրայով առաջին կամրջի շինարարությունը: Այդ հաղորդագրությունը մի քիչ անհասկանալի էր. որպես հաղթանակած երկիր անընդհատ խոսում են «Զանգեզուրի միջանցք» տրամադրելու անհրաժեշտությունից, իսկ հիմա, չգիտես ինչու, ասվում է, որ յոլա կգնան առանց դրա: Իսկ այդ միջանցքն էլ ուզում են, որպեսզի Հայաստանը պարզապես դուրս չմնա այդ գործընթացից: Մի խոսքով, մեզ լավություն են ուզում անել: Հետո հիշեցի պարտված երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հերթական անհեթեթությունը՝ «հայկական խաչմերուկը», ու ամեն ինչ ընկավ իր տեղը: Փաստորեն, եթե Փաշինյան Նիկոլը ցանկանում է կյանքի կոչել իր հնարած հեքիաթը՝ իսկ մեր այսօրվա պայմաններում «հայկական խաչմերուկն» ուղղակի հեքիաթ է, ապա պետք է օգտվի Ադրբեջանի կողմից Հայաստանին ընձեռնված հնարավորությունից: Այսպես երեկվա ագրեսորը փորձում է միջազգային հանրություն կոչվածի աչքին երևալ դրական կողմից: Հատկապես որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում Լաչինի միջանցքից բացի այլ միջանցքի հիշատակում գոյություն չունի: Ինչը, բնականաբար, սեփական աչքերով տեսնում է նաև Ադրբեջանի ղեկավարությունը: 

Իսկ որ «հայկական խաչմերուկը» հեքիաթ է՝ դրանում կասկած լինել չի կարող: Պետք է ընդամենը ոչ նիկոլական հայացքով դիտարկել, ինչպես ասվեց, մեր այսօրվա իրականությունը: Պետք է բացել նաև Անդրկովկասի քարտեզը և ուսումնասիրել Երևանից Նախիջևանի վրայով, այնուհետև Արաքսի ափերով և վերջում Բաքվի վրայով դեպի հյուսիս, իմա՝ Ռուսաստան երկաթգծի երթուղին: Եվ համեմատել այն նախորդ դարի 70-ականների սկզբին կառուցված և 20 տարի շահագործվող «Երևան-Իջևան-Աղստաֆա (Ադրբեջան)» և այնուհետև Մոսկվա գնացող գծի հետ: Դա կրկին խաչմերուկ չէր լինի, բայց դրանով բեռների տեղափոխումը շատ ավելի կարճ կտևեր և ավելի էժան կնստեր, քան Նիկոլի պատկերացրած տարբերակում: Գումարած, որ դրա գործարկումն ավելի էժան կնստեր, քան դեպի հարավ գնացող երկաթգծի դեպքում: Իսկ եթե ասվի, որ հարավայինն անհրաժեշտ է Իրանի հետ երկաթգծային կապ հաստատելու նպատակով, ապա քանի դեռ Հայաստանը խաղաղություն է մուրալու՝ լինելով խեղճ ու ռազմականապես թույլ, այն էլ՝ Նիկոլի իշխանության ներքո, այդ ուղղությունը մեզ համար միայն խնդիրներ է հարուցելու: Քանի որ այդ պայմաններում Ադրբեջանի հետ մշտական խաղաղության մասին կարող է երազել միայն աշխարհից բան չհասկացող մեկը: Եթե, իհարկե, վերջինս մտածում է պետության շահերի և ոչ թե սեփական իշխանությունը պահպանելու մասին:

Ի դեպ, վերադառնալով «Երևան-Իջևան-Աղստաֆա (Ադրբեջան)» գծին, արձանագրենք. Նիկոլն ինչ իմանա, որ Չինաստանում, օրինակ, արդեն գործող ճանապարհը 2-3 ժամով կրճատելու նպատակով բազմամիլիարդ (դոլարային) ներդրումներ են կատարվում՝ կառուցելով հսկայական չափերի կամուրջներ: Մտածելով վաղվա օրվա մասին՝ կառուցում են բնակելի բազմահարկեր՝ անհրաժեշտության սեպքում մարդկանց տեղավորելու համար: Միաժամանակ զարգացնում են գիտությունը և ապահովում երկրի անվտանգությունը՝ զարկ տալով ռազմական արդյունաբերության և բանակի զարգացմանը: Բայց դա իմանալու համար պետք էր ընտանեկան օրաթերթում ոչ թե շաբաթը մեկ բանանի և շաքարավազի գների վերաբերյալ հոդվածներ հանձնարարեր, այլ հետևեր խեղճությունից ու աղքատությունից ազատվելու ահռելի ջանքեր գործադրող Չինաստանի օրինակին: Ու երևի մի բան կսովորեր: Եվ ոչ թե պետք էր Միքայել Մինասյանի նոր ծնված երեխայի ոսկե ծծակի վերաբերյալ նյութ հորիներ՝ Մինասյանից գումար շորթելու նպատակով՝ ինչպես մեկ տարի առաջ խոստովանեց վերջինս, այլ հետևեր գոնե մեր տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին: Եվ կտեսներ, թե ինչպես են տնտեսապես ու ռազմական առումով հզորանում մեզ թշնամի հարևանները՝ արևելքից ու արևմուտքից: 

Ես չեմ խոսում Արցախից կամ ավելի ճիշտ՝ Ստեփանակարտի հանրահավաքում հիտլերյան ոգով ելույթից ու «Արցախը Հայաստան է՝ և վերջ» բացականչությունից: Չեմ խոսում մի քանի հազար զոհի գնով Արցախը թշնամուն հանձնելու գաղափարից, որ բարձրաձայնեց լրագրող Նաիրի Հոխիկյանը: Չեմ խոսում 2008-2009 թվականներին ընտանեկան օրաթերթում պարբերաբար լույս տեսնող «ճամփորդական նոթերի» մասին, որտեղ արտահայտվել էր մասը (Արցախը) հանձնելու գնով ամբողջը (Հայաստանի Հանրապետությունը) պահպանելու անհրաժեշտության մասին: Ինչը և իրագործեց 44-օրյա ողբերգական պատերազմում: Ես չեմ խոսում այդ դրույթը կենսագործելու՝ պատերազմը գիտակցորեն դեպի պարտություն տանելու արդյունքում առաջացած՝ Հայաստանի Հանրապետության կորստյան հավանականության մասին: Ես ընդամենը տեսնում եմ, թե արցախցին ինչ ցանկություն է դրսևորում պահպանելու իր հայրենիքի մնացած հատվածը, սակայն ինչպես է խեղճանում՝ թիկունքին չզգալով Հայաստանի քաջալերող շունչը: Ես տեսնում եմ, թե ինչպես է ձմռան ցրտին կամ ամռան տապին վրանում մի կերպ պատսպարված 18-20-ամյա պատանին պահպանում Հայաստանի սահմանները՝ չունենալով համապատասխան հնարավորություններ: Եվ իր թիկունքին չզգալով Հայաստանի ղեկավարության քաջալերող շունչը:

Հ. Գ. Այսօր Հայ առաքելական եկեղեցին տոնում է Աստվածածնի Վերափոխման տոնը: Պատարագի ավարտին հետևում է Խաղողօրհնեքի արարողությունը:

Հ. Գ. 2 Այսօր Երևանու «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, հոդված գրելու պահին կար 2 զոհ, 60 վիրավոր: